Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի աջակցություն Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի Աբովյանում անցկացվող քայլերթին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նշենք, որ Գրիգոր Գուլյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ շանսեր ունի ՔՊ թեկնածուն Աբովյանում, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել անկուսակցական Վահագն Գևորգյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Մենք մեծ շանսեր ունենք Աբովյանում: Մեծ շանս ունի աբովյանցին: Առաջին անգամ նա իր ընտրությունը կկատարի այնպիսի թեկնածուի օգտին, որի ընտրությունը որևէ կասկած չի հարուցի որևէ մեկի մոտ»:
Հարցին՝ ՔՊ-ի կողմից Աբովյանում թեկնածու առաջադրելով փորձ չի՞ արվում Աբովյանում նվազեցնել Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Մենք նման խնդիր չունենք: Մենք ունենք քաղաքացու ինքնագնահատական բարձրացնելու նպատակ, որ քաղաքացին իմանա՝ ինքն է իշխանություն ձևավորողը: Շուտով ամեն ինչ պարզ կլինի: Կարող եմ հստակ ասել, որ աբովյանցին հաղթելու է: Հավասար պայմաններ են ստեղծված բոլոր թեկնածուների համար, աբովյանցին պետք է որոշի՝ ով է իր ցանկալի թեկնածուն»:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց՝ կլանային կառավարումն Աբովյանում շարունակվում է, դրա համար էլ իշխող կուսակցությունն իր թեկնածուն է առաջադրել:
Կարդացեք նաև
Հարցին՝ ընտրություններից առաջ քրեական գործի հարուցումը կարո՞ղ է դիտվել որպես քաղաքական ճնշում Աբովյանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի վրա, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօրվա քաղաքական իրողությունների ֆոնին, նոր Հայաստանում բացառվում է որևէ ընդդիմադիր գործի վրա ճնշումը: Աբովյանում մենք ենք ընդդիմություն, քանի որ ընթացիկ քաղաքային իշխանությունը ներկայացնում է այլ կուսակցության, այլ քաղաքական գիծ, և ունենք ակնհայտ քաղաքական սաբոտաժի գիծը: Նկատի ունեմ հենց ԲՀԿ-ի գիծը:
Եվ ավելին, այս փուլում հարուցված քրեական գործերը բացառապես իրավական ճանապարհով է: Մարզպետի ինստիտուտին վերապահված լիազորությունների շրջանակում վերապահված մասնագիտական և իրավական հսկողության արդյունքում վերհանված փաստերն են, որոնք տեղ են գտել քաղաքապետի 2018-ի գործունեության շրջանում, որն անընդունելի է: 2019-ին պետբյուջեով նախատեսված շուրջ 67 սուբվենցիոն ծրագիր ենք ներկայացրել կառավարությանը, Աբովյանից ընդամենը մեկ ծրագիր: Մինչդեռ Կոտայքի մարզում Հրազդանից հետո Աբովյանը երկրորդ քաղաքն է, բայց ընդամենը մեկ ծրագիր է ներկայացրել: Դա ցայտուն օրինակ է քաղաքական սաբոտաժի»:
Ըստ մարզպետի՝ գործող քաղաքապետը կարող է իր շանսերը բարձր գնահատել, բայց, ըստ նրա, դա իրականության հետ կապ չունի: Հարցին՝ իսկ նորմա՞լ է, որ վարչապետը մասնակցում է ի աջակցություն թեկնածուներից մեկի ընթացող երթին Ռոմանոս Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Վարչապետն իշխող կուսակցության հիմնադիր վարչության անդամ է, և շատ առողջ է, երբ քաղաքական գործընթացների մեջ քաղաքական թիմն առողջ քաղաքական դիսկուրս է բերում: Կարող եմ մատնացույց անել, երբ ԲՀԿ մի ստվար զանգված, այդ թվում Կոտայքից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր, զօրուգիշեր ջանքեր չի խնայում Վահագն Գևորգյանի վերարտադրության համար, ինչը ևս առողջ եմ գնահատում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ