Բռնության կոչերը ես լսել եւ կարդացել եմ վաղուց, եւ վերջին տարիներին, մինչեւ հեղափոխությունը, դրանք ուղղված էին երրորդ նախագահի եւ նրա շրջապատի դեմ: Ավելին՝ 2016 թվականի ամռանը մի խումբ զինված մարդիկ ակնհայտ բռնություն կիրառեցին, հարձակվեցին ՊՊԾ գնդի վրա, որի հետեւանքով եղան մարդկային զոհեր: Բայց այդ բռնությունը խիստ ողջունելի համարվեց հայ հասարակության կողմից, իսկ այսօր պաշտոնատար անձինք դրա մասին առանձնապես չեն խոսում:
Հիմա էլ ֆեյսբուքում ես ամեն օր հաշվեհարդարի կոչեր եմ կարդում՝ ուղղված նախկին իշխանավորներին եւ նրանց մերձավորներին (ոմանք կարծում են, որ «անցումային արդարադատությունը» հենց դա՛ է), եւ պաշտոնական մակարդակով դարձյալ, կարծես թե, դրանց ոչ ոք չի անդրադառնում:
Արցախի նախագահին բռնությամբ սպառնացողին էլ, որքան գիտեմ, այլեւս չեն հետապնդում: Եվ ի՞նչ եղան, ի դեպ, «Ռեսթարթի» երիտասարդները, որոնք բռնություն են կիրառել ՀՀ քաղաքացու հանդեպ՝ անկախ նրանից ում է դուր գալիս նրա գործունեությունը, ում՝ ոչ:
Այնպես որ, որոշ դեպքերում, երբ բռնության կամ բռնության սպառնալիքի թիրախը «վատ մարդիկ» են կամ «ռեժիմն» է, դա համարվում է եթե ոչ խրախուսելի, ապա բավականին նորմալ երեւույթ՝ «դե, ժողովուրդն է, 30 տարի թալանվել է, կեղեքվել է, նրա զգացմունքները պետք է հասկանալ»:
Կարդացեք նաև
Երբ Դաշնակցությունը (որն այս պահիս ընդդիմություն է) կազմակերպում է բռնությունը, ծեծը գովազդող ֆլեշմոբ՝ «հանուն ազգային արժեքների», դա նույնպես, իմ կարծիքով, խիստ դատապարտելի է, եւ նորմալ մարդիկ միանշանակ, առանց վերապահումների իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել այդ քստմնելի ակցիայի հանդեպ: Բայց քանի որ իշխանությունն ուրիշ դեպքերում լռում է, իսկ իշխանության երկրպագուները շատ դեպքերում ողջունում են «ճիշտ բռնությունը» կամ դրա կոչերը, Դաշնակցության ակցիայի հանդեպ չափից դուրս բուռն հետաքրքրությունից երկակի ստանդարտների հոտ է գալիս:
Իհարկե, եթե կան մարդկանց խմբեր, որոնք ինչ-որ հանցագործություն են հղացել, դրա համար, այդ մարդիկ, անշուշտ պետք է մեկուսացվեն հասարակությունից՝ անկախ նրանից, թե ինչ գույնի զգեստներ են հագնում: Բայց, կարծում եմ, դրա մասին չպետք է հայտնի երկրի առաջին դեմքը՝ դա պիտի անեն իրավապահները ավելի «չոր» եւ գործնական լեզվով: Քաղաքական գործչի շուրթերում այդ սպառնալիքները ձեռք են բերում քաղաքական բնույթ եւ կարող են տպավորություն թողնել «անցանկալի» մարդկանց դեմ քարոզչության:
Առավել ցավալի է, որ դավադրությունների այս ակնարկներում ինչ-որ ձեւով հայտնվում է Արցախը եւ նրա ղեկավարությունը: Չեմ ցանկանում անգամ քննարկել այդ թեման, որովհետեւ այն վտանգավոր եմ համարում:
Արամ Աբրահամյան
== Առավել ցավալի է, որ դավադրությունների այս ակնարկներում ինչ-որ ձեւով հայտնվում է Արցախը եւ նրա ղեկավարությունը: ==
Ասում եք, թե չեք ցանկանում քննարկել այդ թեման, սակայն նման ձևակերպումով արդեն գնահատական եք հնչեցնում։ Ի՞նչ է, Արցախի և նրա ղեկավարություն վրա տաբու է՞ դրված։ Ժամանակին մի պատգամավորուհի կար, կոնկրետ մարդուն սպառնում էր, ասելով՝ չփորձես մեր բանակին բան ասել, թե չէ ես քո աչքերը կհանեմ․․․ և դա ի դեպ՝ ապրիլյան պատերազմից առաջ էր, և այն ժամանակվա “ակսակալները” համարեցին, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է։
Ձեր “մտահոգությունից” կարելի է եզրակացնել, թե Բակոն, Վիտոն, կամ Գառնիկը՝ Իսագուլյան, անբասիր վարքով այնպիսի գործիչներ են, որ ջանք չեն խնայում Արցախի հասարակության շարունակական առաջընթացի և սահմանները անառիկ պահելու համար, սակայն “մի անլուրջ մարդ” համարձակվում է ինչ որ ակնարկներ անել, այն էլ՝ չեղած բաների մասին։
Խոսում եք երկակի ստանդարտներից, սակայն գրեթե հավասարության նշան եք դնում բանավոր սպառնալիքներ հնչեցնողի և բռնություն իրականացնողի միջև, այն էլ այն դեպքում, երբ բարոյական արժեքների “ջատագովների” ղեկավար կազմը շուրջ 20 տարի եղել է անբարոյականության դաշտում։
Ըստ իս՝ այս հիբրիդային “ընդվզումը” ոչ այլ ինչ է, եթե ոչ կերակրատաշտից հեռացվածների իրար հետ համաձայնեցված գռմռոց․․․
Յայտնի է որ ՀՅԴ ամէն ճիգ կը թափէ ներկայիս Արցախի մէջ գործողութիւններ տանիլ / բանակում-սկաուտութիւն-համագումար և որ ի կարգին՛ իրար խառնելով /,ուր մերձաւոր ընտրութիւններն ալ նպաստաւոր պայման կը ստեղծեն;
ՀՀ-ի մէջ ազատ , անկաշառ ընտրութիւններուն իրենց արձանագրած արդիւնքը բաւարար չեղաւ խօսարան մուտք գործելու, բնական պէտք է համարիլ որ առիթ չփախցնեն աղմուկ հանել հոն ուր ատոր կարիքը ամենեւին չկայ ;բայց ինչպէս լաւ անդրադարձած է Պ.Աբրահամեանը ,՛՛ երկակաի սդանտարտների հոտ է գալիս ՛՛.Որն է ատոր օգուտը ? ՀՅԴ -ի
դարաւոր և /բան մը աւելի անցեալը/պէտք էր իրենց ցոյց տուած ըլլար որ Պետութիւնը միայն հայրենասիրական երգերով չի կառուցուիր ;