http://javakhkmedia.com. Բազմաթիվ ախալքալաքցիներ սոցիալական ցանցերում տարածում են տեսանյութեր, որտեղ երեւում է թե ինչպես ոստիկանության ծառայողները հարվածներ հասցնելով ծեծում են մի քանի քաղաքացու։ Քաղաքացիներից մեկը վատացել է եւ բարձր ճնշումով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Կադրերում երեւում է, թե ինչպես պարեկային ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ գործադրելով քաղաքացուն դուրս են բերում մեքենայից։
Կարդացեք նաև
Մեկ ուրիշ կադրում կինը պատմում է թե ինչպես իր 14 տարեկան զավակին ծեծում էին ոստիկանության ծառայողները։ Կադրում երեւում է թե ինչպես ոստիկանը ոտքով հարվածում է երեխային։
Ականատեսների խոսքերով միջադեպը տեղի է ունեցել, երբ պարեկային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են վարորդի, որից հետո կատարվածով հետաքրքրվելու համար կանգնել է ճանապարհով անցնող «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդ, ով եւ հետաքրքրվել է կատարվածով։ Ոստիկանները նրան հորդորել են շարունակել ճանապարհը, ինչին նա չի ենթարկվել եւ նրան բռնի ուժ գործադրելով դուրս են բերել մեքենայից։
Կատարվածի շուրջ հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ ասվում է․
«Վարորդին վարչական կարգով տուգանելու պահին մի քանի տեղի բնակիչ վարորդին աջակցելու նպատակով դիմադրություն է ցուցաբերել պարեկային ոստիկանության աշխատակիցներին: Նրանք սկզբում վիրավորական խոսքերով են դիմել իրավապահներին, իսկ այնուհետև ցուցաբերել ֆիզիկական դիմադրություն: Ոստիկանությանը դիմադրելու (ՔՕ-ի 173-րդ հոդված) և մանր խուլիգանության համար (166-րդ հոդված) ոստիկանությունն Ախալքալաքում վարչական կարգով ձերբակալել է երկու քաղաքացու: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժին»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում:
Սակայն նույն հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա սոցիալական ցանցերում տարածված կադրերի վերաբերյալ, որոնց մեջ երեւում է թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում երեխային: