Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում: Հայտնում է Արցախպրեսը:
«Երեկվանից ստանում եմ ահազանգեր, որ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ ստորագրահավաք նախաձեռնող խմբի կողմից գործադրվում են բռնություններ: Հորդորում եմ լրատվամիջոցներին և իրավապահ մարմիներին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս փաստերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենքի և օրինականության կոպիտ ոտնահարում Սամվել Բաբայանի և իր կողմնակիցների կողմից»,- գրել է Ա. Մխիթարյանը:
Նա նաև նշել է, որ «Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակ»-ի նախաձեռնող խմբի անունից իր հասցեին համանման կեղծ տեղեկություններ են տարածում և կոչ է արել իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ՝ զրպարտանք ու հերյուրանք տարածողներ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելով:
Ի դեպ, «Արցախպրես»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Սամվել Բաբայանի կողմնակիցները անցած գիշեր ծեծի են ենթարկել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին: Դեպքի առթիվ ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդենք առաջիկայում: