Լրահոս
Օրվա լրահոսը

Վեթինգը կփրկի Հայաստանը, եթե այն կիրառվի համակարգային, այլ ոչ կետային մոտեցմամբ

Հունիս 04,2019 23:40

Ցանկացած բնագավառում վեթինգի կիրառումը համարվում է խստագույն պատժամիջոցներից մեկը և նման պարագայում պետք է չափազանց զգույշ գործել, քանզի ցանկացած համակարգում որոշակի իրավիճակ շտկելու փոխարեն, հնարավոր է հայտնվել էլ ավելի վատ իրավիճակում, եթե նախքան դրա կիրառումը նշված համակարգի կտրվածքով խորը և համապարփակ վերլուծություններ չի արվում: Ցանկացած համակարգի առողջացման, բարեփոխման համար պետք է դիտարկել աշխարհի փորձը, իրականացնել այդ երկրներում համանման իրավիճակների համեմատականը մեր երկրում ստեղծված իրավիճակի հետ, մանրակրկիտ ուսումնասիրել ու դասակարգել այդ երկրներում առկա առանձնահատկությունները և վերջնարդյունքում համոզվելով, որ այլ, ավելի քիչ ցավոտ ճանապարհ չկա, հետո միայն գնալ վեթինգի ճանապարհով: Այն չափազանց շատ նրբություններ է ներառում իր մեջ, քանզի գործ ունենք մարդկանց մի հոծ շերտի ապրած կյանքի հետ, որն իհարկե լեցուն լինելով կոռուպցիոն գործելաոճով և մարդկային ճակատագրերի խեղմամբ, միաժամանակ լեցուն է հոգեբանական բազմապիսի նրբություններով: Հայտնի չէ, թե որքանով է իշխանությունը վերլուծել և հաշվարկել վերը նշված նրբերանգները, մի բան ակնհայտ է, որ այդ հարցում սխալվելը շատ թանկ կնստի թավշյա հեղափոխությունը դեռ լրիվ չթոթափած երկրի վրա:

Արդեն տևական ժամանակ է, ինչ բոլոր հարթակներում բացարձակ գերակշռող են դարձել իշխանության առաջարկով դատավորներին վեթինգի ենթարկելու մոտեցման վերաբերյալ քննարկումները, նույնիսկ ավելին՝ որոշակիորեն բարձրաձայնվում ու արձանագրվում է, իբր իշխանության մնացած ճյուղերի առումով վիճակը համարյա նորմալ է և այդ վեթինգից հետո դատական համակարգի վիճակը ևս որոշակիորեն կլավանա և այն իրոք կդառնա անկախ, արդարամիտ և կծառայի միմիայն երկրին, ժողովրդին և օրենքին:

Այլ խոսքով, երկրում այդ վերջին բացը ևս կլրացվի և ժամացույցը կսկսի աշխատել համարյա անխափան: Եթե մի պահ նույնիսկ ընդունենք, որ դատավորներին վեթինգի ենթարկելով, հաղթահարած կլինենք երկրում առկա իշխանական վերջին թևի՝ դատական իշխանության կայացման պրոբլեմը, այդ դեպքում որպես շարունակություն պարտադրված կլինենք ընթանալ մեզ կրկնկակոխ հետևող երկու ելքերից մեկով. կամ պետք է իշխանության արդեն կայացած բոլոր երեք ճյուղերն էլ ավելի զարգացնենք ու ամրացնենք, կամ էլ պետք է շտկենք առաջարկվող վեթինգի մասով առկա լուրջ բացթողումը, այն է՝ վեթինգի ենթարկենք ոչ միայն դատավորներին, այլև ողջ դատաիրավական համակարգը, քանզի նրա մի ահռելի մասը՝ դատախազական համակարգը և դատախազները, ովքեր իրենց աշխատանքի ոճով համարյա չեն տարբերվել դատավորներից, ավելին` նրանք գործել են որպես մեկ միասնություն՝ որպես նույն մարմնի երկու թևեր, դուրս են մնում վեթինգից, որն առնվազն տարօրինակ է, որովհետև ինչպես կարող է խոսք գնալ թեկուզ մեկ դատական վճռի մասին, որտեղ դատական գործընթացից դուրս կարող է մնալ դատախազությունը: Այստեղ ևս տարբերակները երկուսն են. կամ իշխանությունը լրիվ վստահում է դատախազությանը, կամ էլ հաշվի չի առել, որ դատական վարույթներն իրականացվում են միմիայն դատախազության մասնակցությամբ և եթե վստահության խնդիր կա, ապա այն հավասարապես վերաբերվում է նաև դատախազներին:

Այլ կերպ ասած, դա մի օրգանիզմ է և այն պետք է բուժել ամբողջապես, այսինքն բուժել նրա բոլոր օրգանները, այլ ոչ թե որոշ տարանջատված օրգաններ միայն, մնացածները թողնելով անգամ առանց ախտորոշման, դրանով համարելով, որ օրգանիզմն ամբողջովին բուժված է: Կամ էլ պետք է որդեգրել մեկ այլ՝ նորարարական երրորդ տարբերակ, որի ներդրման պարագայում դատական գործընթացները կընթանան առանց դատախազության մասնակցության, որը մեկ անգամ ևս կհիմնավորի իշխանության կողմից արված առաջարկությունը, այն է՝ պետք է վեթինգի ենթարկվեն միմիայն դատավորները, իսկ դատախազության և դատախազների մասով ոչ մի խոսք՝ քար լռություն: Համոզված եմ, որ սա կլինի հայերի հերթական նորամուծությունը, որին աշխարհը կարձագանքի ոչ այնքան լրջորեն: Դատավորներին վեթինգի ենթարկելու իշխանության առաջարկությունների մեջ բարձրաձայնվում է շատ զարմանալի և տարօրինակ մի երևույթի մասին ևս. ասվում է, որ դատավորների այն մասը, ովքեր կընդունեն, որ իրենք կոռումպացված են, իրենց գործունեության ընթացքում բազմիցս առաջնորդվել են օրենքների շրջացմամբ, կայացրել են ոչ արդարացի վճիռներ՝ անձնական շահի ակնկալիքով, նրանք կարող են կամովին հրաժարվել դատավորի կարգավիճակից և հեռանալ համակարգից:

Իհարկե, այս վերջինը լիովին աբսուրդի ժանրից է, քանզի եթե մեր պաշտոնյաները, մասնավորապես նաև դատավորներն այնքան պարկեշտ ու խղճով մարդիկ են, որ վարչապետի մի կոչից հետո պատրաստակամ եմ իրենց գործած մեղքերի համար ինքնախոստովանական ցուցմունքներ տալ, այսինքն՝ ինքնախարազանվել և թողնել դատավորի այնքան երազած պաշտոնը, բնականաբար հայտնվելով մեղադրյալի կարգավիճակում, ապա այլ ճանապարհ չի մնում և պետք է հավատանք, որ թավշյա հեղափոխության կախարդական փայտիկն այստեղ էլ է գործում: Իսկ եթե հավատանք այդ ամենին, ապա կարելի է համոզված ընդունել, որ դատավորները բազմաթիվ անգամներ օրենքը խախտելիս, անօրինական վճիռներ կայացնելիս, կաշառք ստանալիս, ուղղակի խորը կերպով ծանր ու թեթև չեն արել իրենց քայլերը, միամտաբար են գնացել նման քայլերի, քանզի այդ ժամանակ նրանց զգոնացման կոչի առաջարկություն չի եղել:

Միթե հնարավոր է, որ որևէ պաշտոնյա, մասնավորապես նաև դատավոր, ով տարիներ շարունակ (բնականաբար՝ ոչ մեկ անգամ) շրջանցել է օրենքը, թաթախված է եղել կոռուպցիայի և կաշառակերության մեջ ու ոչնչի առջև կանգ չի առել, հնարավոր է՝ թեկուզ և ամենահեղինակավոր մարդու կոչից հետո կամովին ետ կանգնի տարիներ շարունակ իրեն սնող չափազանց մեծ անաշխատ եկամուտներից, բարձրաձայն ինքնախոստովանություն անի ողջ ժողովրդի առջև, բարձրաձայնելով, որ այդ կոչից հետո իր միջի դևը վերջապես մեռավ և իր մեջ դարձյալ վերածնվեց պարկեշտ, ազնիվ, սկզբունքային, իրեն հարգող մարդը, որն իր կատարած արարքների համար պատրաստ է հրաժարական տալ: Իհարկե, նշված երազի իրականություն դառնալուց հետո, այդքան չափով կնվազի դատավորների թիվը, իսկ մնացածներին՝ անհավատ ու չխոստովանած դատավորներին վեթինգի ենթարկելու իշխանության առաջարկության համար կմշակվեն անհրաժեշտ գործիքակազմեր, որոնց միջոցով կիրականացվի վեթինգի շարունակական գործընթացը և նրանք, ովքեր հաջողությամբ կհաղթահարեն վեթինգը, փառք ու պատիվ նրանց, կմնան ու կշարունակեն աշխատել, իսկ ովքեր՝ ոչ, կհեռանան համակարգից ու այդ ամենի արդյունքում կձևավորվի արդար՝ անկաշառ ու օրենքի տառին համապատասխան գործունեություն ծավալած դատավորների դաշտ, որը հետագայում կընդլայնվի իշխանության կողմից առաջարկված ու մշակված սխեմայով:

Այստեղ ևս լուրջ հարց է առաջանում. իսկ ինչ պետք է արվի ինքնախոստովանած և վեթինգը չհաղթահարած դատավորների հետ: Գուցե, պետք է շնորհակալություն հայտնել տարիների բազմաչարչար աշխատանքի համար ու որոշներին անգամ պարգևատրել: Անկեղծ ասած, սա այն պարագան է, որտեղ ես ընդհանրապես չեմ կողմնորոշվում և դժվարանում եմ որևէ առաջարկություն անել: Եվ քանի որ խոսք գնաց դատավորների նշանակման սխեմայի մասին, միանգամից առաջարկեմ, որ կա դատավորների ընտրության միայն մեկ արդարամիտ, թափանցիկ սխեմա ու հեծանիվ հնարելու կարիք չկա. դա նույն Ազգային Ժողովի պատգամավորի ընտրության մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունն է, որը կիրականացվի ժողովրդի կողմից ուղղակի ընտրությամբ, որի արդյունքում էլ ընտրված դատավորները ուղղակիորեն հաշվետու կլինեն նույն ժողովրդին: Բա, երբևէ սրանից էլ ավելի ժողովրդավարություն կարելի է պատկերացնել; Այսպիսի ընտրությունից հետո, նրանք կաշխատեն ի շահ պետության, և ի շահ ժողովրդի ու Աստված մի արասցե, եթե ուրանան իրենց խոստումներն ու երդումը, և անձնական շահի մոլուցքը դարձյալ հաղթի իրենց ու իրենք մղվեն անօրինությունների հորձանուտը, ապա այս պարագայում նրանք արդեն կենթարկվեն ժողովրդի վեթինգին՝ դատաստանին, որի որպիսիությունն ու հետևանքները գոնե դատավորները՝ թավշյա հեղափոխության ֆոնի վրա չափազանց լավ են պատկերացնում:

Վերևում խոսք գնաց պետության՝ որպես ամբողջական օրգանիզմի միայն մի օրգանի՝ դատաիրավական համակարգի մասին, որի բուժումը բնականաբար օրգանիզմի ամբողջական բուժում չէ և եթե չի գտնվի այլ՝ ավելի արդյունավետ բուժում, ապա ամբողջ պետական, տեղական ինքնակառավարման և մնացած այլ մարմինները ևս նույն մոդելով աստիճանաբար պետք է ենթարկվեն նույնատիպ վեթինգի, որպեսզի ամբողջապես մաքրվի երկիրը և այն տարվի դեպի զարգացում ու կայունացում…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930