Քաղաքական, պետական գործիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ այսօր հայկական երկու պետականությունների միայն թուլացման քայլեր է տեսնում, որոնք, ըստ նրա, վտանգավոր զարգացումների են բերելու։
-Անկախության այս տարիների ընթացքում հայ հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել, ազգային արժեքները սասանող քայլերն այսքան մեծ չափերի չեն հասել, հայաստանցի-արցախցի բաժանումն այսչափ վտանգավոր չի եղել։ Այս զարգացումներն ինչի՞ մասին են հուշում։
-Ցանկացած նոր իշխանություն փորձում է հասարակության երկփեղկվածությունը վերացնել, իսկ այս իշխանությունն առաջին իսկ օրից արել է հակառակը։ Երբ անցյալ տարվա ապրիլին իշխանազավթում դեռ չէր եղել, մի քանի քաղաքական գործիչների շրջանակում հայտարարել եմ, որ Հայաստանում կա մի զանգված, որն Արցախը համարում է թշնամի, Հայաստանի վզից կախված քար։ Հայաստանի պատմության ընթացքում երբեք չի եղել այսպիսի անհանդուրժող իշխանություն։ Այս անցումային արդարադատություն` վեթինգ, կոչվածով էլ ուղղակի պետական կառույցներն են քանդում։ Հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքար, բայց իրականում այդպիսի բան չկա։ Ավելին, այս իշխանությունը լավ էլ կոռումպացված է, իսկ մենիշխանություն հաստատելու, քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու, իրեն չպաշտպանողներին օտարելու վարվող քաղաքականությունն ակնառու է։ Հեռու եմ այն մտքից, թե իշխանությունը չգիտակցված է այս ամենն իրականացնում, շատ լավ էլ հասկանում է, սա ծրագրավորված քաղաքականություն է, որը Փաշինյանն իրականացնում է։ Հայաստանում մեկ անձի իշխանություն է և դատարանների վրա հարձակումը նպատակ ուներ այդ մենիշխանությունը տարածել նաև իշխանության այդ թևի վրա։ Այս պատասխանատվությունը ոչ միայն Փաշինյանն է կրելու, այլև իրավապահ համակարգի ղեկավարները, որոնց ուղղակի պարտականությունն էր ապահովել դատական իշխանության բնականոն և անխափան գործունեությունը, մինչդեռ նրանք հանցավոր անգործությամբ նպաստեցին այդ հակաօրինական գործողություններին։ Այսօր ապրում ենք անկախության տարիների ամենավտանգավոր շրջանում, երբ մեծ վտանգներ կան և՛ մեր պետականության, և՛ Արցախի հարցում։ Ցավոք, այս վտանգը ոչ թե դրսից է, այլ ներսից։ Ի դեպ, երբևէ Հայաստանի ոչ մի ղեկավար այսքան մեծ ու անձնական իշխանություն չի ունեցել։
-Դուք նշեցիք Փաշինյանի վտանգավոր հայտարարություններից մեկը` տարածքները հանձնելու մասին։ Մյուս աղմկահարույց հայտարարությունն էլ հնչեց Իրանում օտարերկրյա գործակալների մասին։ Այս հայտարարությունները մինչ օրս օդում են թևածում։ Չպե՞տք է իրավապահ համակարգը դրանց պատշաճ անդրադառնար, անուններ բացահայտեր։
Կարդացեք նաև
-Իհարկե, համապատասխան արձագանք պետք է լիներ, բայց իրավապահներն ամբողջովին Փաշինյանին են ենթակա, նրանց աշխատանքի արդյունավետությունը շատ ցածր է։ Այսօր մենք ապրում ենք, իրենց խոսքով ասած, հեղափոխական՝ նոր Հայաստանում, որի նպատակն է թուլացնել Հայաստանի, Արցախի պետականությունը, բանակցությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները ոչնչացնել։ Ադրբեջանը չէր էլ կարող երազել այն ամենի մասին, ինչն այսօր նրան տրվել է։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ «Իրատես» թերթի այսօրվա համարում: