Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն արեց: Նա ասաց, որ երկրում մեկ տարի առաջ տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որոշ ուժեր, այդ թվում նաեւ՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ կապեր ունեցողները, փորձեցին քաղաքական գործունեություն ծավալել։ Ըստ վարչապետի, այս մեկ տարվա փորձերից ու գործունեությունից հետո այդ ուժերը վերջնականորեն հասկացան՝ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում։
Փաշինյանը նշեց՝ վերջին շրջանում տեսնում են, որ ըստ ամենայնի, քաղաքական որեւէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ հուսահատ որոշ շրջանակներ որոշել են Հայաստանի հանրապետությունում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։
Վարչապետի դիտարկմամբ ՝ տեղի են ունենում կազմակերպված ցույցեր, որոնց հիմնական ասելիքն է՝ իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել. «Եվ այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է կրում։ Եվ նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է, այսպես ասած, սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել եւ այլն։ Այս ամենի համատեքստում ես ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը եւ որտեղ տեղի են ունենում բռնության կոչ, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա»:
Փաշինյանն ասաց՝ իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երեւույթներին.«Սկսած նրանից, որ Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթեւեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ու «ճռիկներ» անել, ավտոմեքենաները վարել մայթերով։ Այս ամենը որոշակի նպատակով է արվում, որպեսզի ցույց տան, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն եւ չկա իրավակարգ կամ իրավակարգը թույլ է»։
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց, որ նման դեպքերում ոստիկանությունն ու իրավապահ համակարգը նման երեւույթներին ոչ թե պետք է վերաբերեն երթեւեկության կանոնների խախտման, քանի որ դրանք ուղղակի երթեւեկության կանոնների խախտում չեն, այլ՝ բացարձակ արհամարհանք հանրության, օրինականության, պետական կարգի նկատմամբ, եւ բոլոր այս դեպքերով պետք է զբաղվեն ոչ միայն Ճանապարհային ոստիկանությունը, այլեւ հասարակական կարգով ու անվտանգությամբ զբաղվող ուժերը:
Ըստ Փաշինյանի, նման վարքագծով հանդես եկող ցանկացած անձ պետք է փոշմանի իր արարքի համար։
Այսօր առավոտյան այս մասին Փաշինյանը խոսել է ոստիկանապետի հետ, տվել է հանձնարարականներ:
Վարչապետի խոսքով՝ «Ինչ վերաբերում է սեւազգեստ խմբերին, դրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել եւ վառ ծաղիկներով ճանապարհել բնականոն քաղաքակիրթ ու օրինական կյանք:
Բռնության քարոզի համար հաջորդ անգամ բերանները բացելուց առաջ պետք է մարդիկ տասը անգամ մտածեն։ Եթե տասը անգամ մտածելուց հետո գնան նման գործողությունների, ուրեմն տասը անգամ խիստ պետք է հակահարված ստանան։ Եվ այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, պետք է լինի երկաթյա»։
Վարչապետը հանձնարարեց ձեւավորել օպերատիվ խումբ, որը քաղաքացիների ահազանգերին սովորականից ավելի արագ կարձագանքի։
Վարչապետի ելույթից հետո ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեցին՝ խնդիրը պարզ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ