ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ յոթանասուներեքերորդ
Կարդացեք նաև
ԴՈԿՏՈՐ ՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ
Միանգամայն բնական ու տրամաբանական է, որ Ղազարյան Հայկին «Մարինոյի» մեր էս ամենօրյա հանդիպումները կհետաքրքրեն, եւ հնարավոր է, որ մեր էդ ամենօրյա իրիկնային հանդիպումների նկարագրություններս էլ են պատճառ, որ մաթեմատիկայի դոկտոր ու պրոֆեսոր Ղազարյան Հայկը շարունակի կպած մնալ իր համակարգչին՝ նաեւ էս վեպիս պատճառով, եւ Հայկն էս պահի դրությամբ ընթերցողներիցս ամենաերեւելին է ոչ միայն էն պատճառով, որ առաջին իսկ օրվանից ինտերնետով ու «Առավոտի» կայքի միջոցով է առնչվում էս վեպիս, այլեւ էն պատճառով, որ ինքն անկախ Հայաստանի պատմության մեջ միակ նախարարն է, ով կամավոր՝ իր դիմումի համաձայն է հրաժարվել իր զբաղեցրած էդ բարձրաբերձ պաշտոնից, եւ չիմացողների համար ասեմ, որ Ղազարյան Հայկը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Կրթության նախարարի պաշտոնն է զբաղեցրել, եւ չիմացողների համար նաեւ պիտի ասեմ, որ Կրթության երբեմնի նախարար Ղազարյան Հայկը, ի տարբերություն իրենց դիմումի համաձայն հրաժարական տված այլ նախարարների, իրականում իսկապես կամավոր ու իր ցանկությամբ է հրաժարվել էդ՝ այլոց համար բաղձալի պաշտոնից, եւ էս հանգամանքն էսպես վստահաբար եմ շեշտում, որովհետեւ մաթեմատիկայի դոկտոր ու պրոֆեսոր Ղազարյան Հայկին լավ եմ ճանաչում, եւ իր մաթեմատիկոս, դոկտոր ու պրոֆեսոր լինելն էլ էսքան շատ եմ նշում ու շեշտում, որովհետեւ համոզված եմ, որ իր համար էդ բաներն ավելի կարեւոր են, քան՝ Կրթության նախարարի բարձրաբերձ պաշտոնը, որի համար ուրիշներն ամեն ինչ կտային ու ամեն ինչ կզոհեին, եւ էսպես վստահաբար նշում ու շեշտում եմ, որ մաթեմատիկայի դոկտոր, պրոֆեսոր եւ Կրթության երբեմնի նախարար Ղազարյան Հայկն էս պահի դրությամբ էս վեպիս ընթերցողներից ամենաերեւելին, ամենանշանավորն ու ամենատիտղոսավորն է, որովհետեւ իսկապես էդպես եմ համոզված, եւ ընդամենը մի քանի տարի առաջ էս բանը չէի կարող ասել, որովհետեւ ընդամենը մի քանի տարի առաջ էս վեպիս ամենաճանաչված ու ամենաերեւելի ընթերցողը գեղանկարիչ Հակոբ Հակոբյանն էր, ով Աստծո ամեն շաբաթ օր կրպակից «Առավոտ» էր առնում, որպեսզի էս վեպիս հերթական հատվածը կարդա, եւ կարդալուց հետո անմիջապես զանգում ինձ ու իր կարծիքն էր հայտնում, եւ էս վեպիս մասին իր կարծիքը մշտապես դրական եւ նույնիսկ հիացական էր, մինչդեռ մաթեմատիկայի դոկտոր, պրոֆեսոր եւ Կրթության երբեմնի նախարար Ղազարյան Հայկը յուրաքանչյուր հատվածիցս հետո զանգահարում ու լիքը դիտողություններ է անում, եւ երբ իրեն հարցնում եմ՝ «որ չես հավանում, ինչի՞ ես կարդում», ինքը բավական երկար մտածելուց հետո պատասխանում ու ասում է՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածում ու ավելացնում է՝ «հո հավանելու կամ չհավանելու համար չեմ կարդում», եւ ես հարցնում եմ՝ «բա ինչի՞ համար ես կարդում», եւ մաթեմատիկայի դոկտոր, պրոֆեսոր ու Կրթության երբեմնի նախարար Ղազարյան Հայկը բավական երկար մտածելուց հետո նորից պատասխանում ու ասում է՝ «չգիտեմ»:
«Հայկական ժամանակ» վեպի քսաներորդ հատորը սկսելու կապակցությամբ հեղինակն ընթերցողից խնդրում է երկամսյա ընդմիջման հնարավորություն: