Երեկ հայտնի դարձավ Մարտի 1-ի սպանությունների գործով առաջին ձերբակալվածի մասին: Խոսքը ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի մասին է: Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրեցին՝ 11 տարի անց առաջին բարձրաստիճան պաշտոնյան է ձերբակալվել՝ այդ սպանությունների կատարման կասկածանքով, սա ինչպե՞ս եք բացատրում եւ շղթայական ռեակցիայով կարո՞ղ է սա բերել բացահայտումների՝ Փաշինյանը պատասխանեց. «Սա նախ ցույց է տալիս ՀՔԾ-ի հետեւողական աշխատանքը: Բոլորս ենք հասկանում, որ վերջին ձեր ասած 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է եղել, այլ ամեն ինչ արվել է, որ փաստերը կոծկվեն: Եվ այն փաստը, որ պարկուճները փոխված էին, նշանակում է՝ ամեն ինչն է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը: Եվ այս պայմաններում եթե ՀՔԾ-ն հասել է նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի…ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո էմոցիոնալ պահեր եմ ապրել: Քանի որ խոսքը դեռ ձերբակալության մասին է, չգիտենք, մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն եւ այն, որ ակնհայտ է՝ քննությունը 2008-ի մարտի 2-ից տարվել է կոծկելու ուղղությամբ՝ ակնհայտ է»:
Հարցին՝ մշտապես խոսվում էր, որ անհայտ զինված խմբեր են, հիմա պարզվում է, որ ոստիկանության շտաբի ղեկավարն է կրակոցն արձակել, անակնկա՞լ էլ ձեզ համար՝ Փաշինյանը պատասխանեց. «Դուք երեւի հիշում եք փաստահավաք խմբի աշխատանքի հրապարակված մասերը, որտեղ ակնհայտ էր այդ հարցաքննությունից, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտություն, այլ փորձում են հնարավոր եղանակներով կոծկել այդ ճշմարտությունը: Այնտեղ մի պաշտոնյա պատմում էր,որ ավտոմատները բերել լցրել են մեքենայի բեռնախցիկը եւ բերել բաժանել են, եթե հիշում եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ