«Սա բավականին անձնական է ինձ համար»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Rock Aid Armenia նախագծին, ասաց Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը:
«Երբ համերգներով Երևանում էի, եթե չեմ սխալվում 1990 թվականի հունիսն էր, տեղեկացա տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին և այցելեցի Սպիտակ։ Այնտեղ տեսա ավերվածություններ»,- հիշում է Գիլանը՝ հավելելով, որ այդ ժամանակից իր հիշողության մեջ ազդեցիկ պատկերներ են մնացել, մասնավորապես հիշում է մի կնոջ, որ ձեռքին պահում էր իր՝ 28 հոգուց բաղկացած ընտանիքի լուսանկարը, և նա միակն էր իր ընտանիքից, որ կենդանի էր մնացել:
«Սպիտակում զրուցել եմ մի մարդու հետ, որն ասաց, որ այնտեղ երաժշտությունը դադարել է. ռադիոյով երաժշտություն չի հնչում, եկեղեցում, նույնիսկ թռչունները դադարել են երգել։ Ես կարծում էի, որ ժամանակը ամեն ինչ կդարմանի, մենք համարեցինք, որ երաժշտությունը կարող է լավագույն միջոցը լինել վերակենդանացնելու համար աղետի գոտին, և այդպես էլ եղավ: Մենք միացանք Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգման աշխատանքներին, և երաժշտությունը հենց խորհրդանիշ դարձավ Հայաստանում վերածննդի»:
Կարդացեք նաև
Իէն Գիլանը հիշում է նաև, որ այդ երեկոյան՝ համերգից հետո՝ մեկն իրեն հարցրել է, թե ինչ է պատահել, և ինքն այնքան հուզված է եղել, որ սկսել է արտասվել. «Այդ պատճառով եմ ես անձնապես ներառված այս նախագծի մեջ: Այն օրվանից, երբ Rock Aid Armenia-ն մեկնարկեց, պետք է ասեմ, որ ինձ համար իսկապես մեծ պատիվ է այդ ամենին մասնակցելը»:
1989 թվականին DoSomething ավստրալիական կազմակերպությունը նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Ծրագրի 30-ամյակի առթիվ Հայաստան են այցելել Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին և Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը, որոնք հունիսի 5-ին Երևանում կմասնակցեն միջոցառմանը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ