Սահմանադրական դատարանի շենքի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ «Հրայր, հեռացի՛ր» վանկարկումներով բողոքի ցույց են անում, նրանք պահանջում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը:
Դատարանի շենքը պահպանում են ոստիկանները. Ցուցարարներն ասում են՝ ցույցը չեն դադարեցնելու, մինչեւ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորները հրաժարական չտան:
Ցույցի կազմակերպիչներից «Հասարակական առաջընթաց» ՀԿ նախագահ Արթուր Մովսիսյանը պատմեց, որ ցուցարարները փորձել են խոչընդոտել Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի մուտքը դատարանի շենք. «Գյուլումյանն եկավ, փորձում էինք չթողնել ներս մտնի: Բայց նա խաղաղ ցուցարարին հրեց եւ գցեց: Հիմա մենք հաղորդում ենք ներկայացնելու ոստիկանություն»:
Կարդացեք նաև
Ցուցարարներն ասում են՝ այս Սահմանադրական դատարանը չի վայելում ժողովրդի վստահությունը, պետք է ՍԴ բոլոր անդամները հրաժարական տան.«Այս դատարանն ապօրինի է եւ չի արտացոլում անկախության հռչակագիրը»:
Արթուր Մովսիսյաննի խոսքերով էլ՝ «Հրայր Թովմասյանը վեթինգի մասին ասել է, որ դեմ է, դա ծայրահեղ միջոց է եւ չի կարելի դատավորներին վեթինգի ենթարկել: Նա իր այդ խոսքերով մեզ ավելի վրդովվեցրեց: Չենք գնալու այստեղից, մինչեւ հրաժարական չտան»:
Ցույցի ընթացքում քաղաքացիներից մեկը փորձեց ներս մտնել դատարանի շենք, սակայն ոստիկանները կանխեցին, եւ թեթեւ բախում տեղի ունեցավ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:
«Հրայր Թովմասյան, ոստիկանները քեզ միշտ պաշտպանելու են. տանելու են դատարան, բերելու են խուց»,-ասաց ցույցի կազմակերպիչը:
Այս պահին բողոքի ցույցը շարունակվում է:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ