Շիրակի մարզի մի քանի համայնքներ՝ Ամասիան, Աշոցքը, Սարապատը և Ախուրյանը գյուղատնտեսական մեծ վնասներ են կրել երեկ երեկոյան ժամը 20․00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկտահարությունից։ Այսօր մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ աշխատանքային մասնագիտական մի քանի խմբեր են ձևավորվել, որոնք այցելել են տարբեր համայնքներ՝ վնասի չափը պարզելու համար։ Նրանք դեռ աշխատում են համայնքներում, ընդհանուր վնասի չափը՝ թե՛ գյուղատնտեսական, և՛ թե քաղաքաշինական, պարզ կդառնա այսօր երեկոյան։
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը, նախնական տվյալներով, վնաս են կրել 12 համայնքներ․ վնասված ընդհանուր տարածքը 1500 հեկտար, ոչնչացվել են տարբեր մշակաբույսեր՝ հացահատիկ, խոտ, բանջարաբոստանային մշակաբույսեր, այգի։ 1000 հեկտարը վնասվել է 70-100 տոկոսով։
Մարզպետարանի պաշտոնյան այսօր եղել էր Ախուրյանում վնասի չափերը ճշտող խմբի կազմում, նա ասաց, որ տուժվել են երեք համայնքներ՝ Կառնուտը, Բասենը և Հովիտը, օրինակ՝ Հովիտում բանջարաբոստանային մշակաբույսերը 100 տոկոսով վնասվել են։
Կարդացեք նաև
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը ևս վնասներ կրած գյուղերում է։ Նա Aravot.am-ին փոխանցեց, որ քաղաքաշինական վնասներ կրել են Շիրակի մարզի երկու համայնքներ, ահազանգ եղել է Կառնուտ և Մեղրաշեն համայնքներից։
«Ուսումնասիրել ենք արդեն, Մեղրաշենում, բարեբախտաբար, վնասը քիչ է, ընդամենը երեք տան շիֆր է թռցրել, Կառնուտում էլ վնասվել է մի անասնագոմի ամբողջ կտուրը՝120 քառակուսի մետր»։ Թե ուժեղ կարկուտն ու փոթորկախառն քամին ինչ վնասներ է հասցրել Գյումրի քաղաքին, այս տեղեկատվությունը ևս հստակեցման փուլում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ