ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին քաղաքացիների հասցեագրած բողոքների թվում հիմա զգալի են դատական իշխանության դեմ ուղղվածները: Այս մասին այսօր պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարվա իրադարձություններով պայմանավորված՝ քիչ չեն նաեւ բերման ենթարկված քաղաքացիների՝ ոստիկանների դեմ բողոքները: «Դատական համակարգի վերաբերյալ բողոքները վերաբերում են նաեւ կալանքներին: Այս հարցում ՄԻՊ իրավասությունը սահմանափակ է, բայց մենք լիազորված ենք Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել դատական պրակտիկայի վերափոխման վերաբերյալ առաջարկներ, ինչն անում ենք: Գնալով շատանում են զինծառայողների բողոքները, նաեւ՝ քաղաքապետարանի դեմ բողոքները, որոնք առնչվում են ապօրինի շինությունները քանդելուն»,-տեղեկացրեց Արման Թաթոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ