Այս տարի լրանում է Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը։ Եվ այդ առթիվ Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին Հայաստանում են։
Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ հաջորդ ամիս պատրաստվում են մեկնարկել նոր կայք, որտեղ տեղ կգտնեն երբևէ չհրապարակված նկարներ և տեսանյութեր. «Smoke on the Water երգը կվերաթողարկվի։ Եվ դրա եկամուտները կտրամադրվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին երաժշտական գործիքներ տրամադրելուն»:
Թողարկվելու է նաև մի նոր ալբոմ, որում ոչ թե ռոք երաժշտություն է լինելու, այլ՝ հայկական. «Մենք՝ որպես կազմակերպություն, վերադառնում ենք մեր արմատներին։ Մյուս ամիս Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասարյանի հետ համատեղ հոգևոր երաժշտության սկառավառակ ենք թողարկելու, որը կոչվելու է «Մաշտոց»։ 2013 թվականին, երբ առաջին անգամ լսեցինք այս երաժշտությունը, երբ Մատենադարան էինք այցելել, և ցանկացանք պարզել, թե ում հեղինակածն է»:
Կարդացեք նաև
1989 թվականին DoSomething ավստրալիական կազմակերպությունը նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Ծրագրի 30-ամյակի առթիվ Հայաստան են այցելել Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին և Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը, որոնք հունիսի 5-ին Երևանում կմասնակցեն միջոցառմանը: Իսկ 10 տարի առաջ Mediamax-ը՝ կազմակերպության հետ համագործակցելով նախաձեռնել է «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախաձեռնությունը, որի գլխավոր արդյունքը՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցումն է: Այս ամենը՝ իրականություն դառնալու համար աջակցել են «IDBank»-ը և «Կուռ» գինիները:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ