Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովը դագանակ է իշխանության ձեռքին»

Հունիս 05,2019 15:03

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը, ասաց. «Իմ կարծիքով, ստեղծված այդ հանձնաժողովը բացարձակ փաստահավաք չի, վերլուծությունների համար չի, այլ զուտ քաղաքական ճնշման գործիք է: Ի՞նչ հարցերի այն պետք է պատասխան տա, մի քիչ պարզ չի: Եթե խոսքն այն մասին է, թե ով է պատերազմը սկսել, այդպիսի հարց գոյություն չունի՝ ակնհայտ է, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը: Հետեւաբար, ի՞նչն ենք կասկածի տակ դնում: Եթե խոսքն այն մասին է, որ մենք կարող էինք ավելի լավ կռվել այդ պատերազմում եւ գտնել, թե բանակը հետագայում ինչպես ավելի լավ դիմակայի Ադրբեջանի հարձակմանը, կարծում եմ, դրա համար մասնագիտական հանձնաժողով է պետք, այլ ոչ թե խորհրդարանական հանձնաժողով: Կարծեմ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, թե այդ մարդիկ նույնիսկ բանակում չեն ծառայել՝ ինչպե՞ս կարող են նրանք հասկանալ բանակային խնդիրների մանրամասները:

Շատ բան ընդհանրապես անհասկանալի է: Խոսվեց, թե պետք է պատերազմի մասնակիցների, կամ զոհվածների բարեկամներին կանչեն այդ հանձնաժողով… դա ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ կարող է տալ: Ես կարծում եմ, որ այդ մարդկանց ներգրավելը ուղղակի բողոքի հարթակ է ստեղծում, ինչը հետագայում կօգտագործվի բանակի ղեկավարության վրա ճնշումների համար եւ Արցախի ղեկավարության վրա ճնշումների համար: Դա նրանց գլխին կլինի մշտական դագանակ, որն իշխանությունը ցանկացած պահի կփորձի օգտագործել, գոնե այն վեց ամսվա մեջ, քանի այդ հանձնաժողովը գոյություն ունի: Իսկ ինչո՞ւ էր պետք հիմա ստեղծել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ հիմա Նիկոլ Փաշինյանը բոլոր միջոցներն օգտագործում է Արցախի ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար եւ սա այդ գործիքներից մեկն է դառնալու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930