Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիլվա Ադամյան. «Սևանի հետ կապված խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մեր պատգամավորները պատկերացնում են». «Փաստ»

Հունիս 05,2019 12:03

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ներկայացնելով «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, նշել էր, որ դրանով 3 կարևոր փոփոխություն է առաջարկում: «Նախ՝ սահմանում ենք, որ Սևանա լճի ջրի բացասական հաշվեկշիռ չենք կարող ունենալ: Երկրորդ՝ լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումն արգելվում է: Առաջարկվող երրորդ փոփոխությամբ ֆիքսվում է, որ Սևանա լճի ջուրը միայն խմելու ջուր է, և որպես խմելու ջուր դրա պահպանումը շատ ավելի կարևոր է, քան ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործումը», – ասել է Վարազդատ Կարապետյանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ համակարծիք է այն տեսակետի հետ, որ նոր ՀԷԿ-եր չպետք է կառուցվեն, ավելին՝ եղածների քանակը պետք է կրճատվի: «Դրանք ոչ միայն Սևանին, այլև շրջակա միջավայրին լուրջ վնաս են հասցնում: Բայց Սևանի հետ կապված խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մեր պատգամավորները պատկերացնում են: Գիտնականները լուրջ ուսումնասիրություններ են կատարել, որտեղ պնդում են, որ մոտակա 5-6 տարիների ընթացքում Սևանից ընդհանրապես չի կարելի ջուր բաց թողնել, որովհետև դա խարխլում է էկոլոգիական հավասարակշռությունը, ինչն էլ հանգեցնում է Սևանա լճի ջրի որակազրկմանը և լճի էկոլոգիայի փոփոխմանը: Սակայն այս նոր օրինագծով առաջարկվում է պահպանել 170 մլն խմ ծավալով ջրառը, միևնույն ժամանակ բացառել դրանից ավելի ջրի բացթողումը:

Բայց նույնիսկ այդ դեպքում ունենք լուրջ վտանգներ: Այսօր Սևանա լճի ջուրը որակազրկվել է, ունենք ձկնապաշարների նվազման, ճահճացման խնդիրներ: Սա պետք է շատ լուրջ ուսումնասիրել, հետո նոր օրինագծեր ներկայացնել: Իսկ այդ ուսումնասիրությունները կան: Լուրջ մասնագետներ են դրանցով զբաղվել, բազմիցս ելույթներ ունեցել և ասել, որ 5-6 տարի Սևանա լիճը պետք է հանգիստ թողնել», – ասում է Ադամյանը՝ ընդգծելով, որ բոլորովին չի խոսվում լճի հատակի մաքրման անհրաժեշտության մասին:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930