Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակի օգտագործված անուշաբույր հեղուկը դատավճռով վերադարձվել է տուժողին

Հունիս 05,2019 14:00

2 հատոր (1-ին`167 թերթ, 2-րդ`190 թերթ) քրեական գործ է կազմվել մի օծանելիքի գողության համար: Կոտայքի մարզի բնակիչ Անիկ անունով մեկի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 ամիս ժամկետով:

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Իրեղեն ապացույց գինու դատարկ շիշը ոչնչացվել է, իսկ մասնակի օգտագործված անուշաբույր հեղուկը վերադարձվել է Համեստ անունով տուժողին: Գործը բողոքարկման փուլում է: Դատախազը պահանջում է նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարել նախորդ դատավճռով նշանակված եւ պայմանականորեն չկիրառված 1 ամիս ժամկետով կալանքը:

Ըստ մեղադրանքի, Անիկը «ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ՝ 2017թ. նոյեմբերի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, մուտք է գործել տուժողին պատկանող` Կոտայքի մարզում գտնվող գյուղի տունը եւ խոհանոցի սառնարանի միջից բացահայտ հափշտակել մեկ շիշ գինի` բացված վիճակում, իսկ ննջասենյակից` մեկ հատ օգտագործված «Արմանդ բասիինբլու» տեսակի օծանելիք»: Ուշագրավ է, որ հեռանալիս տուժող տանտիրուհին տեսել է ամբաստանվողին, որի հագուստի տակից ընկել է գինու շիշը, սակայն իրեն չի կորցրել, կռացել վերցրել է, ու փախել:

Դատարանում զղջացել է Անիկը, ըստ դատաբժշկական փորձաքննության, նրա մոտ ոչ սթափ վիճակ է արձանագրվել:

Պարզվել է, որ Անիկը 2015թ. նոյեմբերի 12-ից գտնվում է նարկոլոգիական կաբինետում դիսպանսեր հաշվառման մեջ, նրա մոտ ախտորոշվել է «հոգեկան եւ վարքային խանգարումներ ալկոհոլի գործածման հետեւանքով, կախվածության համախտանիշ»: Դատարանով նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Այսինքն՝ հանցանքը կատարելու պահին էլ նա եղել է սահմանափակ մեղսունակ:

Երկհատորանոց գործի մեջ չկա գոնե մի տող, թե, ի վերջո, որքան վնաս է տվել տուժողին, որ գործը բերել-հասցրել են դատարան:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ, 

04.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930