Այսօր Aravot.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ դուք ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանին չկայիք, սա այն դեպքում, երբ Կարեն Կարապետյանին ասում էիք՝ եթե ինչ-որ մեկը վարչապետ է, այդ օրը երկրագնդի որ կետում էլ լինի, պիտի գա ԱԺ, հիմա ինչպե՞ս եք բացատրում: Վարչապետը պատասխանեց. «Ճիշտ է, նախ, երբ որոշվել էր, որ մայիսի 29-ին պետք է Նուրսուլթանը լինի, դա որոշվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, այդ ժամանակ չէինք կարող կանխատեսել, որ այդ օրը լինելու է հարցուպատասխան, որովհետեւ ԱԺ-ն դեռ ձեւավորված չէր:
Երկրորդը՝ նոր խմբագրմամբ Սահմանադրության մեջ ձեւակերպումը փոխված է:
Երրորդը՝ որ ասում էին Ղազախստանում արագ…եւ այլն, ես այնտեղից մի քիչ շուտ դուրս եմ եկել, որ գամ ԱԺ հարցուպատասխանին հասնեմ: Ես սովորաբար շարժվում եմ՝ լուսացույցերի տակ կանգնելով, օդանավակայանից հրահանգել եմ, որ բոլոր ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ-ի հարցուպատասխանին: Ես հասել էի արդեն ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին ու ասացին, որ պատգամավորները, չգիտես ինչու, իրենց հարցերը հանեցին ու մնացել է ընդամենը մեկ պատգամավոր, որ հարց պիտի տա, ձեր գալը անիմաստ է: Այնպես որ, ես չհասցրեցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ