Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը առերեսվել է հաղորդավար Համլետ Ղուշչյանի հետ: Առերեսման ընթացքում նախկին պատգամավորը կտրուկ հրաժարվել է իրեն ուղղված մեղադրանքներից, սուտ տեղեկություններ համարել Ղուշչյանի ներկայացրած հանգամանքները:
Հիշեցնենք, որ Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ տարիներ առաջ «Լուսաստղ » օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։
«Երեկ առերեսման ժամանակ նա կատեգորիկ հերքեց, ասաց՝ հնարովի բան է: Ասաց՝ այս մարդուն երկու անգամ եմ տեսել, այն էլ՝ հեռուստացույցով: Նույնիսկ հիշեցրի, ասացի՝ լսի, նույնիսկ այդ դեպքից երեք ամիս հետո, երբ պատահաբար հանդիպեցինք, ինձ ասացիր՝ Ղուշչյան ջան, ես այդ «կասետը» նայեցի, դու փաստորեն մեզ պաշտպանում էիր, այդ սրիկաներն ինձ ուրիշ բան էին ասել: Մարդը իրեն մատնեց՝ ով է, ինչ է: Այսօր էլ ասում է՝ այդ մարդուն չեմ տեսել, չգիտեմ՝ ով է ասել, որ իմ դեմ այդպիսի բաներ ասի: Ինքը հասկանում է՝ իր արած հանցագործությունն ինչ կբերի, եթե հանկարծ ասի՝ հա եղել է, ներողություն եմ խնդրում, բայց ինքը գիտի իր կատարած հանցանքը:
Չգիտեմ՝ դատարանն ինչ որոշում կընդունի, բայց ինքը ստանալու է իր պատիժն Աստծուց, չի կարող մարսել, որովհետեւ ցանկացած նման բռնարարք միշտ դատապարտվում է, անկախ ամեն ինչից:
Կարդացեք նաև
Բնական է, որ հիմա պետք է հրաժարվեր: Երբ նրան տեսա այդ առերեսման ժամանակ, հասկացա՝ ինչ խղճուկ վիճակում է, այդ մարդն իր պատիժն արդեն ստացել է: Հասկանալի է՝ 18 տարի առաջ չէր կարող պատժվել, որովհետեւ նախկին հանցավոր ռեժիմի դարաշրջանն էր՝ Ռոբերտ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի դարաշրջանում Սամվել Ալեքսանյանի նմանները փորձում էին բիրտ, բռնարարքով մարդկանցից խլել ամեն ինչ, նա այդ փուլն անցած մարդ է:
Այսօր էլ նոր իշխանությունների կողքին է հայտնվել բարեգործի կերպարով, սուրբ Յանուարի վերադարձն է: Նա այնքան է այդպիսի բռնարարք գործել, 20-ից ավելի մարդ միայն ինձ է զանգել, ասել՝ մեզանից այս է խլել, այն է խլել, մեր անունից էլ խոսիր: Ես ասել եմ՝ հանեք ստրուկի կարգավիճակը ձեզնից, գնացեք այդ մասին խոսեք, մարդիկ վախենում են: Իսկ Քոչարյանի խափանման միջոցը, որ փոխեցին, բոլոր վկաներն արդեն վախվորած են, չեն հավատում, որ արդարություն կա:
Ես կարող եմ եւ ներել ամեն ինչ, բայց Աստված չի ներում: Ես նրա մեջ ոչ միայն զղջում երեկ չտեսա, այլեւ տեսա, որ այդ մարդը արդեն հասկացել է՝ ինքը ոչնչություն է, իր պահվածքը, խեղճ ու կրակ վիճակում էր, բա ուր էր այն ժամանակ՝ քո 20 հոգով, շքախմբով մարդկանց էիր առեւանգում, մարդկանց այնպիսի վիճակում էիր դնում, որ ստիպված էին շատ բաներից հրաժարվել, այն ժամանակ առյո՞ւծ էիր, հիմա չկա՞ քո շքախումբը, չկա՞ն քո նախկին տերերը»,- Aravot.am-ին ասաց Համլետ Ղուշչյանը:
Նա ասաց, որ իր առեւանգման դեպքից իր ապրած սարսափից հետո մի քանի հիվանդություն է ստացել. «Շաքարս հասավ 25-ի, երկու միկրոինֆարկտ, ինսուլտ, չգիտեմ՝ Աստված ոնց է ինձ պահել, երեւի նրա համար, որ ասեմ ճշմարտությունը»:
Համլետ Ղուշչյանը առերեսվել է նաեւ Յուրի Ղարիբյանի հետ, որը, ըստ Համլետ Ղուշչյանի դեպքի օրն իրեն խաբեությամբ դուրս է հանել տնից: Ղարիբյանը նույնպես առերեսման ժամանակ հերքել է՝ թե նման դեպք է տեղի ունեցել, հայտնել է, որ Ղուշչյանը սուտ է խոսում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ