Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ը Հայաստանի մամուլի ազատությունը գնահատել է 2՝ հնարավոր չորս միավորից

Հունիս 05,2019 15:30

Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը և մեդիան  2019» զեկույցը, որում Հայաստան 4 բալանոց համակարգում ստացել է երկու բալ (0-4 միավոր, որտեղ զրոն վատագույնն է, չորսը՝ լավագույնը):

Տարածաշրջանի երկրներից Վրաստանի մամուլի ազատությունը նույնպես գնահատվել է 2 միավորով: Թուրքիան և Իրանը այդ սանդղակում ստացել է 1 միավոր, Ադրբեջանը՝ 0: Ռուսաստանում նույնպես մամուլի ազատությունը կազմակերպությունը գնահատել է ամենացածր միավորով՝ 0:

Զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում՝ ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ավտորիտար երկրներում, փորձագետները նկատում են նմանատիպ միտումներ. Իշխանության կոնսոլիդացման ձգտող առաջնորդները նոր միջոցներ են գտնում, որոնցով հնարավոր է ճնշում գործադրել անկախ լրագրողների վրա:

Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները որոշակի ոգեշնչող օրինակներ են տեսնում հինգ երկրներում՝ Հայաստան, Եթովպիա, Մալազիա, Էկվադոր և Գամբիան, որոնք զգալի նվաճումներ ունեն մեդիա միջավայրում: Զեկույցի հեղինակները կարծում են, որ ուղիղ կապ կա մամուլի ազատության և քաղաքական փոփոխությունների միջև: Եթե հակաժողովրդավարական ղեկավարությունը հաճախ հարձակումներ է գործում անկախ լրատվամիջոցների վրա, բարեփոխիչ առաջնորդները կամք են դրսևորում ընդունելու քննադատություն անկախ լրատվամիջոցների կողմից:  Եվ ինչպես լրատվամիջոցների ազատության սահմանափակմանը նախորդում է իրավունքների ոտնահարում, այնպես էլ նման սահմանափակումների վերացմանը հաջորդում է ժողովրդավարական հաջողություններ:

Զեկույցի հեղինակները կարծում են, որ մամուլի ազատության տեսանկյունից Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել անցյալ տարվա ժողովրդավարական անցման ընթացքում: Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանում անցյալ տարվա գարնան ցույցերի սկզբում հեռուստաալիքների մեծ մասը խուսափում էր լուսաբանել դրանք: Բայց անկախ լրատվամիջոցների մի զանգված, այդ թվում «Սիվիլնեթը» և «Ազատությունը» կարողացան մատուցել խորը լուսաբանում, այդ թվում ուղիղ եթերների և սոցիալական մեդիայի հմուտ կիրառման միջոցով: Տեղեկատվական հոսքի արդյունքում շարժումը թափ առավ՝ ավելացնելով ճնշումը իշխանությունների նկատմամբ և լեգիտիմացնելով աճող նոր ղեկավարությանը: Այս լրատվամիջոցները նաև օգնեցին դիմակայել նախկին վարչակարգի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, ասվում է զեկույցում:

Դրանում նաև նշվում է, որ աճել է սոցիալական մեդիայի՝ որպես այլընտրանքային լրատվամիջոցի դերը ռեպրեսիվ միջավայրերում: Սոցցանցերում առաջ են գալիս այլընտրանքայի նախաձեռնություններ պետության կողմից վերահսկվող մամուլին, ինչպես որ վերջերս տեղի ունեցավ Հայաստանում, Սուդանում և Վենեսուելայում, ասվում է զեկույցում: Այդպիսի տեխնոլոգիաները կարող են օգտագործվել գրաքննությունը շրջանցելու և լրագրողի ինքնությունը թաքցնելու համար, եթե նման անհրաժեշտություն կա: Դոնոր կազմակերպությունները պետք է ֆինանսավորում տրամադրել այնպիսի տեխնոլոգիաների համար, որոնք կընդլայնեն լրագրողների ազատությունը:

Այս համատեքստում զեկույցի հեղինակները կարծում են, որ կարևոր նշանակություն ունեն նաև սոցցանցերում ուղիղ եթերները: «Հայաստանում և Բելառուսում բլոգերներն ու լրագրողները օգտագործել են Ֆեյսբուքի և այլ ծառայությունների ուղիղ եթերները՝ վիճարկելու կառավարության հայտարարությունները հակակառավարական ցույցերի մաշստաբների և նպատակների վերաբերյալ, ինչպես նաև ցույց տալու անվտանգության ուժերի՝ հաճախ կոշտ արձագանքը ցուցարարներին»,- ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930