Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-ԱՄՆ լարվածության մեղմացումը Ճապոնիայի միջնորդությամբ

Հունիս 05,2019 22:00

Մայիսի 16-ին, Ճապոնիայի ԱԳ նախարար  Տարո Կոնոյի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը զրուցել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ ձևավորված վերջին զարգացումների և ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հարցում՝ Իրանի գործնական քայլերի և Եվրոպայի կողմից INSTEX-ի գործադրման հարցում ընդունելի քայլերի բացակայության խնդիրների շուրջ:

Նույն օրը, Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարևորելով Իրանի հետ վաղեմի հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը, ասել էր.«ՀԳՀԾ-ն կարևոր ձեռքբերում է, որը պետք է պահպանել և Ճապոնիան պատրաստ է դիվանագիտական ճանապարհով օգնել ԱՄՆ-Իրան լարվածությունը մեղմելու համար»:

Խստորեն մտահոգություն հայտնելով Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունների խստացման կապակցությամբ, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդգծել է, որ Միջին Արևելքի տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցում Իրանի նշանակությունն ու դերակատարությունը մեծ է:

Մյուս կողմից, ԻԻՀ ԱԳ նախարարը ողջունել է Ճապոնիայի դերակատարումը ՀԳՀԾ-ի պահպանման և վարչապետ Սինձո Աբեյի միջնորդական առաջարկը։

ԱՄՆ-ի կողմից, Իրանի դեմ սահմանված տնտեսական  պատժամիջոցներին զուգահեռ, Թրամփը միաժամանակ Թեհրանին առաջարկել է բանակցել ԱՄՆ—ի հետ եւ հույս է հատնել, որ դա շուտով տեղի կունենա։  Սակայն, Դոնալդ Թրամփի մահակի ու քաղցրաբլիթի քաղաքականությանը դեմ գնալով Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ապրիլի 24-ին աշխատավորների շաբաթվա առիթով հազարավոր բանվորների ներկայությամբ ունեցած ելույթում, ԱՄՆ-ի կողմից  Իրանի նավթի արտահանումը էմբարգոյի ենթարկելու կապակցությամբ ասել է, որ  Իրանը կարող է բացել տնտեսական և քաղաքական բոլոր փակուղիները: Իրանի հոգևոր գերագույն առաջնորդը հավելել է, որ ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն կանցնեն և Իրանը կանի ամեն ինչ՝ ցանկացած քանակով նավթ արտահանելու համար:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նորանշանակ հրամանատար՝ Բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին  նույնպես հայտարարել է. «Թշնամիների համար աշխարհում չպետք է գոյություն ունենա որևէ ապահով կետ»:

Ավելի վաղ, ԱՄՆ  կառավարությունն Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անունը ներառել էր «օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների» ցուցակում: ԱՄՆ—ի այս քայլը հանգեցրեց նրան, որ Այաթոլլահ Խամենեիին մի հրամանագրով Իրանի Պահապանների կորպուսի նախկին, կառույցի նոր հրամանատար նշանակեց բրիգադային գեներալ Հոսեյն Սալամիին, որը հայտնի է իր համաամերիկյան և միլիտարիստական ծայրահեղական մոտեցումներով:

Իրանի շուրջ ընթացող դեպքերի արագ զարգացումն և ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցի տարածաշրջան գործուղված Աբրահամ Լինքոլն ավիակիր նավը և B-52  ռմբարկու ինքնաթիռների ներկայությունը Քաթարի Ալ-Ադիդ ավիաբազայում, Իրանին ավելի շատ դրդեց կտրուկ միջոցների դիմելու, Պարսից ծոցում նավթատար տանկերների ազատ երթևեկը խափանելու համար։  Մայիսի 12—ին տեղի ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստում 4 նավթատարի վրա հարձակումները։ Իսկ մի քանի օր անց Իրաքի մայրաքաղաք Բաղադի «Կանաչ» թաղամասում՝ ԱՄՆ դեսպանության մոտակայքում, տեղի ունեցավ հրթիռի պայթյունը։

ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն և Սպիտակ տան խորհրդական Ջոն Բոլթոնը պաշտոնապես Թեհրանին ամբաստանել են Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստում 4 նավթատարի վրա հարձակումների համար։ Դա նաև հետո հաստատվեց Իսրայելի անվտանգության ծառայության կողմից։

Իսկ Բաղադի «Կանաչ» թաղամասում՝ ԱՄՆ դեսպանության մոտակայքում, հրթիռի պայթյունից քիչ անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնաց ոչնչացնել Իրանին։ Այս բոլոր դեպքերը բավական էին, որ աշխարհում հնչեր էներգակիրների դեմ ուղղված լուրջ սպառնալիքի մասին ահազանգը։

Ստեղծված պայմաններում, Իրաքը և Օմանը փորձեցին լարվածությունը մեղմացնելու նպատակով միջնորդի դերում հանդես գալ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Իսկ Իրանի նախագահության ինստիտուտը և արտգործնախարարությունը փորձեցին Օմանում գաղտնի հանդիպումներ ունենալ ԱՄՆ-ի որոշ պաշտոնատարների հետ։Սակայն, այս շփումները և փորձերը չունեին այն պոտենցիալը, որով հնարավոր լիներ բավարարել Իրանի ծայրահեղական հոգևոր իշխանության և մասնավորապես երկրի տնտեսական և ռազմական  կառույցները ղեկավարող պահապանների կորպուսի պահանջները:

Իսկ այս բոլորն ի՞նչ աղերսներ կարող են ունենալ Ճապոնիայի դերակատարության մասին, Իրան-ԱՄՆ ճգնաժամը կարգավորելու ֆոնին։ Ավելի վաղ, Ճապոնիայի տնտեսության, առևտրի ու արդյունաբերության նախարար Հիրոշիգե Սեքոն, Տոկիոյում կայացած մամլո ասուլիսում ասել էր.«Ճապոնիան կշարունակի Իրանից նավթ գնել»:

Որպես անմշակ նավթ արտադրող երկիր Իրանի ու Ճապոնիայի հարաբերությունների պահպանումը շատ կարևոր է, քանի որ Ճապոնիան իր անմշակ նավթի կարիքները լրացնում է ներկրման ճանապարհով»:

Ավելի վաղ, Ճապոնիայի նավթային միության տնօրեն Թաքաշի Թեսո Կիոկան ասել էր.«Ճապոնիայի նավթազտարաններն ու նավթ ներկրողները հետևում են ԱՄՆ-ից թույլտվություն ստանալ Իրանից նավթի գնումները շարունակելու համար»:

Պետք է նկատի առնել, որ Իրանի իսլամական համակարգի վեջին 40 տարիների պատմության ընթացքում, չնայած ԻԻՀ հարավարևմտյան սուր ու ագրեսիվ կողմնորոշումներին, Ճապոնիան, որպես Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը, երբեք Իրանի կողմից լուրջ քննադատության առարկա չի դարձել, և Թեհրանը ո՛չ տարածաշրջանում և ո՛չ էլ աշխարհում չի սպառնացել Տոկիոյի տնտեսական և քաղաքական շահերը։ Ավելին, նախորդ դարի 80-ական թվականներին Իրան-Իրաք ութ ամյա պատերազմի ժամանակ Ճապոնիան առևտրատնտեսական մեծ կապեր ու հարաբերություններ էր հաստատել Իրանի հետ, որը դերևս շարունակվում է մինչ այժմ։ Հատկանշական է, որ չնայած ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված  տնտեսական ծանր պատժամիջոցներին և Արևմտյան երկրների կողմից սառը վերաբերմունքին Իրանի հանդեպ, Ճապոնիայի դեսպանատունը ակտիվ գործունեություն է վարում Թեհրանում և Իրան-Ճապոնիա մշակութային հարաբերությունները և համագործակցությունները շարունակվում են մնալ բարձր մակարդակի վրա։ Իհարկե, մշակութային հարաբերությունները չի կարող բավարարել իրանական կողմի տնտեսական պահանջները, քանի որ վերջին տարիներին Իրան-Ճապոնիա առևտրաշրջանառության հաշվեկշիռը կտրուկ անկում է ցույց տալիս, սա այն պայմաններում, երբ Ճապոնիան անցած տարի օրական 165 հազար բարել նավթ էր ներկրել Իրանից, իսկ 2019 թ-ին Ճապոնիայի նավթի ներկրումը նվազել է մինչև օրական 43 հազար բարելի։ Սա այն դեպքում, երբ Իրանն իր նավթային դաշտերի զարգացման համար խիստ կարիք ունի Արևմտյան և Ճապոնական ընկերությունների բարձր տեխնոլոգիաներին, ինչից զուրկ են չինական և ռուսական ընկերությունները։ Իրանի պետրոքիմիայի արդյունաբերությունը  շահական ռեժիմի ժամանակ հիմնականում հիմնված է ճապոնական տեխնոլոգիաների վրա։ Չնայած վերջին տարիներին աճել է Իրանի առևտրական հարաբերությունները Չինաստանի հետ, սակայն Իրանի իշխանությունները քաջ գիտակցում են, որ համաշխարհային առևտրատնտեսական, բորսայի, նավթի գների որոշման, առաջատար տեխնոլոգիաների, բանկային և ֆինանսական արտարժույթի փոխանակման ոլորտներում ԱՄՆ-ը, Արևմուտքը և Ասիայում, Ճապոնիան և ԱՄՆ—ի ասիական դաշնակից երկրները անհերքելի և վճռական դերակատարություն ունեն, և հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Չինաստանի դեմ սանձազերծած տնտեսական պատերազմը և Հեռավոր Արևելքում ու Խաղաղ օվկիանոսի տարածաշրջաններում Չինաստանի ռազմական և տնտեսական առաջխաղացումը զսպելու ուղղությամբ Վաշինգտոնի վերցրած քայլերը, Իրանն իր կրոնական համակարգը պահպանելու համար՝  անկասկած կարիք ունի Արևմտյան և ճապոնական ֆինանսային ներդրման և տեխնոլոգիաների ներկրմանը։ Չնայած Իրանի հոգևոր իշխանության հարավարևմտյան հռետորաբանությանը, Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունները,  իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից մինչ այժմ միշտ էլ կախվածության մեջ են եղել արևմուտքի և արդյունաբերական զարգացած երկրներից։

ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար երկրները վաղուց արդեն անդրադարձել են Իրանի իսլամական համակարգի այս թուլությունը և փորձել են ուղղակի կամ անուղղակի ձևով առևտրական կապեր հաստատել իրանի հետ։ Սակայն, նրանց միայն մտահոգում է Իրանի հոգևոր  և ռազմական ծայրահեղական իշխանության հասանելիությունը միջուկային զենքի և ատոմական մարտագլխիկներ կրող հրթիռների հասանելիությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակ թշնամական դիրքորոշում է որդեգրում Իրանի դեմ և այս երկրին Վաշինգտոնի կամքին հնազանդեցնելու համար կարևորում է առավելագույն ճնշում բանեցնելու քաղաքականությունը:

Այդուհանդերձ այս բացասական մատուցումը, հակառակ Թրամփի կառավարության ակնկալիքների, չի հանգել Վաշինգթոնի սպասած արդյունքներին: Ուստի այժմ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցության պատրաստակամության մասին որոշ նշաններ են նկատվում: Մայիսի 25-ին Ճապոնիա կատարած այցի ընթացքում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն շրջադարձ կատարելով իր նախկին կոշտ դիրքորոշումներից, նույնիսկ ողջունել է միջնորդության համար այդ երկրի վարչապետ Սինձո Աբեի Թեհրան այցելելու քայլը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին չորսօրյա պետական այցով ժամանել էր Ճապոնիա:

Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ  Սինձո Աբեյի հետ բանակցությունների արդյունքով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի  ձգտում Իրանում ռեժիմ փոխել, և Վաշինգտոնը պատրաստ է հենց ներկայիս հոգևոր իշխանությունների հետ բանակցել վիճահարույց հարցերի կարգավորման շուրջ:

«Մենք չենք ձգտում ռեժիմի փոփոխման, մենք ձգտում ենք միջուկային զենքի բացառմանը», — ասել է Թրամփը: Անկասկած Թրամփի խոսքն ուղղված է Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենիին։ Մի ուղերձ, որն ըստ երևույթին, ողջունվել է այաթոլլահ Խամենեիի և նրան մոտ կանգնած պահապանների կորպուսի գեներալների կողմից, քանի որ վաղուց սպասում էին Թրամփի նման հայտարարությանը։

Հատկանշական է, որ Իրանի թ՛ե չափավոր, թ՛ե ծայրահեղական իշխանությունները հուսահատվել են Իրանի հետ միջուկային գործարքով եվրոպական կողմերի երկդիմի քաղաքացիություններից և հաշվի առնելով, նրանց վստահությունը Ճապոնիայի նկատմամբ, այժմ փորձում են ԱՄՆ-ի հետ բանակցության նոր ճանապարհ բացել Տոկիոյի միջոցով։ Իսկ Իսլամական Հանրապետության դիվանագիտական պատմությունը ցույց է տվել, որ Արևմուտքի հետ տագնապալից պահերին հարցերը կարգավորելու նպատակով, ասիական երկրների միջնորդությունը ավելի ազդեցիկ է եղել՝ Իրանի հատուկ քողարկված լեզուն և պահանջները Արևմուտքին հասկացնելու համար։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսին կարող Է Իրան այցելել հնարավոր միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով նորմալացնել Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները:

Եթե առաջիկա շաբաթների ընթացքում միջնորդության մասին Տոկիոյի առաջարկը կայանա, ապա Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության համար ամենաիրական հնարավոր քաղաքականությունն է հրաժարվել «ոչ պատերազմ, ոչ բանակցային» քաղաքականությունից, և  վերջ տալ փակուղային իրավիճակին: Սա նաև կփարատի Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների Իրանի միջուկային զենքի և հրթիռների սպառնալիքի մասին մտահոգությունները, քանի որ մինչ այժմ եվրոպական դիվանագիտությունը չի հաջողել Իրանին հեռու պահել իր ռազմական և խափանարար քաղաքականություններից տարածաշրջանում։

Անկասկած, Ճապոնիան միջազգային հարթակում ունի այն դիվանագիտական և տնտեսական ազդեցությունն ու պոտենցիալը, Թեհրանի և Վաշինգտոնի միջև ինքնուրույն միջնորդելու համար:

Մյուս կողմից, եվրոպացիների ֆինանսական պարտավորությունների կատարման ձախողումը Թեհրանին համոզել է, որ եվրոպական երկրները քաղաքական եւ ֆինանսական կարողությունը չունեն Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները մեղմելու համար:

ԱՄՆ-ի հետ Իրանի պատերազմը ԱՄՆ-ի վերջը չէ, բայց կասկած չկա, որ նման պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության գոյատևման վերջն է: Այս փաստը, արդեն վաղուց հայտնի է Իսլամական համակարգի հոգևոր և ռազմական իշխանությունների համար։ ԻԻՀ ղեկավարությունը երբեք պատրաստ չեն լինի տնտեսական թույլ և սոցիալական  քաղաքական ներքին անբարենպաստ պայմաններում, ուղղակի պատերազմ հրահրել ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների դեմ։ Սա կփակի ռեժիմի գոյատևման բոլոր հնարավորությունները։

Ճապոնիայի միջնորդական առաջարկը, Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջացած ճգնաժամը կարգավորելու նպատակով, դիվանագիտությանը դիմելու առավել հնարավոր տարբերակն է: Ինչպես ամերիկացի քաղաքագետ՝ Քինեթս Վալցը 2012-ին գրել է․ « Իրանի հոգևոր առաջնորդները խենթ չեն, նրանք, ինչպես աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդները մտածում են իրենց համակարգի գոյատևման համար »։

Անկասկած, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս խենթ չէ։ Նա ևս մտածում է 2020 թ․-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր վարչակարգի վերընտրման մասին։ Սակայն, ավելին այստեղ մի նուրբ կետ, որը հաճախ անտեսվում է քաղաքագետների հայացքից, էներգիայի գործոնի դերակատարումն է աշխարհաքաղաքական հավասարումների ոլորտում։ Ըստ՝ էներգիայի և տնտեսական փորձագետների  կատարած կանխատեսմամբ, մինչև  2020 թ-ը Միացյալ Նահանգները, աշխարհի երկրորդ տնտեսությունը հանդիսացող՝ Չինաստանի վտանգը դիմագրավելու և իր ներքին տնտեսությունը, արդյունաբերությունը և արտաքին առևտուրը զարգացնելու և միջազգային մրցակիցներին հետ մղելու համար օրական 20 միլիոն բարել նավթի ներկրման կարիք ունի։ Չինաստանին Հեռավոր Արևելքի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջաններում զսպելու համար ԱՄՆ-ը առանձին հաշիվ է բացել իր վաղեմի և տնտեսապես հզոր դաշնակից Ճապոնիայի բացառիկ աջակցության վրա։

ԱՄՆ-ն, որ ներքաշվել է Չինաստանի ու Եվրոպայի հետ առևտրային պատերազմի մեջ, Ճապոնական Toyota, Nissan և Hyundai   և այլ խոշոր ընկերությունների գլխավոր տնօրենների հետ  հանդիպման ժամանակ, Թրամփը նրանց կոչ է արել ավելի ակտիվ ներկայություն ունենալ ԱՄՆ-ի տնտեսության ոլորտում:  Հետաքրքիր է որ իրանի  տնտեսական ղեկավարությունը նաև մեծ ցանկություն ունեն  այս ընկերությունները նաև ներկայություն ունենան Իրանում։

Մյուս կողմից, Ճապոնիան նույնպես իր տնտեսության զարգացման համար խիստ կարիք ունի Միջին Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանի նավթ արտահանող երկրների էներգետիկ պաշարներին։ Անկասկած, Իրանի դերակատարումը Ճապոնիայի էներգետիկ պահանջները բավարարելու առումով անհերքելի  փաստ է թ՛ե Վաշինգտոնի և թ՛ե Տոկիաոյի ղեկավարների համար։

Հետևաբար Ճապոնիայի միջնորդության առաջարկը՝ ԱՄՆ-Իրան լարվածությունը կարգավորելու ուղղությամբ, կարող է լինել դիվանագիտութան ճանապարհով ԱՄՆ-ի հետ հարցերը կարգավորելու այն տարբերակը որով հնարավոր է Իսլամական հանրապետության գոյատևումը ապահովել և մյուս կողմից ԱՄՆ-ի  ներկայիս նախագահի համար ստեղծել վերընտրման շանսը: Այս տարբերակը մեկ անգամ էլ աշխատել է նախորդ դարի 80-ական թվականների սկզբին Իրանում ԱՄՆ-ի դիվանագետների պատանդառության ժամանակ, Ռոնալդ Ռեյգանին Սպիտակ տուն մուտք գործելու ուղղությամբ, Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերած գաղտնի համագործակցության դեպքում։ Համենայն դեպս, պետք է ընդունենք, որ Իրանում քաղաքականությունը միշտ էլ եղել է անկանխատեսելի և պետք է տեսնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի, դա առաջին անգամը լինելով վերջին 40 տարիների ընթացքում, Իրան կատարելիք միջնորդական այցը կհանգի ներկայիս աշխարհի ամենաբարդ հանգույցներից մեկի լուծմանը։ Հոսով, որ դա այդպես կլինի։ Ռիսկերը մեծ են, սակայն չեն բացառում նաև հնարավորությունները։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930