Այսօր ԱԺ-ում 2018-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն է քննարկվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նախ խոսեց 2018-ի իրադարձությունների մասին՝ ընդգծելով, որ մակրոտնտեսական կայունnւթյուն է եղել՝ անկախ այդ իրադարձություններից ու քաղաքական վայրիվերումներից. «Կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը նախորդ կառավարությունը բյուջեի հիմքում դրել էր: 2018-ի պետբյուջեն կատարվել է ու արդյունքներով ՀՀ կառավարությունը չի չկատարված պարտավորություններ, մենք ունեցել ենք ցածր գնաճային ֆոն: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հիմնականում մամուլում ու սոցցանցերում քննարկվող թեման գնաճն էր ու նեգատիվ կանխատեսումներ էին արվում, բայց մեզ հաջողվեց այդ թվում որոշ արտակարգ միջոցներ ձեռնարկելով՝ զսպել գնաճը եւ տարվա արդյունքներով մենք ունեցանք գնանկում: Թերակատարում մենք մի փոքր ունենք ծախսային մասերով, ծախսերը, որը պլանավորված էր 2018-ին, ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել, դա պայմանավորված է եղել խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարով»:
Փաշինյանն ասաց, որ շատ են խոսում, որ թավիշը շատ է եւ հեղափոխությունը պետք է շատ ավելի կոշտ լինի. «Իրոք, կարող էր եւ կարող է, բայց կառավարությունը չի կարող իր առաջ ունենալ մեկ խնդիր լուծելու համար, բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու: Ես կառավարության գործունեությունը համեմատում եմ բազմաթեւ կշեռքի կամ ճոճանակի հետ, սովորական կշեռքները եթե ունեն երկու նժար, կառավարության գործունեությունը բազմանժար կշեռք է եւ եթե մեկի հավասարակշռությունը խախտվի, կունենանք կոլապսներ ուրիշ ոլորտներում: Մեր կառավարությունը խնդիր է դրել լինել բալանսավորված, չկորցնել հավասարակշռությունները որեւէ ոլորտում»:
Նիկոլ Փաշինյանը խոսեց բռնությունների մասին. «ՀՀ-ում հաղթել է սիրո եւ համերաշխության հեղափոխությունը: Մեզ համար ի սկզբանե մեծագույն խնդիրներից մեկը եղել եւ շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձեւավորումը եւ կարծում եմ, ՀՀ-ում այսօր հենց այդպիսի միջավայր է ձեւավորված: Բռնության այն քարոզը, որը տեղ ունի ՀՀ-ում, լուսանցքային, հետցնցումային երեւույթներ են եւ որեւէ կասկած չկա, որ բռնություն քարոզող ուժերը եւ անձինք, անկախ նրանից, թե իշխանության կամ ընդդիմության համախոհներն են, նրանք դուրս են մղվելու հանրային եւ քաղաքական կյանքից: Բռնության որեւէ քարոզ, որեւէ դեպք, ատելության որեւէ դրսեւորում Հայաստանում տեղ չունի ու չի կարող ունենալ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ