Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Ալիեւ «կառուցողականության» պատը փլվեց

Հունիս 06,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Ալիեւը հավատարիմ է մնում սահմանային լարվածության նախաձեռնողի եւ միջնորդներին հակադրվելու քաղաքականությանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը նշանավորվեց նրանով, որ հունիսի 1-ին հայկական կողմը զինծառայողի զոհ ունեցավ: Բաքուն, փաստացի, ապացուցում է, որ մնում է հավատարիմ նախորդ տարիների որդեգրած իր քաղաքականությանը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը դեռ չավարտված՝ հայտարարություն տարածեց, որում հայկական կողմին մեղադրում էր ադրբեջանցի զինծառայողի սպանության մեջ, եզրակացնելով, որ հայկական կողմի կոչերը խաղաղության մթնոլորտի կառուցման մասին կեղծ են, եւ իրականում Հայաստանը ցանկանում է խաթարել բանակցությունները։ Արցախը կտրականապես հերքեց զինծառայողի սպանության մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը:

Բաքվի քաղաքականությունը պարզ էր՝ սահմանային լարվածության պատրանք ստեղծելով՝ դիմել «պատասխան» գործողությունների: Մինչդեռ պաշտոնական Երեւանը մայիսի 31-ին հանդես եկավ պարզաբանող հայտարարությամբ: Հայաստանը եւ Արցախը հավատարիմ են իրենց հանձնառություններին, շեշտեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«…Ճիշտ կլիներ, որ մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ադրբեջանական կողմը իրականացներ ներքին հետաքննություն ենթադրյալ միջադեպի վերաբերյալ` իրականությունը պարզելու նպատակով», – ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: Հավելելով, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի առկայության պարագայում հնարավոր չէր լինի ապատեղեկատվություն տարածել հրադադարի խախտումների մասին, Աննա Նաղդալյանն ասել էր. «Հատկանշական է, որ հենց ադրբեջանական կողմի մերժման պատճառով այդ մեխանիզմը մինչ օրս չի ստեղծվել։ Ստեղծված իրավիճակում ընդգծում ենք հրադադարի ամրապնդման, այդ թվում՝ հետաքննող մեխանիզմ ստեղծելու 2016թ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարեւորությունը»։ «Ուշագրավ է նաեւ, որ զինծառայողի սպանության մեջ հայկական կողմին մեղադրող լուրեր Բաքուն տարածում է համանախագահների՝ տարածաշրջանում գտնվելու օրերին։ Սա բանակցային գործընթացը խաթարելու եւ համանախագահների կողմից նախանշված առաջիկա հանդիպումը ձախողելու փորձ է,-նկատել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ հավելելով,-նման կեղծ լուրեր տարածելով Բաքուն փորձում է իր ապակառուցողական քաղաքականության մեղքը բարդել բանակցային մյուս կողմերի` Հայաստանի ու Արցախի վրա։ Այն ցույց է տալիս, թե որքանով է Բաքուն պատրաստ արձագանքել հիմնահարցի հանգուցալուծման միջնորդական ջանքերին, որքանով է պատրաստ շարունակել ու առաջ մղել բանակցությունները»։

Հունիսի 1-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարեւելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Մելքոնյանը: Հայաստանի ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, դատապարտելով իրավիճակի սրման ուղղությամբ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը՝ «սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով եւ հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով», -նշվում էր հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն արձանագրում էր, որ վերջին զարգացումները մարտահրավեր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Արցախի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանն ու դրան նպաստող միջավայրի ձեւավորմանը, եւ հանդիսանում են լուրջ հետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկված բոլոր ջանքերից, եւ որ Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ հանձնառությունները, որոնք ստանձնել է 2018թ. Միլանում, 2019թ. Վիեննայում եւ 2019թ. Մոսկվայում ընդունած վերջին համատեղ հայտարարություններով:

Ավելին՝ ՀՀ ԱԳՆ-ն նախազգուշացրեց, որ Ադրբեջանի դատապարտելի գործողությունները շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար. «Դրանք նաեւ հարցականի տակ են դնում Ադրբեջանի վստահելիությունը եւ նրանց կարողությունը հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու եւ ամրապնդելու վերաբերյալ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված եւ 2019թ. մարտին Վիեննայում վերահաստատված հանձնառություններին: Հայաստանը վճռականորեն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտահայտված հրադադարը պահպանելու ուղղությամբ կոնկրետ ու արդյունավետ գործողություններով: Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրելու իրադրության հետագա սրման ռիսկերի համար»: Միաժամանակ Հայաստանը վերահաստատեց, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, որի համար հրադադարի խստագույն պահպանումն էական պայման է, եւ որ Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգությունը որեւէ հանգամանքում վտանգի չի ենթարկվելու: «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների»,- ասվում էր ԱԳՆ-ի հայտարարությունում:

Իսկ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածած հայտարարությամբ ընդգծեց, որ՝ «հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետեւանքները լինելու են ցավոտ»: Ի դեպ, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3500 կրակոց, հաղորդեց օրերս Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը. «Հատկանշական է, որ արձանագրված խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը, որի ընթացքում ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 2350 կրակոց, որոնց մեծ մասը դիպուկահար հրացաններից եւ խոշոր տրամաչափի զինատեսակներից»:

Հայկական կողմերի խիստ հայտարարությունների ֆոնին պաշտոնական Բաքուն որոշեց հիշեցնել ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական ձգտումների մասին: «Հայաստանը պետք է միջազգային չափանիշներին համապատասխան քայլեր ձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- նշվեց հունիսի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի՝ հունիսի 1-ին տարածած հաղորդագրությանը՝ պաշտոնական Բաքուն հավելում էր. «Հայաստանի ԱԳՆ-ի՝ շփման գծում գոյություն ունեցող իրավիճակի վերաբերյալ այսքան հուզական եւ միեւնույն ժամանակ հակասական հայտարարության պատճառը հասկանալի է: Այն, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով Հայաստանի իշխանությունների արձագանքին»: Ադրբեջանի ԱԳՆ-ն միաժամանակ հիշեցնում էր, որ համաձայնություն է տրվել ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ հանդիպմանը. «Միեւնույն ժամանակ իրականությունը շարունակում է մնալ նույնը, Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներից: Տարածաշրջանի հետագա զարգացման համար այլ տարբերակ չկա եւ կապ չունի, թե ով կղեկավարի Հայաստանը ապագայում»:

Եթե այս ամենին էլ գումարենք տեղեկությունը Նախիջեւանում հունիսի 7-11-ը մեկնարկող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին, ապա կարելի է միանշանակ արձանագրել, որ գործ ունենք ադրբեջանական կողմից հայկական կողմին սադրելու, ճնշելու, միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու վաղուց ձեւավորված «ավանդույթի», իսկ այժմ՝ այդ քաղաքականությունը գործի դնելու նոր փուլի հետ:

Պարզ է, որ Ադրբեջանը որդեգրած քաղաքականությամբ չի սահմանափակվի. Ալիեւը կփորձի «դաշնակիցներ» գտնել՝ դիվանագիտական ճակատում: Արդեն «եղբայրական» Թուրքիան է հասել օգնության: Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (ԻԻԿ) 14-րդ գագաթաժողովի շրջանակներում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային իրավունքների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձեւերի շրջանակներում»։

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  05.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930