Արձագանքելով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի այն քննադատությանը, թե Կադաստրի կոմիտեն թերացել է իր աշխատանքում եւ աղետի գոտու տնակներում ապրող մարդկանց մասին տեղեկություններ չի տրամադրել, այսօր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը պատասխանեց, որ Կադաստրի կոմիտեն անշարժ գույքի պետական ռեգիստրն է Հայաստանում եւ, երբեւիցե չի ունեցել գործառույթ աղետի գոտում հատուկ հաշվառում իրականացնի. «Այն դեպքում, երբ ե՜ւ քաղաքաշինական կոմիտեն ե՜ւ աղետի գոտու մարզպետարանները ունեցել են գործառույթներ, որոնք պետք է զբաղվեին աղետի գոտու խնդիրներով, որոնք կամ զբաղվել են,կամ չեն զբաղվել»:
Սարհատ Պետրոսյանն ասաց, որ Կադաստրի կոմիտեն ունի վերջնաժամկետ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է տրամադրի հունիսի 30-ին. «Եթե այդ ստեղծված հանձնաժողովի պատշաճ աշխատանքի համար կադաստրից պետք է տեղեկություններ ստանային ասենք՝ ապրիլի մեկին, ապա, պետք էր հունվարին ասել՝ գիտեք,այս տեղեկությունը մեզ պետք է ապրիլի 1-ին, որպեսզի հետո չասեին «սաբոտաժ» եւ այլն»: Մենք մեր վերջնաժամկետին, ծայրը ծայրին, հազիվ հասցնում ենք իրականացնել վարչապետի հանձնարարականը եւ, որեւէ մեկն իրավունք չունի նման անպատասխանատու որակումներ տալ մեր կատարած աշխատանքին»:
Կադաստրի ղեկավարի խոսքով, ուշացումները պայմանավորված են հարցումների մեծ քանակությամբ եւ միայն աղետի գոտու մասով մոտ 16 հազար գույքի վերաբերյալ հարցում է եղել: Որպեսի հասկանալի լինի՝ ինչ ծավալի մասին է խոսքը, պարոն Պետրոսյանն ասաց, որ միայն 2018 թվականին բոլոր հարցումները միասին, տարվա ընթացքում կազմել են 14 հազար. «Միայն մեկ հանձնարարականով մեզնից պահանջվում էր ողջ 2018-ի ծավալի չափով տեղեկատվություն, այն դեպքում, որ 2018-ի ծավալները այս տարի պահպանվում են, դեռ մի բան էլ աճում են եւ դրան մի հատ էլ գումարում ենք Պետական եկամուտների կոմիտեի 26 հազար հարցումները: Այսինքն՝ մենք այս տարի 45 հազար հարցում ենք ստացել, ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ տարիներին»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ