Լրահոս
Օրվա լրահոսը

Freedome House-ը և մամուլի ազատությունը Հայաստանում

Հունիս 05,2019 17:43

Հունիսի 5-ին Freedome House ամերիկյան հետազոտական հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ իր վերջին «Վայրընթաց պարույր» (Downward Spiral) վերնագրով զեկույցը, որում քննարկվում է նաև Հայաստանում մամուլի ազատությունը։ Հետազոտությունը վերլուծում է մամուլի ազատությունը 2018 թվականին։

 

«Խավարի մեջ ուղղորդող լույսեր»

Զեկույցը արձանագրում է ողջ աշխարհում մամուլի ազատության սահմանափակման միտումներ, սակայն այդ բացասական միտումներին զուգահեռ՝ Freedome House-ն արձանագրել է դրական փոփոխություններ աշխարհի հինգ երկրում։ Այս երկրները ներկայացված են «խավարի մեջ ուղղորդող լույսեր» ենթավերնագրի տակ։ Դրանք են Եթովպիան, Մալայզիան, Էկվադորը, Գամբիան և Հայաստանը։ Այդուհանդերձ, ինչպես նշում է զեկույցը, Հայաստանը ցուցանիշի բարելավում չի արձանագրել 2017 թվականի համեմատ։ Այս երկրների դրական տեղաշարժը, ըստ զեկույցի, մեկ անգամ ևս ի ցույց է դնում այն, որ մամուլի ազատությունը մեծապես կախված է այլ քաղաքական ազատություններից, այսինքն՝ երբ կոնկրետ երկրում իշխում են ավտոկրատ ուժեր, մամուլի ազատությունը ևս սահմանափակվում է, մինչդեռ բարեփոխման օրակարգով իշխանության եկած ուժերն ավելի են հակված ընդունել ազատ մամուլի քննադատությունը։

 

«Մեդիան և ժողովրդավարությունը»

«Մեդիան և ժողովրդավարությունը» վերնագիրը կրող հատվածում զեկույցը մանրամասն անդրադառնում է Հայաստանում հեղափոխության ընթացքում մամուլի դերակատարությանը։ Ըստ Freedome House-ի, թեև հեղափոխության ընթացքում խոշոր հեռուստաընկերությունները սկզբնական շրջանում լռություն էին պահպանում երկրում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ, սակայն անկախ լրատվամիջոցների մի փոքրիկ զանգված (ներառյալ «Ազատություն» ռադիոկայանը և «Սիվիլնեթը») կարողացավ ապահովել խորքային լրատվություն՝ ներառյալ ուղիղ հեռարձակումներն ու սոցիալական մեդիայի հմուտ կիրառումը։ Սոցիալական մեդիայի վերաբերյալ զեկույցի հատվածում ևս դրական է գնահատվում Հայաստանում Ֆեյսբուքի և ուղիղ հեռարձակման այլ նմանատիպ հնարավորությունների կիրառումը հակակառավարական ցույցերի նպատակների և չափերի վերաբերյալ կառավարության հայտարարություններին հակակշռելու և ուժային կառույցների կողմից բռնության կիրառման դեպքերն արձանագրելու համար։

 

Հայաստանը և այլ երկրները

Հետազոտության մեջ ներկայացված բոլոր երկրները և չճանաչված տարածքները գնահատվում են զրոյից չորս բալային համակարգով, որտեղ 0 միավորով գնահատված երկրները մամուլի ամենացածր ազատությունն ունեն, իսկ 4 միավոր ստացածներն ամենաազատ մամուլով երկրներն են։ Հայաստանի մամուլի ազատության ցուցանիշը 2 միավոր է: Վրաստանի ցուցանիշը ևս 2 միավոր է, մինչդեռ Ադրբեջանի ցուցանիշը 0 է, իսկ Իրանինը և Թուրքիայինը՝ 1։ ԵԱՏՄ անդամ երկրներն ունեն հետևյալ ցուցանիշները՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 0, Բելառուս՝ 0, Ղազախստան՝ 0 և Ղրղզստան՝ 2: Արևելյան գործընկերության (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) մյուս երկու երկրները՝ Ուկրաինան և Մոլդովան, նույնպես, ըստ Freedome House-ի, ունեն 2 միավոր ցուցանիշը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Աննա Փամբուխչյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մամուլի ազատությամբ առաջնակարգ տեղ էր զբաղեցնում ՀՀ-ն՝ոչ մի երկրում իշխանություններին այնքան չեին քննդատում,ինչպես Հայաստանում՝նույնիսկ դեռևս չկատարած գործողությունների համար:Հեղափոխությունից հետո մի շարք լրատվամիջոցներ իշխանությունների ,,ճնշման,, ներքո ընդիմադիրից վերածվել են իշխանամետի՝օրինակ,,Հայկական Ժամանակ,,-ը…: Բաաա?

  2. Seyran says:

    Տեսաք?,ես ճիշտ էի…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930