Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյան. Դատավորը, անկախ երբ է նշանակվել և որ համակարգում, պիտի ներկայացնի Սահմանադրությունը և օրենքը

Հունիս 06,2019 18:15

Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանը մի շարք կարևոր հայտարարություններ արեց դատական իշխանության և դրա հնարավոր բարեփոխումների մասին իր քաղաքական մոտեցումների վերաբերյալ։

Դատավորների վարձատրության կտրուկ բարձրացման մասին հայտարարությունն ինձ մտովի տեղափոխեց 11 տարի հետ, երբ ես որպես վճռաբեկ դատարանի նախագահ` դատական համակարգի հեղափոխական բարեփոխումների փաթեթ ներկայացրեցի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին։ Գաղափարախոսությունը հիմնված էր դատական իշխանության նկատմամբ գործադիրի ազդեցության կտրուկ սահմանափակման և դատավորների անկախության լիարժեք ապահովման վրա` դատավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացման և դատական իշխանության ֆինանսավորման բարելավման միջոցով։ Առաջարկը ներառում էր նաև մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն կտային խստացնել վերահսկողությունը դատավորների նկատմամբ` ապահովելով կոռուպցիոն ռիսկերի զսպումը և դատավորների կողմից էթիկայի կանոնների լիարժեք պահպանումը։ Ասեմ, որ դեռ այն օրերին աշխատավարձի չափի վերաբերյալ իմ առաջարկը համարժեք էր այն թվերին, որ հնչեցրեց վարչապետը որպես դատավորի հնարավոր վարձատրության չափ։ Ցավոք, բացի եզակի գործիչներից, որոնցից հատկապես կհիշատակեմ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանին, որևէ քաղաքական ուժ կամ լիդեր այս առաջարկին լուրջ մոտեցում չդրսևորեց։ Այն նույնիսկ պատշաճ չշրջանառվեց։

Թե ինչպիսի ճակատագրի արժանացավ այս փաթեթը, արդեն երևի մանրամասնելու կարիքը չկա, սակայն միարժեք էր, որ քաղաքական իշխանության համար դա օրակարգային հարց չէր, ավելին` վտանգավոր էր եղած լծակների կորստի ռիսկի տեսանկյունից։ Սա հիմնարար պատճառն էր վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում իմ հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության։

Այժմ վերադառնանք օրվա իրականություն։ Երկու բան ինձ հատկապես հուսադրեց վարչապետի մոտեցումներում. Առաջինը ընկալումն էր դատավորներին բարձր աշխատավարձ վճարելու անհրաժեշտության, երկրորդը` կոռուպցիոն բնույթի և որոշ այլ կատեգորիայի գործեր քննող դատարանի ստեղծման գաղափարը, ինչի մասին ես բարձրաձայնել էի օրեր առաջ վարչապետին ուղղված բաց նամակում:

Լի Կուան Յուն, սինգապուրյան հրաշքի հեղինակը, ասում էր. «Եթե մենք չվճարենք նախարարի պաշտոնին համապատասխան ինտելեկտ և բարոյական հատկանիշներ ունեցող մարդկանց, ապա ինչպես կարող ենք ակնկալել նրանց երկար պաշտոնավարումը, եթե նախարարական աշխատավարձը սոսկ փոքրիկ մասն է այն վարձատրության, ինչ այդ մարդիկ կարող են ստանալ մասնավոր հատվածում»։ Բնականաբար, այդ մարդիկ կամ կհեռանան, կամ, ինչն ավելի վատ է, պետական ռեսուսի հաշվին կսկսեն «վերականգնել արդարությունը»։ Սա կոռուպցիայի հիմքն է։

Այս ընկալումը նշմարվեց Փաշինյանի տեսակետներում, սակայն մի քանի հարցադրումներ չափազանց վիճելի են, և դրանց հանրային քննարկումը օգտակար համարելով` ցանկանում եմ որոշ հրապարակային շեշտադրումներ անել.

1. Հարցադրում այն մասին, որ հանրությունը չի ընկալի դատավորների աշխատավարձի բարձրացումը սոցիալական արդարության համատեքստում, այդ իսկ պատճառով անցումային եռամյա ժամկետում փորձել միջազգային գործընկերների աջակցությամբ, գրանտային միջոցներով լուծել հարցը.

Ամենագլխավոր խնդիրն այստեղ քաղաքական կամքի հարցն է, քանզի եթե քաղաքական լիդերը համոզված է գաղափարի ճշմարտացիության և արդյունավետության հարցում, պետք է պատրաստ լինի կայացնել ոչ պոպուլիստական (ոչ ժողովրդահաճո) որոշումներ։ Չեմ կարող չհիշել այստեղ նորագույն պատմության թարմ օրինակը մեր հարևան երկրից, երբ նախագահ Սահակաշվիլին կտրուկ և ոչ պոպուլյար ռեֆորմներ էր իրականացնում, հաճախ իր վարկանիշի և ժողովրդականության կտրուկ անկման ռիսկի հաշվառմամբ։ Բացի սա, ամենևին էական չէ, թե ինչ ճանապարհով Հայաստանի բյուջեի մաս կազմած ռեսուրսները (հարկային եկամուտներ, վարկեր թե դրամաշնորհներ) կուղղվեն որպես ծախս դատավորների աշխատավարձի բարձրացման նպատակով։ Ամեն դեպքում դա մեր պետության, ժողովրդի, հանրության միջոցներն են։

 

2. Աշխատավարձի ռեֆորմը սկսել Կոռուպցիոն գործեր քննող դատարանից, և դա որպես մոդել հետագայում տարածել ամբողջ համակարգի վրա.

Ինչպես մի ծաղկով գարուն չի գա, այնպես էլ մեկ դատարանով արդյունավետ և հանրային վստահություն վայելող դատարան չի ստեղծվի։ Ընդհակառակը, մտահոգություն կա դիսբալանս ստեղծելու համակարգում, ինչը կարող է բերել կադրային արտահոսքի և համակարգային ցնցումների։ Շատ հստակ և վճռական պետք է հայտարարվի համընդգրկուն աշխատավարձային ռեֆորմի մասին ոչ միայն դատական իշխանությունում, այլև ողջ պետական համակարգում։ Բնականաբար, այս խնդիրը ծախսային ճնշման բալանսավորման նկատառումներով պետք է իրականացնել փուլային, սակայն առաջին փուլում պետք է պարտադիր ընդգրկել դատավորներին, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, անկախ հանձնաժողովների անդամներին, հանրային ծառայության որոշ այլ առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց։

 

3. Զուտ դատական իշխանության մասով. Աշխատավարձի ռեֆորմին զուգահեռ անհրաժեշտ է մշակել և կենսագործել դատական իշխանության համապարփակ ռեֆորմ։ Աշխատավարձերի բարձրացումը, նույնիսկ վեթինգի և անցումային արդարադատության առանձին գործիքների կիրառման պայմաններում չի կարող տալ այն հնարավոր դրական արդյունքը, ինչը կարելի է ակնկալել դրանց համընթաց` դատական իշխանության կազմակերպման և դատարանների անկախության ու արդյունավետ գործունեության սահմանադրական հիմքերը շտկելու և կատարելագործելու նպատակային ռեֆորմ իրականացնելով։

 

Հովհաննես Մանուկյան

Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

 

P.S. Դատական իշխանության ցանկացած ողջամիտ ռեֆորմ հանրության և հիմնական քաղաքական ուժերի կողմից կողջունվի, և հուսով եմ գործընթացները կգնան ճիշտ հունով։ Սակայն մի բանից պետք է զգուշանալ։ Վստահ եմ, որ վարչապետի մտահոգությունն անկեղծ է, երբ նա խոսում է դատարանների խնդիրներից, քանզի նրանից որևէ ջանք չէր պահանջվում իշխանության գալուց անմիջապես հետո վերահսկողություն հաստատել դատարանների նկատմամբ։ Մարդը չարեց դա գիտակցված, սկզբունքորեն։ Գնահատելի քայլ է, քանզի քիչ գործիչներ կամավոր կհրաժարվեին նման իշխանությունից։ Բայց խնդիր ախտորոշելու և բարեփոխում սկսելու հիմնավորումը, թե «… գործադիրն ու օրենսդիրը ներկայացնում են ժողովրդին, իսկ ու՞մ են ներկայացնում դատավորները…», ծայրահեղ վտանգավոր է։ Եթե ամեն համապետական ընտրությունից հետո հանրության մեծամասնության քվեն ստացած և կառավարություն ձևավորած քաղաքական ուժը շրջվի դեպի դատական իշխանություն և հարցնի թե. «Իսկ դուք ու՞մ եք ներկայացնում», շատ հեռուն կգնանք…

Դատավորը, անկախ երբ է նշանակվել և որ համակարգում, պիտի ներկայացնի Սահմանադրությունը և օրենքը, հակառակ պարագայում մեր իրավական համակարգը կհայտնվի անորոշության քաոսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930