Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է ներս մտնեինք, մարմնեղ տղամարդու դի էր». «Սասնա ծռեր»-ի գործով հարցաքննվեց Ռուզաննա Մարգարյանը

Հունիս 05,2019 15:14

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի տասը անդամի վկաների հարցաքննությունը։ Այսօր հարցաքննվեց շտապ օգնության բժշկուհի Ռուզաննա Մարգարյանը։ Բժշկուհին հիմնականում ոչինչ չէր հիշում եւ բոլոր հարցերին ի պատասխան հորդորում էր` հիմնվել իր նախաքննական ցուցմունքների վրա։

Միայն ասաց, որ երբ իրենց ուղեկցել են գնդի տարածք, ներսում տղամարդու դի է եղել. «Պետք է ներս մտնեինք, մարմնեղ տղամարդու դի էր։ Աջ կողմի վրա էր, անցանք տոնածառների մոտով։ Պատգարակով ներս մտանք, ու իրեն դրեցինք, մի կերպ դուրս բերեցինք»։

Ի պատասխան մեղադրողի հարցի, վկան ասաց, որ գնդի տարածքում Վալերի Օսիպյանին չի տեսել, իրենց՝ ՊՊԾ գունդ մտնելու ժամանակ պատանդներ դեռեւս չկային։

Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ գնդի տարածքում գտնվող անձանց զինված խոսակցությունների մասին եւ դիակի հետ կապված, հստակ տեղեկություններ են տրվել: Նախաքննական ցուցմունքներում վկան մասնավորաբար ասել է. «…11.30-ի սահմաններում մեքենային մոտեցավ ոստիկանության աշխատակիցներից, հատուկ ջոկատայիններից մեկը եւ ասաց` հարկավոր է դիակ տեղափոխելու բրիգադ: Ես պատասխանեցի, որ մեր բրիգադը չի զբաղվում դիակների տեղափոխությամբ: Սակայն նա պնդեց, որ դիակը պետք է տեղափոխվի շտապ եւ եթե հնարավոր է դա կատարի մեր բրիգադը: Ես զանգահարեցի մեր ենթակայանի ղեկավարին` Նիկոլայ Սարգսյանին եւ փոխանցեցի ոստիկանության սպայի խնդրանքը»:

Այնուհետեւ վկան պատմում է, որ ղեկավարը ցուցում է տվել, որպեսզի դիակը տեղափոխի իրենց բրիգադը: Շտապ օգնության ավտոմեքենայի մեջ ոստիկանները նստեցրել են քաղաքացիական հագուստով երկու տղամարդ, որպեսզի նրանք օգնեն դիակը տեղափոխելու հարցում: Մեքենան մոտեցել է բացված դարպասին, սակայն, դեռ մուտք չգործած, զինվորական համազգեստով եւ ինքնաձիգերով մի քանի տղամարդ են մեքենան կանգնեցրել, ուսումնասիրել են մեքենայում գտնվող անձանց, քաղաքացիական հագուստով երկու տղամարդկանց պահանջել են դուրս գալ մեքենայից եւ նրանց չեն թողել մուտք գործել գնդի տարածք: Զինված տղամարդկանցից մեկը ոտքով ուղեկցել է մեքենան, ապա բրիգադի անձնակազմին: Շենքի մի հատվածում, բժշկուհու նախաքննական ցուցմունքի համաձայն, միջանցքում չորացած արյան հետքեր են եղել: Այնուհետեւ բրիգադը`զինված տղամարդու ուղեկցությամբ հայտնվում է մի աշխատասենյակում, հետո, այնտեղից մեկ այլ սենյակ, որտեղ բազմոցի եւ պահարանի արանքում 40-50 տարեկան խոշորամարմին, միջին հասակի տղամարդու անշարժ մարմին է եղել: Տղամարդը եղել է զինվորական հագուստով: Բժշկուհին մոտեցել է մարմնին, արձանագրել կենսաբանական մահը: Ապա, ըստ նախաքննական ցուցմունքի, սենյակ են մտել մի քանի զինված տղամարդ եւ նրանց միջեւ զրույցից, ինքը հասկացել է, որ մահացած տղամարդն առաջինն է կրակել գրոհողների ուղղությամբ եւ դիմադրություն ցույց տվել, այլապես նրան չէին կրակի: Նշյալ տղամարդիկ եղել են 4-5 հոգի, բայց նրանցից ոչ մեկի դեմքը չի տպավորվել:

Բժշկուհին պնդեց իր նախաքննական ցուցմունքը, ասաց, որ այն ժամանակ ամեն ինչ ավելի թարմ էր եւ նախաքննական ցուցմունքն ավելի ճիշտ է: Նախաքննական ցուցմունքում բժշկուհին նաեւ օգտագործել է «գունդը զավթածներ» արտահայտությունը: Ամբաստանյալները փորձում էին տարբեր հարցերով հասկանալ`դա իր՞ արտահայտությունն է, թե՞ քննիչն է «թելադրել», արդյոք բժշկուհու կրթությունը հայկական է: Վերջինս պնդեց, որ քննիչը չէր կարող թելադրել, իր կրթությունն էլ ռուսական է, բայց հայերեն լավ հասկանում է:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք նաեւ, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930