Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում եք՝ 130 հազար հոգու սեւ ցուցակից հանել եք, մի հատ էդ ցուցակն ուղարկեք մեր մեյլերի վրա, տեսնենք ովքե՞ր են էդ մարդիկ, ծափ տանք». Բագրատյանը՝ Ջավադյանին

Հունիս 05,2019 17:39

2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունն է քննարկվում ԱԺ-ում: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը հարցրեց՝ ընթացիկ հաշվի պակասուրդի հարցի վերաբերյալ ռիսկերի, վտանգների մասին ի՞նչ կասեք, այդ ցուցանիշը 3 անգամ վատթարացել է, պետական կապիտալ ներդրումներն ինչպե՞ս եք գնահատում, բնակարան երիտասարդներին ծրագրի շրջանակներում ընդլայնում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ջավադյանն ասաց, որ պակասուրդի հետ կապված ուսումնասիրություններ արել են, բայց հորդորեց, որ փակ ձեւաչափով դա քննարկեն. «Մենք պետք է ունենայինք ճնշում արժութային շուկայում, այսօր ունենք հակառակ ճնշում՝ շատ մեծ առաջարկ ունենք: Տարվա սկզբից գնել ենք 90 մլն դոլար, ամենախոշոր ծավալը եղել է ապրիլ ամսին, մայիսին տենդենցը շարունակվել է, այս պահին էլ շուկայում կա առաջարկ: Սա նշանակում է, որ որոշ երեւույթներ կան, որ ուսումնասիրության կարիք ունեն: Պատրաստ եմ կիսվել մեր մտորումներով: Բայց այն ռիսկերը, որ պետք է ի հայտ գան սրա արդյունքում, այդ ռիսկերը հակառակն են»:

Ջավադյանն ասաց, որ տրանսֆերտներով եւ այլ հարցերով կարելի է բացատրել սա. «Վստահ եմ, որ մենք ունենք չգրանցված մասնավոր տրանսֆերտների աճ: Մաքսային սահման գոյություն չունի, մարդիկ հանգիստ փողը իրենց հետ բերում են Հայաստան»: Պետական կապիտալի մասին խոսելիս Ջավադյանն ասաց, որ նախորդ տարի բնական է, որ զգուշավոր քաղաքականություն պիտի վարեր պետությունը:

Ինչ վերաբերում է բնակարան երիտասարդներին ծրագրի ընդլայնմանը, Ջավադյանն ասաց. «Հիփոթեքային վարկերի աճ ունենք, մի քանի ծրագրեր էլ հիմա է դիտարկվում՝ նոր ծրագրեր ու մի քանի փոփոխություն, այս պահին կառավարությունում շրջանառության մեջ է, մարզերում երեխաներ ունեցողներին սուբսիդավորումը ավելացնել…Շատ երեխա ունեցողներին ավելի շատ պետությունը պետք է սուբսիդավորի»:

ԿԲ նախագահն ասաց, որ դոլարիզացիան նվազում է, ռիսկ կարող է լինել՝ կապված փոխարժեքի հետ:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ «Մենք դրամը այնպես ենք խեղդել, ոչ թե զսպող, այլ խեղդող քաղաքականություն ենք վարում, որ ժողովրդի ձեռը փող չմնա: Մի հատ սենց հարց տամ, էլի, դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ մեր վիճակն էնքան լավ է, որ պետք է զգույշ լինենք, հանկարծ ավելորդ փող չծախսենք: Ես համոզված եմ, որ շատ վատ վիճակ ունենք՝ հատկապես բանկային համակարգի հետ կապված ընկալումների մեջ: ԿԲ-ն ի վերջո բոլոր առեւտրային բանկերի նկատմամբ ունի վերահսկողական, զսպող ֆունկցիա, չեմ տեսել որեւէ սոցիալական հանձնառություն: Մի հատ լավ ընկեր ունեմ, երբ զանգում եմ, ասում եմ՝ ո՞նց ես, ասում է՝ կայուն վատ, տպավորություն է, որ մեզ էդ կայուն վատը դզել է: Որեւէ նոր լուծում առաջարկվե՞լ է պարտքերի տակ կքած քաղաքացուն: Մտածե՞լ եք մինչեւ 5 մլն վարկերը սառեցնեք, ասեք՝ գնացեք շնչեք: Մի փուշ չհանե՞նք մեր քաղաքացիների մատից»:

Հետո Բագրատյանը հարցրեց՝ ասում եք, թե 130 հազար հոգու սեւ ցուցակից հանել եք, բեռնաթափված են, մի հատ էդ ցուցակն ուղարկեք մեր մեյլերի վրա, տեսնենք ովքե՞ր են էդ մարդիկ, էդքան փնտրում ենք, չենք գտնում, մի հոգի ասի՝ մեզ էդ սեւ ցուցակից հանել են, մենք էլ ծափ տանք»: Նա Ջավադյանին մեղադրեց, որ շատ զգուշավոր են քաղաքականության մեջ, եթե անընդհատ վախենան, երկիրը չի զարգանա. «Էդքան գովում ենք մեզ, թե հնամենի ենք, էս ենք, էն ենք, էս բուքսավատը ո՞նց եք բացատրում: Մի լուծում կա՞, որ առաջարկեք քաղաքացուն, թե՞ պիտի ասեք՝ ժողովուրդ ջան, զգուշավոր ենք, ձեր հերն էլ անիծած, դժվա՞ր է՝ տունդ ծախի, թող գնա: Թե՞ պիտի հա ասեք՝ մակրոտնտեսական ցուցանիշները լավ են, հարկաբյուջետային քաղաքականությունը լավ է»:

Ջավադյանը պատասխանեց, որ սեւ ցուցակը լավ անուն չի, բայց իրենք մաքրել են այն վարկառուներին, որոնց պարտքը չէր գերազանցում 50 հազար դրամը ու ժամկետանց պարտք էր դա, մոտ 150 հազար մարդ օգտվել է դրանից: Բագրատյանն էլ արձագանքեց. «Հազարավոր քաղաքացիներ ասում են, որ մեզ խաբում են, կանչում են բանկ, ասում են մուծի 50 հազար դրամը, որ ներման պրոցես սկսենք, ասում են՝ մուծում ենք, ասում են՝ դե հիմա զրոյից սկսի պարտքերդ մարել»: Ջավադյանը չհավատաց՝ «միամիտ չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930