Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե վախենալու բան չունեն, թաքցնելու բան չունեն, ուրեմն կգան, մեր հարցերին կպատասխանեն»

Հունիս 06,2019 15:00

«Իմ քայլի» պատգամավորները պարզաբանում են, թե ինչու չեն ծառայել բանակում եւ ապրիլյան պատերազմի հետ առնչվող նախկին պաշտոնյաներին հրավիրում ԱԺ

Երեկ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջապես բացեց փակագծերը, թե ինչ հարցեր է քննելու այդ հանձնաժողովը, որ պաշտոնյաներին ու նախկին պաշտոնյաներին է հրավիրելու նիստերին:

Այս հանձնաժողովի հետ կապված մի շարք հարցեր էին առաջացել, հնչում էին տեսակետներ, թե այն կվնասի բանակին: Դրան զուգահեռ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ապրիլյան պատերազմի ժամանակ պաշտոնավարում էր, հայտարարել էր՝ «Ես միայն կարող եմ ասել, որ մի մեծ, խորը վերլուծություն կա պաշտպանության նախարարությունում: Իմ ժամանակ ես արել եմ: Ես հիմար կլինեի, որ դա չանեի… Դա պետք է անել ՊՆ-ում եւ գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»:

Իրականում այդ հանձնաժողովում բանակում չծառայած երկու պատգամավոր կա՝ «Իմ քայլը» խմբակցությունից Տիգրան Կարապետյանը եւ Քրիստինե Պողոսյանը: «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Կարապետյանը Օհանյանի քննադատոււթյանն այսպես արձագանքեց. «Հաշվի առնելով Սեյրան Օհանյանի անցած մարտական ուղին եւ նրա ավանդը մեր ազգային բանակում, ես կոշտ չեմ պատասխանի Սեյրան Օհանյանին, բայց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները չեն ստացել մարդիկ: Եթե ՊՆ-ում կան փաստաթղթեր, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունում կա հարուցված քրգործ, մենք այդ բոլոր փաստաթղթերից օգտվելու ենք: Ինչ վերաբերում է բանակում չծառայած լինելուն, գիտեք, կան բազմաթիվ հարցեր, որոնք բանակում ծառայած լինելը կապ չունի: Մեր հանձնաժողովում նստած են մարդիկ, որոնք հասկանում են հարցի կարեւորությունը եւ ամենայն պատասխանատվությամբ մենք կատարելու ենք մեր վրա դրված պարտականությունը: Հարգելով Սեյրան Օհանյանի անցած մարտական ուղին, ես չեմ ընդունում մեր հասցեին հնչեցրած իր մեղադրանքները: Կաշխատենք, հասարակությունը կդատի»: Հարցին՝ դա ձեզ չի՞ կաշկանդում, որ բանակում չեք ծառայել եւ այդ հարցը պետք է քննեք՝ գործարար պատգամավորը պատասխանեց. «Չի կաշկանդում, հիմա ես չեմ ուզում խոսել իմ մասին, ասել, թե ինչով եմ ես զբաղվել 15 տարի: Ամեն դեպքում ես վստահ եմ իմ ուժերի վրա եւ վստահ եմ, որ օգտակար եմ լինելու հանձնաժողովում»:
Հարցրեցինք՝ բանակում ձեր չծառայելն ինչո՞վ է պայմանավորված եղել՝ Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Իմ ընտանեկան պայմաններով, իմ երկրորդ երեխայի ծնունդով: Հանգամանքներով պայմանավորված՝ ես չեմ ծառայել բանակում, բայց իմ կյանքի մեծ մասն անցել է ռազմարդյունաբերության մեջ: Հավատացեք, երբ խոսում են բանակի մասին, ես հասկանում եմ ինչի մասին է խոսքը»:

Պատգամավորն ասաց, որ ապրիլյան պատերազմի օրերին՝ ապրիլի 3-ից Արցախում է եղել ու իր մոտ էլ հարցեր են առաջացել: Թե կոնկրետ ի՞նչ հարցերի մասին է խոսքը, Կարեն Կարապետյանն ասաց՝ դիզվառելիքի խնդրի մասին: Դա նկատե՞լ եք, թե՞ չեք նկատել՝ Կարապետյանը պատասխանեց. «Ինձ համար ամենակարեւորը սպառազինության հետ կապված խնդիրներն էր, որովհետեւ ես այդ ոլորտում եմ աշխատել: Այստեղ նույնպես ինձ համար խնդիրներ կային որոշակի, անհասկանալի: Բայց հիմա ԱԺ պատգամավորի մանդատով եւ նաեւ հանձնաժողովի անդամ լինելու հանգամանքով ես կաշկանդված եմ, որպեսզի սեփական դիրքորոշում ասեմ: Մենք պիտի լինենք չափազանց օբյեկտիվ ու այն մեղադրանքները, թե սա լինելու է պատժիչ հանձնաժողով, մենք պիտի փորձենք հեռանալ դրանից: Սա չափազանց զգայուն ու կարեւոր խնդիր է»: Հարցին՝ ՊՆ փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ արվեց, դա արդեն ազդա՞կ էր, որ այդտեղ խնդիրներ են եղել իսկապես եւ բավարա՞ր էր նրա պաշտոնանկությունը՝ Կարապետյանը պատասխանեց. «Պաշտպանական համակարգը ընդհանրապես շատ բարդ մեխանիզմ է, որտեղ որոշումների կայացում եւ այլն, դա մեկ անձով չի պայմանավորված, պատասխանատվությունը հետեւաբար կրում են տարբեր մակարդակներում տարբեր պաշտոնյաներ»:

Քրիստինե Պողոսյանը մեզ հետ զրույցում արձագանքելով Սեյրան Օհանյանի քննադատությանը, ասաց. «Եթե քննիչ հանձնաժողովը կարիք կունենա անդրադառնալ Սեյրան Օհանյանի արած հետազոտությանը, անպայման իրեն էլ կհրավիրենք, կներգրավենք: Ցանկացած մարդ, ում անհրաժեշտությունը կգտնեն Քննիչ հանձնաժողովում լսել, անպայման կգա, կլսենք: Մեր նիստերը լինելու են դռնփակ, մենք բոլորս ունենք անվտանգության գաղտնիքների հետ առնչվելու իրավունք եւ ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Եթե ինչ-որ մեկը թաքցնելու ոչինչ չունի, ինքը անհանգստանալու բան էլ չունի»: Ինչ վերաբերում է իր՝ բանակում ծառայած չլինելուն՝ Քրիստինե Պողոսյանն ասաց. «Ես 2016-ի ապրիլին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորների խմբում առաջիններից եմ եղել, որ ներգրավվել եմ, զորավարժություն եմ անցել ամբողջական: Եթե ինչ-որ մեկը խնդիր է տեսնում իմ ծառայելու հետ կապված, թող նախաձեռնի նաեւ կանանց ծառայությունը ավելացնել ու դարձնել պարտադիր: Ես մեծ հաճույքով եւ առաջինը կլինեմ այն մարդկանցից, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայելու: Եթե իմ չծառայած լինելն անհանգստացնում է որեւէ հարցին առնչվելուն, թող չանհանգստանան, մեր հանձնաժողովի մնացած տասը անդամները բավական կոմպետենտ են»:

Մենք հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ իրեն ապրիլյան պատերազմի հետ կապված ի՞նչ հարցեր են հուզում, ո՞ր հարցերի պատասխաններն է ուզում ստանալ: Նա պատասխանեց. «Օրինակ, ի՞նչ տեղեկատվություններ, օրվա իշխանությունը հարձակման մասին, հետախուզությունը իմացե՞լ է, չի՞ իմացել, զեկուցվե՞լ է, ո՞ր մասն են զեկուցել, ո՞ր մասը չեն զեկուցել, արդյոք համապատասխան քայլեր ձեռնարկե՞լ են, թե՞ոչ: Հաջորդը հետաքրքրում է՝ տեխնիկայի եւ վառելիքի, փամփուշտների հարցը: Բազմաթիվ հարցեր կան, որ մենք համոզված ենք, պատասխանները կստանանք, մնացածն արդեն իրավապահ մարմինները կզբաղվեն»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ, այն մարդիկ, ովքեր պատասխանատու պաշտոններում էին, այլեւս չեն պաշտոնավարում ու հարցին, թե ի՞նչ լծակ ունի հանձնաժողովը նախկին պաշտոնյաներին հրավիրելու նիստի, որ պատասխանեն իրենց հարցերին՝ Խաչատրյանը պատասխանեց. «Եթե ազնիվ են եղել, վստահ եմ, կգան ու բոլոր հարցերին կպատասխանեն՝ իրենց ցանկությամբ: Եթե չգան, ուրեմն ինչ-որ մի բան այնպես չի եղել, վախենալու բան ունեն, թաքցնելու բան ունեն: Եթե վախենալու բան չունեն, թաքցնելու բան չունեն, ուրեմն կգան, մեր հարցերին էլ կպատասխանեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

05.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930