Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողին հրամանատարը հրազենով վիրավորել էր. դատավճիռը հրապարակվել է

Հունիս 05,2019 14:30

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ավագ լեյտենանտ Գեւորգ Մարտիրոսյանին պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա։

Հիշեցնեմ, որ ավագ լեյտենանտը մեղադրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Արմեն Հարությունյանի` հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Ի՞նչ վիճակով էր գործն ուղարկվել դատարան: Այս գործով դատարանը կիրառել է արագացված ընթացակարգ:

2019 թվականի հունվարի 31-ին նախաքննության մարմինը Գեւորգ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասով, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, 2018 թվականի դեկտեմբերի 5-20-ը նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասում` որպես մարտական հենակետի ավագ, 2018 թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, մաքրելու նպատակով վերցրել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի «ԼԴ 2764» համարի ինքնաձիգը, որի ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները` առանց լիցքաթափման գործողություն կատարելու եւ զենքի փամփշտանոցում փամփուշտի առկայությունը ստուգելու, բացել է ինքնաձիգի ապահովիչը եւ սեղմել ձգանը, ինչի արդյունքում արձակված կրակոցի հետեւանքով կացարանում գտնվող, մահճակալի երկրորդ հարկում պառկած, նույն մարտական դիրքի ավագ, նույն դասակի 2-րդ ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, սերժանտ Արմեն Հարությունյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է ձախ ազդրի հետին մակերեսի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորման` արյունահոսությամբ ուղեկցված, բեկորային կոտրվածքների, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գեւորգ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս քրեական գործն ապրիլի 16-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մուտքագրվել էր ապրիլի 29-ին, ընդունվել է վարույթ, նշանակվել դատաքննություն, մայիսի 13-ին հրապարակվել էր դատավճռի եզրափակիչ մասը:

Ըստ դատարանի՝ ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ են պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի առկայությունը եւ կատարած հանցանքի համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը:

Հրամանատարը բնութագրվել է բավարար, նախկինում դատապարտված չի եղել:

Տուժողը միջնորդել է հրամանատարի նկատմամբ մեղմ վերաբերվել, եւ հայտնել է, որ նրանից բողոք չունի:

Դատարանը քննարկել էր ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված նվազ խիստ պատժատեսակների` զինվորական ծառայության մեջ սահմանափակումը եւ կարգապահական գումարտակում պահելու հարցը: Ըստ դատարանի, Գեւորգ Մարտիրոսյանի նկատմամբ չեն կարող նշանակվել այդ հիմքով սահմանափակումներ, «նկատի ունենալով, որ զինվորական ծառայության մեջ սահմանափակումը չի կարող ապահովել պատժի նպատակների իրականացումը, իսկ կարգապահական գումարտակում պահելը նշանակվում է հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ, ուստի նրա նկատմամբ պետք է նշանակվի ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակը` ազատազրկումը»: Տվյալ դեպքում, դատարանը հանգել էր հետեւության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, հետեւաբար, որոշում է կայացրել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Դատավճռով արձանագրել էր. «Դատարանը, վերլուծելով եւ գնահատելով գործի վերը նշված տվյալները, հաշվի առնելով ամբաստանյալի կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաեւ տուժողի դիրքորոշումը, գտնում է, որ վերը թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետեւության, որ Գեւորգ Մարտիրոսյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու ու ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործությունների կանխմանը: Տվյալ դեպքում դրանով կապահովվեն նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ եւ 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման եւ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները»:

Քրեական գործով քաղաքացիական հայց չի հարուցվել:

Գեւորգ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930