Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տխուր է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարները սկսել են շփվել ու միմյանց հակադարձել լրագրողների միջոցով. «Ժամանակ»

Հունիս 06,2019 11:32

Ինչո՞ւ Փաշինյանն այս պահին արեց այդ բացահայտումը, արդյո՞ք պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունները հասել են չհասկացվածության, նույնիսկ հակադրության այնպիսի մակարդակի, որ այլևս կնճիռները հնարավոր չէ հաղթահարել երկխոսության հարթակում կամ աշխատանքային կարգով։ Մյուս կողմից դժվար է ասել՝ այս բացահայտումով ո՞ւմ էր թիրախավորում Փաշինյանը՝ քրեաօլիգարխիայի՞ն՝ Սերժ Սարգսյանի դեմքով, թե՞ Արցախի այսօրվա իշխանություններին։

Ամեն դեպքում՝ Փաշինյանին հակադարձողը եղել է հենց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Վերջինս բավականին օպերատիվ է արձագանքել Նիկոլ Փաշինյանին՝ նրա ճեպազրույցից մի քանի ժամ անց հարցազրույց տալով «Արցախպրեսին»։

Կարճ հարցազրույցում Սահակյանը, մեծ հաշվով, հակադարձել է Փաշինյանին, մասնավորապես՝ հասկացնելով, որ Արցախի իշխանությունը «պարտք» չէ Փաշինյանին։ «Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ, մեր հերթին, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»,- ասել է Սահակյանը:

Արցախի նախագահի ասածի տողատակը նույնպես ակնհայտ է՝ նա ակնարկում է, որ Հայաստանի նախկին նախագահն իրեն ավելի է վստահել, քան Սահակյանին՝ տրամադրելով փաստաթղթեր, որոնք հասու չեն Փաշինյանին։

Սակայն Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանին հակադրվել է ավելի գլոբալ հարթության վրա։ «Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Եթե դիվանագիտական այս ձևակերպումները փոխակերպենք հանրամատչելի լեզվի, ապա Արցախի նախագահն ակնարկում է, որ Փաշինյանը «մութ սենյակում սև կատու է փնտրում»։

Մի հարցում Արցախի նախագահի հետ չհամաձայնել հնարավոր չէ՝ երկու հայկական պետությունների հարաբերությունները չի կարելի կառուցել դավադրական տեսությունների հենքով։ Ի վերջո, դա կարող է բերել լուրջ ճգնաժամի։ Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է հաշվի նստել Ստեփանակերտի հետ՝ Արցախում չփնտրելով «յուրայինների» ու «օտարների»։ Մյուս կողմից՝ եթե Բակո Սահակյանը չի ուզում, որպեսզի Արցախը «խուրդվի» Հայաստանի ներքաղաքական օրակարգում, ապա պետք է ձեռնպահ մնա այդպիսի քայլերից, որոնք նրա իշխանությունը դարձնում են երևանյան քաղաքական հակադրության կողմ։

Իսկ առհասարակ՝ տխուր է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարները սկսել են շփվել ու միմյանց հակադարձել լրագրողների միջոցով, ինչը բնավ էլ չի խոսում երկու իշխանությունների պետական մտածողության մասին։

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930