Այսօր Ազգային ժողովում ուշագրավ դեպք պատահեց, ողջ ԱԺ-ն հոսանքազրկվեց եւ պատգամավորները մոտ կես ժամ չկարողացան նիստ անել: Աշխատում էին միայն ԱԺ-ի բարձրախոսները, այն էլ, ինչպես հետո պարզեցինք՝ UPS-ի հաշվին:
ԱԺ միջանցքում հետաքրքիր իրավիճակ էր, պատգամավորները, մթի մեջ կանգնած, զանգեր էին անում ու փորձում ամեն մեկն իր աղբյուրներով պարզել՝ ե՞րբ կտան ԱԺ-ի լույսերը: ԱԺ նիստում զեկուցում էր ՄԻՊ Արման Թաթոյանը:
ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սկսեց հումորներ անել, թե՝ այ հիմա էս մթի մեջ ով ում հետ հարց ունի, թող լուծի: Ոմանք 90-ականներն էին հիշել:
Մեր հարցին՝ ինչո՞ւ չեք ուզում մոմեր վառել եւ ռոմանտիկ միջավայրում նիստ անել՝ «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը պատասխանեց, որ համակարգիչները չկան, չեն միանա: Օգտվելով առիթից, որ նիստ չկա, Գեւորգ Պետրոսյանը գնաց սուրճ խմելու:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ զարմանում ենք, ԱԺ-ն ո՞նց կարող է էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր չունենա, «դվիժոկ», մի բան՝ Ալեն Սիմոնյաննն արձագանքեց. «Դուք ուրիշ բանի վրա զարմացեք, զարմացեք, որ ինչքան լավ մթնոլորտ է, ոնց ենք մենք գործընկերներով իրար հետ շփվում, ընդհանուր խնդիրները միասնական լուծում»: Նա ասաց, որ այլընտրանքային գծեր ունի ԱԺ-ն, բայց այդ գծերն էլ են խափանված, հոսանք չկա: Նա ասաց, որ մոմերի լույսի ներքո նիստ անելը տեխնիկապես ճիշտ չի: Ալեն Սիմոնյանը հիշեց, որ ինքը մոմի լույսի տակ դաս է արել, նա հիշեց այն թվականների լամպերը, «Ֆուջիկաները»:
ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Ալեն Սիմոնյանը փորձում էր ճշտել՝ հնարավո՞ր է այլ սենյակում նիստն անել, նա որոշեց, որ մտնի նիստերի դահլիճ եւ ստիպված հայտարարի, որ նիստը կշարունակվի վաղը, բայց ճիշտ այդ պահին «լույսերը տվեցին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ