Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաժարվե՛ք ձեր էդ ընկերոջից, անկախ նրանից՝ սոված կլինեք, թե կուշտ կմնաք». Ջանջուղազյանի խորհուրդը՝ Բաբկեն Թունյանին

Հունիս 05,2019 16:16

2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունն է քննարկվում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հիմնական ցուցանիշները՝ պետբյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 341 մլրդ դրամ, որի մեջ մեծ կշիռ ունի հարկային եկամուտների մասը՝ 1 տրիլիոն 258 մլրդ դրամ:

5, 2% տնտեսական աճ է արձանագրվել, կանխատեսվում էր 4,5%.

«Ընդ որում, պետք է նկատել, որ դա տեղի է ունեցել, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6%-ով, ԵՄ տնտեսությունը աճել է 2,1%-ով, ԵԱՏՄ երկրների միջին աճի ցուցանիշը եղել է 2,5%»:

Ջանջուղազյանն ասաց. «Եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք եւ որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 2018-ին արդեն տվել է, որովհետեւ այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը, 5,2%-ից 4,8-%-ը բացատրվում է ծառայությունների ոլորտով։ Անցած ոլորտների հետ կապված մեր սպասումները չենք կարող նշել որպես ցանկալի արձանագրում: Սա մեզ հուշում է, որ հայտարարած նպատակները, որոնք կառավարության ծրագրում գրանցվել են՝ այլընտրանք չունեն: Մենք պետք է ջանք գործադրենք, որ տնտեսության կառուցվածքը փոխվի, մենք ունենանք այնպիսի տնտեսություն, ինչ հայտարարել ենք: Բայց ավաղ ունենք 2018-ի համար այն, ինչ ունենք»։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ «Մենք չենք կարող գնահատել, որ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել ամեն տեղ: Մեր հավակնությունները շատ ավելին են, քան այն, ինչ արձանագրվել է»:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցրեց. «Պարոն Ջանջուղազյան, շատ լավ է, որ ասում եք, որ միայն դուք չեք որոշելու նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակի հարցը, ուզում եմ տեղեկացնել, որ Վարազդատ Կարապետյանի հետ քննարկել ենք նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը՝ մինչեւ 63 հազար դրամ: Ենթադրում եմ արդեն կառավարության պատասխանը ինչպիսին է լինելու, եթե դեմ չեք, հանձնաժողովում միասին կքննարկենք: Հարցս հետեւյալն է՝ վարչապետը նշեց, որ ծախսերը թերակատարվել են ու թերակատարվել են մոտ 5,3 տոկոսով՝ մոտ 80 մլրդ դրամով ու նշվեց, որ դրա մեջ հիմնականում կոռուպցիան ռիսկերն են վարկերի մասով: Ես ցանկանում եմ հասկանալ՝ կա՞ որեւէ վերլուծություն կամ գնահատական՝ կոռուպցիոն ռիսկերի վնա՞սն է ավելի մեծ, թե՞ զսպող ազդեցությունը, որ հետաձգման արդյունքում լինում է: Ենթադրենք, ուզում եմ խանութից երկու կիլոգրամ միս առնել ու ընկերներից մեկին խնդրում եմ գնել դա ու կասկած ունեմ, որ այդ 2 կգ մսից 100-200 գրամը կարող է խաբի: Հիմա ես ի՞նչ անեմ, սպասեմ մի երկու օր սոված մնա՞մ, թե՞ ամեն դեպքում էդ ռիսկին գնամ, հետո կճշտեմ՝ ինքը խաբե՞լ է, թե՞ չէ: Միգուցե պետք է ռիսկը հաշվի առնելով՝ գնալ այդ ծախսերի կատարմանը»:

Նախարարը պատասխանեց. «Հարցնում եք ինչ անեմ՝ հրաժարվեք ձեր էդ ընկերոջից: Եթե կասկած ունեք, որ ձեր ընկերը խաբում է, հրաժարվեք: Անկախ նրանից՝ սոված կլինեք, թե կուշտ կմնաք, հրաժարվեք էդ ընկերոջից, ում համար կասկածում եք, որ կարող է խաբել»: Ըստ նախարարի, խաբված զգալ պետք չի:

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձերին, Ջանջուղազյանն ասաց. «Ենթադրվում է, որ մենք առանց բավարար չափով հիմնավորումներ ունենալով՝ չենք կարող միայն զգացմունքներով առաջնորդվել»: Նա ասաց, որ մի անգամ փորձել են, արձանագրվել է, որ մենք պարտք ենք վերցնում, որպեսզի ընթացիկ ծախսեր իրականացնենք, կարելի է նաեւ մի անգամ էլ փորձել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930