Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «140 դպրոցներում կոյուղի չկա, 73-ում` ջրամատակարարում»

Հունիս 05,2019 15:57

Կրթության փորձագետ Արմեն Քթոյանը հունիսի 5-ին «Մեդիա կենտրոնում» ասաց, որ առկա է կրթական ծառայությունների ֆիզիկական ծավալով ավելացում, սակայն ծառայությունների ընդհանուր կառուցվածքում կրթական ծառայությունների մասնաբաժինը նվազում է արձանագրել: Նա նշեց, որ վերջին 15 տարվա կտրվածքով ծառայությունների ոլորտում կրթության մասնաբաժինը 9 %-ից 3,1% է դարձել:

«Կարծում ենք, որ 3,1%-ը կրթության համար չափազանց փոքր մասնաբաժին է»,-ասաց Քթոյանը: Նրա խոսքով, նախադպրոցական հաստատությունների որոշակի աճ է նկատվում վերջին տարիներին, սակայն նախադպրոցական հաստատություններ է հաճախում այդ տարիքի երեխաների 30%-ից ոչ ավելին, ինչի հիմնական պատճառներից մեկը ֆինանսականն է:

Միջինում ոչ պետական հաստատություններում մանկավարժների ծանրաբեռվածությունը եւ երեխաների թիվը ավելի փոքր է, ինչը հնարավորություն է տալիս ավելի որակյալ ծառայություններ մատուցել, սակայն, կրթության փորձագետի դիտարկմամբ, մասնավորների պարագայում էլ մատուցվող ծառայություններն են թանկ:

Նա նշեց, որ վերջին 9 տարիների ընթացքում հանրակրթական դպրոցների թվի նվազում է նկատվում, դրանք հիմնականում պետական դպրոցներն են: Ասաց նաեւ, որ առաջին դասարաններում աշակերտների թիվը աճել է, ինչը ապագայում կրթական համակարգի կայունության գրավականն է:

Քթոյանը հղում անելով «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի` «Կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման և մոնիտորինգի արդյունքներին» ասաց, որ դպրոցները բաժանվում են 3 խմբի` բավարար շենքային պայմաններ ունեցող, հիմնանորոգման եւ ընթացիկ նորոգման կարիք ունեցող: Նրա խոսքերով մեծ թիվ են կազմում դպրոցները, որոնք հիմնանորոգման կարիք ունեն, այդ դպրոցները 460-ն են, 73 դպրոցում անգամ ջրամատակարարում գոյություն չունի: 140 դպրոցներում կոյուղի չկա, 440 դպրոցում կենտրոնացված կամ անհատական ջեռուցման համակարգեր չկան: Փորձագետի խոսքերով, վարկային միջոցներով ընդամենը 4-5 դպրոց է հիմնանորոգվել:

«Հիմնական դպրոց ավարտածների 2/3-րդն է ցանկանում ուսումը շարունակել ավագ դպրոցում, ինչը լրջագույն խնդիր է, կարելի է ասել կրթական ռեսուրսը, երիտասարդների ներուժը լիարժեք չենք օգտագործում»,-ասաց Արմեն Քթոյանը:

Նա հավելեց, որ 8000-ով նվազել է ուսուցիչների թիվը նախորդ տարիների համեմատ: Հաջորդ ուշագրավ ցուցանիշն այն է, ըստ փորձագետի, որ ուսուցիչների մեջ գերակշռում են կանայք` շուրջ 34000 ուսուցչից 28000-ը կանայք են: «Տղամարդկանց համար աշխատանքը դպրոցում գրավիչ չէ` հասկանալի պատճառներով, բայց կան ասպեկտներ, որտեղ որոշակի հավասարակշռություն ապահովելը պետք է պարտադիր լինի»,-համոզված է կրթության փորձագետը:

Բուհական կրթությանն էլ անդրադարձ եղավ: «Բուհական կրթությունը պետք է լինի ոչ թե հանրամատչելի, այլ ենթադրի որոշակի խոչընդոտների հաղթահարում: Ցանկացած ոք, ով չի կտրվում, ընդունվում է, ինչը բացասաբար է անդրադառնում բարձրագույն կրթության վրա»,- փաստեց Արմեն Քթոյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930