Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: Այդ հանձնաժողովը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը:
Խոսելով հանձնաժողովի նիստերին հրավիրվելիք պաշտոնակատար անձանց շրջանակի մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Կարեն Կարապետյանն ասաց, որ մեքենաներում բենզին չի եղել, բա Կարեն Կարապետյանին չլսե՞նք, պիտի լսենք, չէ՞: Այս խնդիրները հնչեցվել են ամենաբարձր մակարդակով, նախկին վարչապետն է հնչեցրել: Մենք գիտենք, թե վառելիքի մատակարարը մինչեւ հիմա ով է հանդիսանում, կարծեմ «Ֆլեշ» ընկերությունն է եւ այլ ընկերություններ, մենք գիտենք բոլոր հիմնական մատակարարներին ու պետք է տեսնենք, որ իրենք իրենց վրա դրված պարտականությունները կատարում են բարեխիղճ»:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` եթե սրանով կարող են զբաղվել իրավապահ մարմինները, ինչո՞ւ է ԱԺ հանձնաժողովը զբաղվում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Քաղաքական պահանջը վաղուց կար: Քաղաքական պահանջի սպասարկումը պետք է աներ նախորդ իշխանությունները՝ անմիջապես ապրիլի 2-ից, 4-ից հետո: Բավարարվեցին մի քանի պաշտոնատար անձանց աշխատանքից ազատելով ու այդպես էլ պարզ չդարձավ՝ Միրզաբեկյանին ինչի՞ են հանել, Չիլինգարյանին ինչի՞ տարան բռնեցին, բաց թողեցին, Կարապետյանին ինչի՞ բռնեցին, հետո պարզվեց, որ Կարապետյանի ուղարկած նյութերը ներկայիս վարչապետը կարդում է, ավելի շատ հարցեր են առաջանում, քան պարզաբանումներ: Սերժ Սարգսյանը Մարտի 1-ից հետո էլ ասեց՝ գնացեք եւ բացահայտեք, հետո ասեց՝ լրագրողներ, դուրս եկեք, լուրջ մի վերաբերվեք իմ ամեն մի ասածին: Միայն փաստահավաք խմբի զեկույցից հետո իրենք հասկացան, որ ճշմարտությունը, եթե հենված է փաստերի վրա, դա ունենում է հսկայական ներուժ՝ ինչ-որ բան փոխելու, ինչ-որ բանի հասնելու՝ բացահայտման առումով: Քննչական խումբը ինչո՞վ էր զբաղված՝ Վահագ Հարությունյանի գլխավորությամբ՝ փաստերը կեղծելով, բայց արդյունքում տասը տարի հետո նոր քննչական մարմինն իրականացնում է բացահայտումներ»:
Թե ինչո՞ւ է ԱԺ հանձնաժողովը փորձում ուսումնասիրել ապրիլյան պատերազմի հանգամանքները՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պատասխանատվություն կրող քաղաքական ուժը ուզում է հասկանա՝ իրավապահ մարմինները դեռ իներցիայի մե՞ջ են, հանձնաժողովը կնպաստի, որ իրավապահ մարմինները տեղից շարժվեն:
Կարդացեք նաև
Մենք հարցրեցինք՝ դուք խոստանում եք, որ այս հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զեկույցը, ինչքան էլ ցավոտ լինի հանրության համար, հրապարակվելո՞ւ է ամբողջությամբ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մարտի 1-ի 5 զեկույցներին, որ ծանոթացել եք, կասկածո՞ւմ եք, կարծում եմ, ոչ մեկիդ մոտ այդ խնդիրը պետք է չառաջանա: Թող ոչ մեկը չկասկածի, տվյալ հանձնաժողովը լուծելու է խնդիր»: Նա ասաց, որ չպետք է ի սկզբանե կասկածի տակ դնեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքները. «Այ երբ որ պաշտոն ունեին, էն ժամանակ իրենց վրա դրված խնդիրները լիարժեք լուծեին, այս հանձնաժողովի կարիքը հաստատ չէր լինի: Բայց, քանի որ իրենք զբաղված էին այլ բանով՝ հարստանում էին, տներ էին սարքում, ամեն մի քարի մեջ մի հատ զինվորի ճակատագիր է, այ սրա մասին պետք է մտածեն, որովհետեւ հանձնաժողովը կարող է նաեւ այդպիսի բացահայտումներ անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ