Այսօր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանն ասաց, որ բարեփոխումների, կառույցի վերակազմավորման արդյունքում ունենալու ենք առցանց, անթուղթ կադաստր: Այսինքն՝ կադաստրի գրեթե բոլոր ծառայությունները մատուցվելու են առցանց՝ քաղաքացիներին փաստաթղթային քաշքշուկներից ազատելու, գործը հեշտացնելու նաեւ կոռուպցիոն գործարքներից համակարգը զերծ պահելու համար:
Aravot.am-ը պարոն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ տեխնոլոգիական նոր լուծումների արդյունքում արդյոք կադաստրից աշխատատեղեր են կրճատվելու:
Սահրատ Պետրոսյանն ի պատասխան ասաց, որ այդ լուծումները բերում են աշխատաշուկայի կառուցվածքի փոփոխության. «Այսինքն՝ եթե նախկինում մարդիկ ինչ-որ թղթեր էին տանում-բերում, հիմա այդ թղթերը էլեկտրոնային եղանակով են փոխանակվում: Այն հավակնոտ բարեփոխումներն, ինչ-որ մենք անում ենք, առաջիկա 3-4 տարիներին հսկայական մարդկային ռեսուրս են պահանջելու եւ ընդհանուր համակարգում ներգրավված անձանց թվաքանակի նվազում չենք կանխատեսում 3-4 տարվա ընթացքում: Միեւնույն ժամանակ գրասենյակներում ունենալու ենք կառուցվածքային փոփոխություն, բայց, նույն հասցեների ռեգիստրը, նույն թվայնացման գործընթացները, աշխատակիցների ներգրավում են ենթադրում»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պարոն Պետրոսյանն ասաց, որ Կադաստրին առնչվող երկու հիմնական օրենքներում փոփոխություններ են լինելու: Մեկը՝ գույքի գրանցման օրենքում, մյուս փոփոխությունն էլ գեոդեզիայի մասին օրենքին է վերաբերելու:
Ինչ վերաբերում է հանրության այն սպասելիքներին, որ հեղափոխությունից հետո Կադաստրի կոմիտեն պետք է բացահայտի նախկին պաշտոնյաների ունեցվածքը եւ հրապարակի, Սահրատ Պետրոսյանը նշեց, որ Կադաստրի կոմիտեն, որպես ՀՀ-ում անշարժ գույքի սեփականության իրավունքի երաշխավոր չպետք է մտնի այդ դաշտ. «Սկզբունքորեն, մենք դեմ ենք, որպեսզի այդ բացահայտումները, եթե կան, մենք բարձրաձայնենք դրանց մասին: Դրանք բոլորն ուղարկվում են իրավապահ մարմիններին եւ դուք մամուլից կամ այլ գերատեսչությունների մամլո հաղորդագրություններից կարող եք ծանոթանալ այդ բացահայտումներին, վերաբերում են անշարժ գույքի հետ կապված գործընթացներին: Բնականաբար, այդ բոլոր տեղեկատվությունը մեզ մոտ խնամքով պահպանվում է եւ մենք ենք կիսվում նրանց հետ, բայց, նորից եմ կրկնում, մենք չենք լինելու առաջին բարձրաձայնողը»:
Ըստ պարոն Պետրոսյանի նախորդ ասուլիսին հնչեցրել է 40 բացահայտումների մասին, նոր դեպքերի վերաբերյալ հարցին էլ ասաց, որ այդ թիվն այսօր կրկնապատկված կլինի:
Թե ինչպիսի խախտումների համար է Կադաստրի ղեկավարը դիմել իրավապահ մարմիններին, ասաց, որ մի վարչական տարածքի հողը մեկ այլ տարածքի տակ էժան գնով վաճառելու, հողերն անօրինական օգտագործելու եւ այլ փաստերով:
Aravot.am-ը Սահրատ Պետրոսյանին հարցրեց՝ Կադաստրի արխիվի՞ց էլ փաստաթղթեր են պակասել, ինչպես որ ԱԱԾ-ի արխիվից են անհետացել, Կադաստրի ղեկավարը պատասխանեց, որ զանգվածային ոչնչացման կամ՝ նպատակադրված ոչնչացման մասին տեղյակ չեն. «Եթե տեղյակ լինեինք, դուք էլ տեղյակ կլինեիք: Բնականաբար, ամենօրյա գործընթացներում, կադաստրում մոտավորապես 6 միլիոն թղթեր են պահպանվում, լինում են դեպքեր, երբ ինչ-որ թղթեր պակասում են, նման դեպքերը խստագույնս հետամուտ ենք լինում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ