«Մեծ պատիվ է Հայաստանի համար այս քայլերը ձեռնարկելը»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին:
Նա Հայաստանում է Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանի հետ Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի առթիվ:
«Շարունակելու ենք գործել այնքան, ինչքան կարողանանք»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե որոնք են երաժիշտների ապագա ծրագրերը, և արդյոք դրանք ներառելու են Հայաստանը: Եվ մասնավորապես, Black Sabbath-ի դեպքում, խմբի վոկալիստ Օզի Օզբորնը հայտարարել է, որ հույս ունի, որ խումբը կունենա ևս մեկ համերգ Բիլլ Վարդի հետ:
«Black Sabbath-ը համերգային շրջագայության ոչ մի ծրագիր չունի: Մենք դադարեցրել ենք շրջագայությունները»,- պատասխանեց Թոնի Այոմին: Հետաքրքրվեցինք, թե ինքը՝ որպես երաժիշտ ինչ ծրագրեր ունի. «50 տարի շրջագայություններից հետո ժամանակն է եկել, որ իրերին այլ կերպ նայես: Ինչը չեմ ասի Իէնի մասին, նա հավերժ շարունակելու է: Բայց խոստովանեմ, ունեմ ծրագրեր, ես դեռ ստեղծագործում եմ»:
Նա հավելեց. «Այդքան երկար աշխատանքից և շրջագայություններից հետո դու սիրում ես՝ ինչ, որ անում ես: Դա այն է, ինչ որ մենք անում ենք, ես սիրում եմ երաժշտությունը: Ավելի լավ բան չկա, քան լսարանին տեսնելը, այդ թրթիռը փոխանցելը: Չնայած այդ անհաղթահարելի ցանկությանը պետք է իրատեսական մոտենալ: Դժվար է շրջագայել և ամեն օր առավոտյան ժամը 4-ին արթնանալը»:
Իսկ Իէն Գիլանը հավելեց. «Ես ճանապարհի մարդ եմ, և հաջորդ 50 տարին նախատեսում եմ շրջագայել՝ պարտադիր չէ՝ այս մոլորակում: Կարծում եմ՝ մենք մի փոքր հանգստանում ենք շրջագայության ինտենսիվությունից: Մենք սովորել ենք կենդանի կատարել, մինչև ձայնագրման պայմանագրեր ստորագրելը, և շարունակելու ենք կենդանի կատարումները: Դժվար է այս պահին երկարատև ծրագրեր կազմելը, քանի որ բոլորը մտածում են հանգստանալու մասին: Բնությունը վակուում չի սիրում, և ես մտածում եմ այդ տարածքը լրացնելու մասին: Կարծում եմ՝ հանգստին մի փոքր ավելի տեղ կտանք»:
1989 թվականին DoSomething ավստրալիական կազմակերպությունը նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Ծրագրի 30-ամյակի առթիվ Հայաստան են այցելել Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին և Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը, որոնք հունիսի 5-ին Երևանում հանդես կմասնակցեն միջոցառմանը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ