«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բռնության կոչերը քրեականացնելու նախագիծ է պատրաստում, մտածում է, որ որոշ դեպքերում պատժի միջոցը պետք է պարտադիր կալանքը լինի:
-Ձեր պատկերացումները բռնության մասին ինչպիսի՞ն են, պետք է միայն հայտարարեն, թե կսպանենք, կմորթե՞նք, որ պատժվեն:
– Նախագծում որոշակի կտանք սահմանումը, բացի այդ՝ հետագայում եթե լինեն դատական գործընթացներ, դատավորներն էլ իրենց դիրքորոշումները կարտահայտեն, եւ հնարավոր է նաեւ լինեն վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, որոնք ավելի կորոշակիացնեն սահմանումը։
– Հիմա, օրինակ, ասֆալտին փռել, պատերին ծեփել, հակահեղափոխականներին ջարդել-փշրել՝ այսօրինակ կոչերը բռնության քարո՞զ են, թե՞ ոչ, ու չունե՞ք մտահոգություն, որ Ձեր նախաձեռնության շահառուները կլինեն հենց ձեր իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ։
Կարդացեք նաև
– Ոչ, իմ կարծիքով, բռնության կոչեր չեն։ Դրանց հիմքում ընկած են հանցավոր արարքների մեջ մեղադրվող անձանց նախազգուշացումներ, որ հանցանքը շարունակելու, կատարելու եւ հակաիրավական այլ արարքներ թույլ տալու դեպքում կարող են վրա հասնել նման գործողություններ։
– Էական չէ, թե ինչի համար է ասվում, ըստ էության՝ բռնության կոչե՞ր են, թ՞ե ոչ։ Բոլորն այսպես կարող են արդարացնել իրենց հայտարարությունները։
– Բոլորս հասկանում ենք, որ պատերին ծեփելը, ասֆալտին փռելը փոխաբերական իմաստով է, եւ ծեփելը նշանակում է, որ կհայտնվի քրեաիրավական դաշտում, պատասխանատվություն կկրի, ասֆալտին փռելն էլ կարող ենք նույնականացնել ոստիկանական գործողության հետ եւ այլն… Այս կոչերի հիմքում ընկած է իրավապահ մարմինների գործողությունների տեսարանը։
– Դուք համաձայն չե՞ք, որ իշխանությունների՝ բռնության քարոզն է հակազդեցության դաշտ ձեւավորել, երթ վարչապետի մակարդակով սպառնում են ծեփել պատերին, ուրեմն կգտնվի շարքային քաղաքացի, որ նույնը կանի, մի դեպքում դա բռնության կոչ չի համարվի, մյուս դեպքում կդիտարկվի։
– Հակառակը կպնդեմ։ Հեղափոխության ընթացքում աննախադեպ իրադարձություններ տեղի ունեցան՝ զոհեր չեղան, բռնություն չկիրառվեց, ներկայումս էլ այդ թավշյա տրամադրությունը շարունակվում է: Իշխանությունը կարող է իր իրավունքի սահմաններում ավելի կոպիտ միջոցներ կիրառել: Այսօր մեր ընտրողները մեզ մեղադրում են նրանում, որ միջոցները կտրուկ չեն, կոպիտ չեն:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում