Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմի բանվորից մինչեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար

Հունիս 05,2019 13:30

Հարցազրույց ռեժիսոր, Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի հետ

– Պարոն Ներսիսյան, շուրջ 6 ամիս է, ինչ ստանձնել եք Երեւանի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: «Առավոտը» սպասում էր ձեր առաջին ներկայացմանը, որը կայացավ վերջերս՝ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ», ինչի պրեմիերայից հետո որոշել էինք նախ լսել թատերագետների խոսքը, ապա նոր հարցազրույց վարել ձեզ հետ:

Բայց վերջին տարիներին մեզանում ընդունված է, որ նման խնդրանքին ի պատասխան՝ յուրաքանչյուր թատերագետ ասում է՝ «ինչո՞ւ հենց ինքը…»: Քանի որ թատերական շրջանակներում ձեր անվան շուրջ մինչ օրս տարաբնույթ խոսակցություններ են պտտվում, իբր դուք Երեւանի թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո եք մեկնել Մոսկվա, ոմանք հավաստիացնում են, թե Ստանիսլավսկու թատրոնում բեմի բանվոր եք աշխատել… Կխնդրեինք ներկայացնեիք ձեր անցած ճանապարհը:

– Այո՛: Ստանիսլավսկու թատրոնում աշխատել եմ որպես բեմի բանվոր: Այս թատրոնը անգիր գիտեմ… Ժամանակին թատրոնի գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Ալեքսանդր Սամսոնիչից մասնավոր դասեր եմ վերցրել, նրան նաեւ իմ ուսուցիչն եմ համարում: Իսկ Երեւանի թատերական ինստիտուտում ուսանել եմ Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում:

Ինչ վերաբերում է Մոսկվա մեկնելուն, դա իմ երազանքների երազանքն էր՝ մշտապես հետաքրքրված եմ եղել մոսկովյան թատերարվեստով… 1993թ. մեկնեցի, հանդիպեցի թատերարվեստի դեմքերից Մարկ Ռոզովսկուն եւ ասացի՝ ես եկել եմ: Արդյունքում հայտնվեցի «Նիկիտյան դարպասներ» թատրոնում… Բայց դա ունի իր նախապատմությունը: Նշեմ, որ դեռեւս 3-րդ կուրսի ուսանողիս Երվանդ Ղազանչյանը վստահեց Պատանի հանդիսատեսի թատրոնում իրականացնել Մոլիերի «Պարոն դե Պուրսոյանկը», որից անմիջապես հետո Ալեքսանդր Գրիգորյանը հրավիրեց ռուսական թատրոն, որտեղ բեմադրեցի Նաբուկովի «Վալսի արարումը» եւ ամերիկացի դրամատուրգ Ռեյտտիգանի «Կինը խաղից դուրս» երկը: Մի բան էլ նշեմ, որպեսզի ավելի պարզ լինի՝ 15 տարեկանում եմ ավարտել դպրոցն ու մեկնել ԳԻՏԻՍ: Վերջին քննությունից կտրվել եմ (ժպտում է), որի պատճառն ինձ ասացին՝ դիմորդներ կան, որ սա նրանց վերջին հույսն է, իսկ դուք շատ երիտասարդ եք, եթե չասենք պատանի: Ի դեպ, երկրորդ տարին էլ չընդունվեցի. այս անգամ ճանաչված թատերական մի գործչի (անունը չհայտնեց) եւ իմ «սիմպատիան» չբռնեց, ինչի համար չեմ ափսոսում: Եկա եւ ընդունվեցի Երեւանի թատերական ինստիտուտ:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան գործունեությանս, բեմադրություններ եմ իրականացրել մոսկովյան թատրոններում, այդ թվում՝ Օստրովսկու, Վեդոգոյնիի… Նիժնի Նովգորոդում բեմադրել եմ Մոլիերի, Շեքսպիրի, Շվարցի գործերից, Օմսկում եւ Տոլյատիում՝ Չեխովի «Ճայը», Ղազախստանում Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից», աշխատել եմ Տոգոնրոգի եւ այլ քաղաքների թատրոններում:

Եթե հետաքրքիր է, նշեմ, որ բեմադրություններս մասնակցել են տարբեր փառատոների, օրինակ, ԱՄՆ-ում կայացած ժամանակակից դրամատուրգիայի, բեմադրել եմ Չեխիայի էքսնախագահ Վացլավ Հավելի գործը… Մեծ հաշվով նախընտրում եմ բեմադրել Շեքսպիր, Մոլիեր, Չեխով…

– Ռուսաստանյան մամուլից տեղեկացել ենք, որ Մոսկվայում հիմնել եք նաեւ «Հին թատրոն միությունը»…

– Սկսած 2000-ականների սկզբից, շուրջ ութ տարի տեւեց միության գործունեությունը: Իհարկե, ունեինք հովանավորներ, Մոսկվայի մշակույթի դեպարտամենտից էլ ստանում էինք մենաշնորհներ… Բացի հիմնական թատերախմբից, սիրով համագործակցում էին անվանի, այդ թվում՝ ժողովրդական արտիստներ Եվգենի Կինդինովը, Բորիս Կլյուեւը եւ այլք: Միության խաղացանկը իսկապես մեծ էր: Այդ տարիներին բեմադրեցի Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» հայտնի գործը:

– Ասում են, որ աշխատել եք նաեւ ռուսաստանյան տիկնիկային թատրոններում, ինչպես նաեւ հանդիսացել 1-2 թատրոնների գեղարվեստական ղեկավար:

– Ես հանդիսացել եմ Ռյազանի դրամատիկական եւ մոսկովյան Պերովսկոյի վրա գտնվող թատրոնի գլխավոր ռեժիսորը: Իսկ տիկնիկային թատրոնի հանդեպ սերը դեռ դպրոցից է: Իսկապես Մոսկովյան մարզային թատրոնում բեմադրեցի Գոգոլի «Ռեւիզորը», որը ժամանակին նոմինացվել է «Ոսկե դիմակում»: Հրավիրվել եմ Վոլգոգրադի տիկնիկային թատրոն… Այս պահին էլ ունեմ հրավերներ մոսկովյան թատրոններից, այդ թվում տիկնիկային, բայց հասկանալի պատճառով կենտրոնացել եմ Երեւանի թատրոնում:

– Այնուամենայնիվ, անդրադառնանք ձեր ռեժիսուրայով «Ռոմեո եւ Ջուլիետին». մասնագետներից մեկ-երկուսը հավաստիացնում են, որ բեմադրական աշխատանքներին մասնակցել է նաեւ ձեր տիկինը: Ի պատիվ նրա, նույնիսկ ձեր ընդդիմադիրներից 1-2-ը գովեստի խոսքեր են շռայլում նրա հասցեին, որպես ձեր օգնականի: Հավաստիացնում են նաեւ՝ որ այդ բեմադրության մեջ ռուսական երանգներ կան:

– Տիկինս՝ Դարյա Կազեեւան, դերասանուհի է, ուսանել է Մարկ Զախարովի արվեստանոցում, ապա ասպիրանտուրայում խորացել «բեմական խոսքում», Երեւանի թատրոնում դերասանների հետ անցկացրել է թրեյնինգներ: Մոսկվայում կայացած «Իմ սիրտը» բեմադրության պրեմիերայից հետո թատերագետներն առանձնացնում էին Ջոնիի դերակատարին՝ Վասիլի Ռակշային, որին «հայտնաբերել» էր Դարյան: Ռուսական երանգների մասով էլ ես եմ հավաստիացնում, որ Ռուսաստանում իմ բեմադրություններից հետո ասում էին հակառակը՝ հայկական երանգներ կան: Օրինակ, մի թատերագիր «Ձյունե թագուհի» ներկայացումից հետո պարզ գրել էր. Գերդան հայկական է: Կամ՝ Վոլգոգրադում՝ ուկրաինական էպոսի մոտիվներով արված «Ամանորյա գիշերից առաջ» ներկայացումից հետո գրեցին, թե հայկական երանգներ կան…

– Կարելի է ենթադրել, որ ձեր տիկնոջն էլ մի օր կհանդիպենք երեւանյան ներկայացումներից մեկում:

-Գուցե…

– Ցանկացած թատրոնում հրավիրված նոր գեղարվեստական ղեկավար ասում է, թե միտում ունի թատրոնն արդիականացնելու… Այս միտքն արտահայտել է նաեւ 82 տարի առաջ Ստանիսլավսկու թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար Լեւոն Քալանթարը…

-Նման բարձրագոչ բառեր կամ արտահայտություններ չեմ անի: Մի նպատակ ունեմ, որ թատրոնը լինի կենդանի օրգանիզմ, ինչու չէ, կայանան նաեւ էքսպերիմենտներ… Իմ դեպքում, գուցե բառը նույնպես բարձրագոչ հնչի, բայց սերն է թատրոնի նկատմամբ: Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով սկսել ենք «Քաջ Նազարի» աշխատանքները: Ցանկությունս է այն լինի ընտանյոք դիտման ներկայացում ե՛ւ երեխաների, ե՛ւ մեծահասակների համար:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930