Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին խոսք չկա

Հունիս 05,2019 12:00

Նախապատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

Անցյալ շաբաթ տարածաշրջան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանը վերաբերող հարցեր. «Այս համատեքստում կարեւորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ լարվածություն առաջացնող գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը»: Փաշինյանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անդրադարձել էին նաեւ մարդասիրական եւ մարդկանց միջեւ շփումների ոլորտներում քայլերի իրականացման հնարավորություններին:

Մինչեւ այդ միջնորդներին ընդունել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարի Վիեննայի գագաթաժողովի եւ ԱԳ նախարարների Մոսկվայի հանդիպման արդյունքները, անդրադարձ էր կատարվել բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավմանը, խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը, հումանիտար ոլորտում փոխգործակցությանը, մարդկանց միջեւ շփումների հաստատմանն ուղղված հարցերին: Նրանք քննարկել էին նաեւ համանախագահների միջնորդությամբ՝ ԱԳ նախարարների միջեւ առաջիկա հանդիպման հարցերը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որը նրանց ուշադրությունն էր սեւեռել Ադրբեջանի զինված ուժերի կողմից, առանց միջազգային հանրությանը վաղօրոք տեղեկացման, այս ամսին անցկացված լայնածավալ զորավարժությունների ու վերջին շրջանում հաճախակիացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վրա՝ դիպուկահարների ներգրավմամբ: Տոնոյանը նշել էր, որ չնայած այս բացասական միտումներին, Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը։

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի հաջորդ մայրաքաղաքը Ստեփանակերտն էր, որտեղ կայացել էր նրանց հանդիպումը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել էին սահմաններում տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները: Բակո Սահակյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շեշտել էր բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, թե պաշտոնական Ստեփանակերտը միջնորդների հետ հանդիպմանը նաեւ այլ հարցեր է բարձրացնելու. «Իհարկե, խոսում ենք բոլոր թեմաների մասին: Դա ե՛ւ խաղաղ կարգավորումն է, ե՛ւ բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումն է: Արդեն 2019 թվականի դինամիկան ցույց է տալիս, որ այս տարի է՛լ ավելի հագեցած է լինելու՝ Ադրբեջանում զորավարժությունների տեսանկյունից: Բնական է, այս ամենի մասին խոսելու ենք, որովհետեւ սա առնչվում է հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային զարգացումներին»:

Բաբայանը նշել էր, որ չեն սահմանափակվելու միայն վերջին զորավարժությունների հարցով. «Կես ամիս առաջ նրանք անցկացրին եւս խոշոր զորավարժություն Թուրքիայի հետ: 2017 թվականի սկզբին՝ նորից Թուրքիայի հետ խոշոր զորավարժություն: Սա, եթե չեմ սխալվում, հինգերորդ կամ վեցերորդ զորավարժությունն է, որ Ադրբեջանն անց է կացնում: Սա ցույց է տալիս Ադրբեջանի իրական նպատակները, դրանց հասնելու եղանակները, որոնք Ադրբեջանը մշակում է, որպեսզի ապագայում էլ ոչնչացվի արցախյան պետականությունը: Իրենք դա չեն թաքցնում: Վերջին զորավարժությունների ժամանակ առհասարակ զինվորներին կանգնեցրել էին շարք եւ գրել էին՝ Շուշին պիտի գրավենք»:

Պաշտոնական Բաքուն դեռ մինչեւ միջնորդների ժամանելն՝ արդեն մի քանի անգամ խոսել էր բանակցություններում Ղարաբաղի մասնակցության անհնարինության մասին: Հղում անելով 1992 թվականին, Ադրբեջանի իշխանությունները շեշտում էին, թե բանակցությունների ներկայիս ձեւաչափը որոշվել է դեռ այդ ժամանակ՝ ակնհայտորեն մոռացության տալով, որ Արցախի կարգավիճակը, որպես հակամարտության լիարժեք կողմ, ճանաչվել է դեռ պատերազմի տարիներին միջազգային հանրության կողմից, որն այնուհետեւ արտացոլվել է թե՛ ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձեւում, որին պաշտոնական Բաքուն շարունակաբար հղում է կատարում, ինչպես նաեւ ԵԱՀԽ Բուդապեշտի 1994 թ. գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում։

Մինչ համանախագահները կայցելեին Բաքու՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում անդրադարձել էր ԼՂ հակամարտությանը: ԱՄՆ-ն կողմնակից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ հակված է այդ հարցում հաստատուն որոշում փնտրելու առումով աջակցություն ցուցաբերել կողմերին, ասել էր նա՝ հավելելով. «Մենք գնահատում ենք կողմերի՝ վերջին ժամանակներս բանակցությունների միջոցով հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար բարձր մակարդակով մասնակցությունը, ինչպես նաեւ այն ջանքերը, որոնք ներդրվում են արդյունավետ քննարկումների եւ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մեջ»,- ասվում էր Պոմպեոյի շնորհավորական ուղերձում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում եւս հպանցիկ անդրադարձ էր կատարվել ԼՂ խնդրին:

Մայիսի 30-ին տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում էին, որտեղ հանդիպել էին Ադրբեջանի իշխանությունների հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից մանրամասներ չփոխանցվեցին, նշվում էր միայն, որ կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս վիճակն ու բանակցությունների հետագա հեռանկարները:

Համանախագահների տարածաշրջանային հանդիպման վերաբերյալ հաղորդագրություններում խոսք չեղավ նաեւ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին: Նկատվում է, որ միջնորդներն ու կողմերը շարունակում են քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախապատրաստման շուրջ։

Մայիսի 30-ին համանախագահներն ամփոփեցին տարածաշրջան կատարած իրենց այցը՝ համատեղ հայտարարությամբ: «Այցի հիմնական նպատակը շփման գծում եւ միջազգային սահմանին իրավիճակի զարգացման գնահատումն էր, ինչպես նաեւ մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի, ապա եւ Մոսկվայում ապրիլի 15-ին համապատասխանաբար արտգործնախարարների հետ ունեցած քննարկումների շարունակումն էր», – ասված էր հայտարարությունում:

Կողմերի խնդրանքով համանախագահները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել կարգավորման գործընթացի հաջորդ քայլերի, այդ թվում եւ հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում իրենց հովանու ներքո հանդիպելու վերաբերյալ, եւ պատշաճ ժամկետներում այս մասին մանրամասներ կհրապարակեն:

Համանախագահները նաեւ խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի կապակցությամբ եւ կողմերին կոչ են արել հնարավորինս զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել իրավիճակի հետագա լարումից:

Ուշագրավ է, որ միջնորդների համատեղ հայտարարությունում նշվեց, որ մայիսի 28-ին համանախագահները Լեռնային Ղարաբաղում հանդիպել են Ղարաբաղի «դե ֆակտո իշխանությունների» հետ, Ղարաբաղում միջնորդները նաեւ լսել են Միջազգային Կարմիր Խաչի տեղական ներկայացուցչի տեղեկատվությունը հումանիտար հարցերի վերաբերյալ, իսկ Բաքվում համանախագահները հանդիպել են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ:

Նկատենք, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին հիշատակում արձանագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ՝ 2015թ. հոկտեմբերի 29-ին Բաքվում տարածած, 2017թ. հունիսի 19-ին Բաքվում տարածած հայտարարություններում, 2018թ. նոյեմբերի 2-ի՝ Երեւանում եւ Բաքվում տարածած համատեղ հայտարարությունում: Թեեւ հարկ է նշել, որ մայիսի 30-ին տարածած հայտարարությունում, ի տարբերություն նախորդ տարիների, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ձեւակերպման հետ առաջին անգամ է օգտագործվել նշյալ համայնքի «ղեկավար» բառը:

Ամփոփումը՝ «Առավոտ»-ի հունիսի 5-ի համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  04.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930