Մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրած փաստահավաք խումբը երկու անգամ հարցեր է ուղղել երեկ Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով ձերբակալված՝ 2008թ.-ի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստահավաք խմբի նախկին անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Նրա բացատրություններն առաջին անգամ մեզ չեն բավարարել: Երկրորդ անգամ նրան կանչել ենք՝ վերցնելու այլ բացատրություններ, հատկապես՝ ներքին զորքերի առնչությամբ: Մեր մոտ կասկածներ են եղել՝ ապօրինի զինված խմբավորումների, ցուցարարների դեմ ոստիկանների ապօրինի եւ անհամաչափ ուժի կիրառման եւ այն կադրերի առնչությամբ, որոնք այսօր գտնվում են նախաքննական մարմնի տրամադրության ներքո»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:
Նրա գնահատմամբ՝ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը խոսում է հետեւյալի մասին. «Որքան էլ ԶԼՄ-ներով ասում են, թե Մարտի 1-ի բացահայտումը կապված է միայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հետ, եւ որ դա չի առնչվում սպանություններին, կրկնում եմ՝ ամեն ինչ հերթով է լինելու: Սպանությունների զգալի մասն անհնար է չբացահայտել այսօր: Նախկինում չէր բացահայտվում այն պատճառով, որ իշխանությունը քաղաքական պատվեր ուներ՝ կոծկել գործը: Կոծկողներից մեկն էլ այսօր փախուստի մեջ է: Իսկ այդ ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւս պետք է բացատրություններ տա, թե ինչպես էր հնարավոր նման կոծկում: Ավելին՝ երբ դատաքննությունը սկսվի, շուտով կհամոզվեք, կբացահայտվի եւ հանրությունը կտեսնի, թե ինչ հրեշավոր գործընթացներ են տեղի ունեցել: Պարզապես ինչ-որ դատավորի պատճառով…դա ժամանակավոր է, մարտի մեկի բացահայտումը կառնչվի սպանությունների բացահայտմանը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև