Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պետբյուջեի կատարման հաշվետվության բացման խոսքում խոսեց բռնությունների մասին, ասաց, որ Հայաստանում բռնությունները, ատելության խոսքը տեղ չունեն:
Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ անհանգստությո՞ւն կա դրա հետ կապված, երեկ վստահաբար հետեւել եք, որ ՀՅԴ-ականները գնում էին եւ միջադեպի հետ կապված նշեցին, որ իրենք են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստին, ընդհանրապես մտահոգություններ կա՞ն՝ Փաշինյանը պատասխանեց. «Հիմա բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել: Սա ասում են այն ուժերը, ովքեր «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք: Էդ որ աչքով էին տալիս՝ բա զինված ուժերը, բա բանակը, իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, իրենք թալանել են իրավապահ համակարգը, թալանել են պետբյուջեն, թալանել են ամեն ինչ»:
Ճշտեցին՝ խոսքը ո՞ւմ մասին ՝ Դաշնակցությա՞ն՝ Փաշինյանն էլ պարզաբանեց. «Խոսքը իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, ով ասում է, որ հանուն ազգային արժեքների ես բռնության եմ ենթարկելու: Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո պետք է իրավապահ մարմինները պարզեն՝ էդ ակցիայում երկու հոգի որոշել են մարդ ծեծեն՝ ծեծե՞լ են, թե՞ եղել է հանձնարարական ու դա կազմակերպած ակցիա է, եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի: Այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, պետք է նրանք հատ-հատ բերվեն պատասխանատվության: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտներին փռել, պատերով տալ, բայց հանկարծ մեր բարեկրթությունը թող որեւէ մեկը չշփոթի թուլության հետ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ