Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր միջի մանուկը արթուն է»

Հունիս 05,2019 13:00

Կայացավ «Օրրանի» 14-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը

«Այս միջոցառումն իր մեջ պարունակում է շատ կարեւոր պատգամ, այն հետեւյալն է` ինչքան էլ մեծանանք, պետք է կյանքին նայենք մանուկների աչքերով: Այս միջոցառման միջոցով փորձում ենք ապացուցել, որ մեր միջի մանուկը դեռ արթուն է, ուզում ենք օգնել, որ այս մանուկների կյանքից հուսահատությունը վերանա»,- «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում հունիսի 2-ին կայացած «Օրրանի» 14-րդ ամենամյա բարեգործական ընթրիքին ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե որն էր երեխա ժամանակ ստացած իր ամենաթանկ նվերը:

«Պետք է մտածեմ, որ հիշեմ: Դժվար պայմաններում էինք ապրում եւ հեշտ չէր նվերներ ստանալը, երբ երեխա էինք: Ինչքան հիշում եմ, երբ փոքրիկ խաղալիք մեքենաներ էին բերում, դրանցով խաղում էի: Մինչեւ հիմա էլ, եթե խաղալիք մեքենա լինի, կնստեմ կխաղամ: Անկախ նրանից, մարդ ինչքան էլ մեծանա, իր մեջ ապրում է երեխան»,-ասաց պարոն Յիրիկյանը: Նա նշեց, որ երկար տարիներ «Օրրանի» կողքին են եւ հավատում են «Օրրանի» հարատեւությանը, հատկապես, որ այն ձգտում է ամեն գնով խոցելի խմբերի երեխաների հետ աշխատել եւ օգնել հաղթահարել կյանքի դժվարությունները:

«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշեց որ բարեգործական կազմակերպությունը իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հիմնադրվել է 2000թ. եւ սա 14-րդ բարեգործական ընթրիքն է, որտեղ հավաքվել են «Օրրանի» բարեկամները: «Երեկոյի նպատակն է` այնքան միջոցներ հայթայթել, որպեսզի տարվա մեջ 300 երեխայի եւ 100 տարեցների տաք սնունդ ապահովենք, առողջական, կրթական, սոցիալական եւ այլ հարցեր լուծենք մեր շահառուների համար»,-ասաց «Օրրանի» հիմնադիրը:

Տիկին Հովհաննիսյանը ցույց տվեց «Օրրանի» ծառը, որտեղ նշված էին այն մարդկանց անունները, որոնք նվիրատվություն են արել «Օրրանին»: Ուրախությամբ փաստեց, որ ամեն տարի «Օրրանի» բարեկամների թիվն ավելանում է. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ անձամբ Յիրիկյան ընտանիքը մեր ամենահին բարեկամներից են, որը միշտ ամենամեծ ու նշանակալից ներդրումն է կատարում: Մենք նրանց համարում ենք մեր լավագույն գործընկերը: «Օրրանը» սկիզբ է դրել նոր մշակույթի` տարբեր ձեռնարկություններ իրենց ներդրումն են ունենում այս բարեգործական ճաշին: Ես ողջունում եմ բոլոր նախաձեռնությունները բարեգործության մեջ: Նաեւ կարծում եմ, որ ժամանակն է ունենանք օրինակելի բարեգործական կազմակերպություններ, որոնք ճիշտ եւ համաշխարհային ստանդարտներով կկազմակերպեն իրենց աշխատանքները: Մենք փորձում ենք այդ կազմակերպությունը լինել «Օրրանում»: Շնորհակալ ենք բոլոր բարի մարդկանց ու կազմակերպություններին, որ մեզ հետ են, որովհետեւ հասկանում ենք, որ «Օրրանին» ուղղվող դրամական միջոցները իրենք կարող են ծախսել իրենց ընտանիքներիի վրա»:

Արմինե Հովհաննիսյանը ընթրիքի ամենահետաքրքիր բաղադրիչներից մեկը համարում է աճուրդը. «Այստեղ ինչ անհատներ ու կազմակերպություններ հավաքված են, ինչ ծառայություն մատուցվում է, նվիրատվություն է` սկսած «Մարիոտ Արմենիա» հյուրանոցից, վերջացրած «Կոկա-Կոլայով», խմիչքներով: Աճուրդի ժամանակ մարդիկ այնքան մեծ ուրախությամբ են գումար նվիրում, որովհետեւ ցանկանում են երեխաներին եւ դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին ուրախ տեսնել»:

Ի թիվս այլնի, աճուրդի ժամանակ վաճառվեցին «Մեգերյան գորգի» նմուշներից, «Օրրան Վանաձորի» երեխաների եւ կամավոր Ռուբեն Ավեդիսյանի պատրաստած հայկական այբուբենը, «ԱրմԱսի» այգիների տուրփաթեթը, Արեւ Պետրոսյանի նկարը եւ այլն: Այս տարվա միջոցառման հանդիսավարներն էին Վիկտորյա Ասլանյանը, Լարիսա Հովհաննիսյանը եւ Արտակ Հերիքյանը: Երաժշտական հյուրը՝ The Band-ը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

04.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930