Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հակված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Տոյվո Կլաար

Հունիս 04,2019 23:45

Հայաստանի նոր կառավարությունը հակված է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը և կառուցողական երկխոսության: Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Եվրամիության Հարավային  Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը եղել է Ադրբեջանում և հանդիպել այդ երկրի ղեկավարության հետ:

«Այդպիսին է մեր տպավորությունը ԱԳՆ ղեկավարի և Հայաստանի այլ առաջնորդների հետ մի շարք պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների արդյունքում»,- ասել է Կլաարը:

Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը՝ ԵՄ պաշտոնյան դրա կարևոր նախապայման է համարում քաղաքական կամքի առկայությունը: «Որպեսզի բեկում տեղի ունենա, կողմերը պետք է դրսևորեն քաղաքական կամք: Դա մի բան է, որ չի կարող նրանց կողքից տրվել»,- ասել է դիվանագետը:

Կլաարը նաև նշել է, որ ԵՄ-ն բանակցությունների մասնակից չէ, բայց սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

«Նախագահ Իլհամ Ալիևն ինձ տեղեկացրել է՝ ինչպես է ինքը գնահատում ներկայի իրավիճակը, ինչ մարտահրավերներ և ինչ հնարավորություններ կան: Այս ամսվա վերջին ես նախատեսում եմ այցելել Երևան և շարունակել քննարկումները Հայաստանի ղեկավարության հետ»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

Կլաարը նշել է, որ Ալիևի հետ քննարկվել է նաև ըստ պայմանավորվածության մարդասիրական քայլերի իրականացման հարցը: «Մենք քննարկել ենք վստահության և փոխըմբռնման հաստատմանն ուղղված միջոցառումների հարցը: Ես հույս ունեմ, որ Բաքվում և Երևանում գիտակցում են այդ գործընթացի կարևորությունը, և ես խնդրել եմ նախագահին և ԱԳՆ ղեկավարին ասել՝ ինչպես կարող է այդ գործընթացին օգնել Եվրամիությունը»:

Հարցին, թե ինչպես կարող է ԵՄ-ն օգնել խաղաղության գործընթացին, ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ բազում տարիներ ԵՄ-ն միջոցներ է հատկացրել քաղաքացիական հասարակության զարգացմանը, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու նախագծերին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն երկու նախագիծ ունի Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մակարդակով, որոնցից մեկը վերջերս տեղի է ունեցել Թբիլիսիում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930