«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Կենտրոնական բանկի նախագահի նախկին խորհրդական Արկադի Խաչատրյանն ԱԺ ամբիոնից այսօր անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ իր աշխատանքային փորձի վերաբերյալ գնահատականներին: Նա ասաց. «Ես շատ ուրախ եւ հպարտ եմ իմ ողջ մասնագիտական գործունեության համար, որովհետեւ իմ անցած ճանապարհն ամբողջությամբ եղել է մասնագիտական: Երբեք քաղաքական պաշտոններ չեմ զբաղեցրել: Իմ քաղաքական գործունեությունը սկսվել է միայն այս ընթացքում՝ պատգամավոր ընտրվելիս»:
Արկադի Խաչատրյանը շարունակեց. «Ես զբաղեցրել եմ քաղաքացիական ծառայության պաշտոններ, իսկ քաղծառայողները շարունակում են պաշտոնավարել՝ անկախ քաղաքական դեմքերի եւ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից: Նրանք աղերս չունեն քաղաքական գործունեության հետ: Իմ պատգամավոր լինելը պատիվ է, եւ եթե ես գեթ մեկ վայրկյան զգամ, որ իմ պատգամավոր լինելն օգտակար չէ, կամ անցածս ճանապարհն օգտակար չէ, չեմ շարունակի աշխատել»:
Բաբկեն Թունյանն արձագանքեց Արկադի Խաչատրյանի ելույթին. «Կամ դուք եք ինձ սխալ հասկացել, կամ ես՝ ձեզ: Ձեր կենսագրությունը ես ներկայացրել եմ ոչ թե որպես թերություն, այլ առավելություն՝ հաշվի առնելով ձեր փորձը: Ներկայացրի, որովհետեւ ձեր թիմակից Կարեն Սիմոնյանը Կենտրոնական բանկի նախագահին ասում էր՝ «դուք եղել եք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերիմը: Հիմա Փաշինյանի՞ մտերիմն եք դարձել, չե՞ք պատրաստվում հրաժարական տալ»: Հիմա ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է հրաժարական տար Ջավադյանը: Նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է աշխատե՞լ: Մի խոսքով, ուզում էի ասել, որ եթե այդ փաստը թերություն է, նույն մոտեցմամբ՝ ձեր հանդեպ էլ պետք է նման վերաբերմունք լիներ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ