Վերջին օրերին Մոսկվան մի շարք գործողություններով ծայրահեղ անհարգալի վերաբերմունք ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Այդ գործողություններն այնքան կոշտ էին, որ անգամ ակնարկ չի կարելի կոչել, այլ ավելի շուտ թիրախավորված վիրավորանքներ էին, որոնցով այժմ անգամ Մոսկվան այս պահին կոնկրետ զիջումներ կամ գործողություններ չի պահանջում Նիկոլ Փաշինյանից, այլ պարզապես ցույց է տալիս նրա տեղը՝ իր համար տարածք նախապատրաստելով հետագա պահանջների ու նրա կողմից հետագա զիջումների համար։ Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ այժմ Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում Հայաստանը, եւ նրա նկատմամբ վերաբերմունքը ակամա դառնում է Հայաստանի նկատմամբ վերաբերմունք։
Մոսկվայի առաջին հարվածը Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնումը մերժելն էր ու նրան ժամանակավոր կեցության իրավունք տրամադրելը։ Հայաստանցի օլիգարխը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։ Ընդ որում, սա միայն Միհրան Պողոսյանի հարցը չէր, այլ հայ գործարարներին ուղղված հստակ ուղերձ՝ եկեք Ռուսաստան ու բերեք ձեր փողերը, այստեղ ե՛ւ ձեր անձը կլինի ապահով, ե՛ւ ձեր ունեցվածքը։
Իհարկե, հաջորդ լուրջ հարվածը Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում կայացած ԵԱՏՄ հերթական գագաթաժողովն էր։ Նախ, Պուտինը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց, թեեւ վերջինս նախօրոք հայտարարել էր, որ հանդիպում է պլանավորված։ Այնուհետեւ, Նուրսուլթան Նազարբաեւը շքանշաններ բաժանեց բոլոր մասնակիցներին, բայց Նիկոլ Փաշինյանին այդ պարգեւներից չհասավ։
Նիկոլ Փաշինյանի արձագանքը բավականին զգայական էր։ Նախ՝ նա հրաժարվեց պաշտոնական ճաշից, նաեւ՝ հայ համայնքի հետ հանդիպումից, հետո վերադարձավ ճաշի սեղան, հետո ինչ-որ հայ գործարարների հանդիպեց։ Ի վերջո, իհարկե, այդ նեղացվածությունը եւ էմոցիոնալ արձագանքները ոչ մի արժեք չունեցան։
Կարդացեք նաև
Մոսկվայի կողմից մյուս հարվածը հայաստանյան ընդդիմադիր գործիչ Դավիթ Շահնազարյանին ուղղված հրավերն էր՝ Միջազգային հարաբերությունների մոսկովյան ՄԳԻՄՕ ինստիտուտում ելույթ ունենալու։ Ընդհանրապես, այս հեղինակավոր ինստիտուտը միայն իշխանության ներկայացուցիչների է հրավիրում ելույթի, ընդդիմադիրին հրավիրելը արդեն իսկ Հայաստանի իշխանություններին ուղղված լուրջ ուղերձ էր։
Հայաստանի իշխանությունները օգտագործեցին իրենց հասանելի մեդիա ռեսուրսները, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հասցված բազմաթիվ հարվածներից գոնե այս մեկին կարողանան պատասխանել՝ տարածելով կեղծ լուրեր։ Իշխանական լրատվամիջոցները հերյուրանքներ տարածեցին այն մասին, որ Շահնազարյանի հրավերը կազմակերպվել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի կողմից, ինչպես նաեւ՝ թե իբր ընդդիմադիր գործիչը ռուսներին կոչ է արել միջամտել Հայաստանի ներքին գործերի մեջ։
Այս մոսկովյան հարվածներից վերջինը միակն էր, որ Հայաստանի իշխանությունները ենթադրեցին, որ կարող են պատասխանել, սակայն պատասխանեցին ֆեյք նյուզերով եւ զրպարտությամբ, այսինքն՝ այդպիսի արձագանքը կարող էր աշխատել միայն ներքին լսարանի համար։ Հայաստանի իշխանությունները խնդիրները համարժեք չեն ընկալում, նրանք այն տեսնում են միայն որպես Նիկոլ Փաշինյանի անձի դեմ հարվածներ, եւ փորձում են նրա անձը «սպիտակեցնել» նրա հետեւորդների մոտ։ Իրականում սրանք հարվածներ են Հայաստանի Հանրապետությանը՝ այն բանի պատճառով, որ Հայաստանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Հայ ժողովրդի այս ճակատագրական ընտրության պատճառով միջազգային ասպարեզում Հայաստանը թուլանում է, նրա իմիջը աղետալի անկում է ապրում, բայց իշխանությունները աշխատում են սխալ դիագնոզով եւ սխալ թիրախով, ինչը չի կարող կասեցնել այդ անկումը։
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
06.06.2019
Ձեր մեկնաբանությունները ապացուցում են, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արդյունավետ է գործում։
Հարգելի հեղինակ, ստորև տեղադրված հղումը ներկայացնում եմ Ձեզ, որպես տվյալ ժամանակահատվածի քաղաքական մեկնաբանության օրինակ։
https://www.lragir.am/2019/06/07/449758/
Ձեր մեկնաբանությունները ինչպես ձեր նկարը արտահայտում են ձեր կողմնակալ ու թունոտ մոտեցումը Նոր Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի ազգանվեր գործունեությանը