Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի 10-20 տարի անց». կփոխի՞ Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը

Հունիս 07,2019 13:30

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մի կողմից կապ ունի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ, մյուս կողմից՝ կապ չունի: Կապ ունի այն իմաստով, որ հեղափոխություն իրականացնողները՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները, արեւմտյան հայացքների կրող են: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ էր, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ղեկավարած ԵԱՏՄ-ից: Փաշինյանի թիմում բավականին արեւմտյան հայացքներով մարդիկ կան: Այսքանով հեղափոխությունը կապված է արտաքին քաղաքական ուղղվածության հետ»,- «Առավոտի» զրուցակիցն է Վարշավայի Արեւելագիտության ինստիտուտի փորձագետ Վոյչեխ Գուռեցկին:

– Հետեւե՞լ եք հետհեղափոխական Հայաստանում իրադարձություններին. Հայաստանի նոր իշխանությունները քանիցս հայտարարել են՝ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ կամ էական փոփոխություններ չեն լինելու, այս իրավիճակում տեսնո՞ւմ եք Դուք, կա՞ հնարավորություն փոխելու Հայաստանի արտաքին քաղաքական ռուսամետ վեկտորը:

– Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մի կողմից կապ ունի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ, մյուս կողմից՝ կապ չունի: Կապ ունի այն իմաստով, որ հեղափոխություն իրականացնողները՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները, արեւմտյան հայացքների կրող են: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ էր, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ղեկավարած ԵԱՏՄ-ից: Փաշինյանի թիմում բավականին արեւմտյան հայացքներով մարդիկ կան: Այսքանով հեղափոխությունը կապված է արտաքին քաղաքական ուղղվածության հետ: Բայց, մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, ասաց, որ Հայաստանը պետք է հաշվի առնի, որ ԵԱՏՄ եւ Մաքսային միության անդամ է, ՀԱՊԿ անդամ է, որ կան պայմանագրեր: Ռուսաստանը ներկայացված է Հայաստանում տարբեր մակարդակներում՝ ռազմական, տնտեսական եւ այլն: Այս պահին Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական կուրսի փոփոխության նպատակ չի դնում եւ դա անկեղծ է անում: Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի 10-20 տարի անց: Ես կարծում եմ, այս պահին Ռուսաստանն ունի բավականին շատ գործիքներ, որ կանխի Հայաստանի հնարավոր արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության փորձերը: Փաշինյանը նման բան չի անի: Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ կխորացնի Եվրոպայի հետ հարաբերությունները. գուցե վիզաների ազատականացման բանակցություններ սկսվեն, բայց դա չի նշանակում արտաքին քաղաքականության կողմնորոշման փոփոխություն: Նման հարց չի դրվում՝ ոչ Հայաստանն է դնում, ոչ Եվրոպան:

– Արեւելյան գործընկերության վերջին գագաթաժողովում՝ մայիսի 21-ին պիտի Ադրբեջանի հետ պայմանագիր կնքվեր, սակայն չկնքվեց: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ասաց, որ դա կապ ունի Ղարաբաղյան հակամարտության հետ, քանի որ փաստաթղթում չի նշվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Դա ինչպե՞ս կազդի ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության վրա:

– Ադրբեջանը փորձում է Ղազախստանի օրինակով աշխատել: Ղազախստանի հետ կա նման պայմանագիր: Ադրբեջանը հետաքրքրված է, մասնավորաբար, էներգետիկ ծրագրերով: Այն, ինչ եղավ Արեւելյան գործընկերության վերջին գագաթաժողովում, դա սովորական քաղաքական խաղ էր, բանակցային քայլ, ցանկալի նպատակին հասնելու համար: Ադրբեջանը փորձում է հասնել իր համար շահավետ պայմանագրի:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա դա չի ազդի: Մենք արդեն սովոր ենք, որ Հարավային Կովկասը միայն մեկ աշխարհագրական տարածք է, քաղաքական առումով այն մեկ միավոր չէ: Պետք է առանձին կառուցել հարաբերությունները՝ անհատապես մոտենալ: Ադրբեջանի պահվածքը չի ազդի ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա:

– Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հարավային Կովկասում, Ձեր դիտարկումներով ռիսկ առաջացնո՞ւմ է Ղարաբաղում պատերազմի վերսկսման համար:

– Նման ռիսկ կա, քանի դեռ հաշտության համաձայնագիր կնքված չէ, խաղաղապահ ուժեր տեղակայված չեն: Կան միջադեպեր: Արդեն 25 տարի է՝ հրադադարը պահպանվում է, բայց ես չէի ասի, որ սա սառեցված հակամարտություն է, պարբերաբար միջադեպեր են լինում:

Ինչեւէ, այս պահին ոչ ոք շահագրգռված չէ պատերազմով, բոլորը դրա արդյունքում կորցնելու են: Չեմ կարծում, թե մոտ ապագայում ռազմական գործողությունները կվերսկսվեն, բայց մյուս կողմից՝ նման հնարավորությունը ամբողջությամբ բացառել չի կարելի:

– Հետեւե՞լ եք Հայաստանի վերջին իրադարձություններին, երբ վարչապետի կոչով արգելափակվեցին դատարանների դռները: Հայաստանում կարծիքներ եղան, որ այդպիսով Նիկոլ Փաշինյանը փորձում է ղեկավարել դատական համակարգը: Եվրոպան, ընդհանուր առմամբ, աջակցեց Նիկոլ Փաշինյանին: Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացները, որոնք կոչված են դատաիրավական բարեփոխումների:

– Այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, շատ վտանգավոր է, որովհետեւ ինքը երկրի ղեկավարն է: Նման կոչեր եւ քայլեր հեղափոխականներն են անում: Փաշինյանը իր համախոհներին կոչ արեց փակել դատարանների դռները. ոչ թե գրավել, փակել ժամանակավորապես: Ես չեմ կարծում, որ նա ցանկանում է կամ փորձում է ղեկավարել դատարանները: Քանի որ, երբ նա եկավ իշխանության, դադարեցին քաղաքական գործիչների զանգերն ու հրահանգները դատարաններին: Փաշինյանը ուզում է բարեփոխել դատական համակարգը: Տեսնենք՝ ինչ կստացվի:

– Այս քայլերով բարեփոխումը ինչի՞ կբերի: Փոփոխությունները սովորաբար օրենքներում եւ օրենքներով են արվում:

– Ճիշտ եք, սովորաբար այդպես է: Բայց տեսնենք:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Վարշավա-Երեւան

«Առավոտ» օրաթերթ,

06.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930