Aravot.am-ը բողոք էր ստացել Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի աշխատանքից ազատված, սակայն ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերականգնված ուսմասվար Սիրանուշ Մելիքյանից առ այն, որ տնօրենի ժ/պ նշանակված Մանյա Հովհաննիսյանը խաթարել է դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը, իր հետևից ընկել, անհարկի մեղադրել գումարներ յուրացնելու մեջ, անհիմն ազատել աշխատանքից։ Ըստ Սիրանուշ Մելիքյանի, տնօրենի ժ/պ-ն վախի մթնոլորտ է ստեղծել, կոլեկտիվին ահաբեկել, կրճատումներ արել։
Գյումրու քաղաքապետարանում էլ, ըստ բողոքավորի, այս ամենը տեսնելով, չեն միջամտում, քանի որ Մանյա Հովհաննիսյանը, տարածված խոսակցությունների համաձայն, այդ պաշտոնում հենց այնպես չի նշանակվել։
Aravot.am-ն այցելեց երաժշտական դպրոց՝ լսելով նաև տնօրենի ժ/պ Մանյա Հովհաննիսյանի պարզաբանումները։ Մանյա Հովհաննիսյանը, սակայն փաստեց, որ ինքը երբևէ կոնֆլիկտի մեջ չի գտնվել Սիրանուշ Մելիքյանի հետ․ բնույթով կոնֆլիկտային անձնավորություն չէ․ ուղղակի ուսմասվարի ևս հավակնությունն է ունեցել տնօրեն դառնալու ու անչափ ծանր է տարել իր նշանակվելը։ Ըստ մեր զրուցակցի, ինքը, սակայն, կարևորություն չի տվել դրան, մտածել է ամեն ինչ կհարթվի, ու ամեն մեկը կանցնի իրենց աշխատանքին։ Տնօրենի ժ/պ-ի ասելով, ուսմասվար Սիրանուշ Մելիքյանը չէր էլ կարող հավակնել այդ պաշտոնին, քանի որ բարձրագույն կրթություն չունի, ընդամենը երաժշտական ուսումնարան է ավարտել։
«Ես այդպես էլ իր դիպլոմը չտեսա, պահանջում էի, ասում էի՝ դուք գրում եք, թե բարձրագույն կրթություն ունեք, ներկայացրեք խնդրում եմ, բերեք դիպլոմի պատճենը, իմանամ՝ որտե՞ղ եք ավարտել։ Մինչև այսօր ցույց չտվեց դիպլոմը»,- ասաց Մանյա Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Նա պատմեց, որ դպրոց մտնելուն պես՝ ուսմասվարը փորձել է ձախողել իր աշխատանքը։
«Ես 2018 թվականի մարտի 21-ից նշանակվել եմ տնօրենի ժ/պ, այդ ժամանակ ինքն էր աշխատում ժ/պ, մեկ, թե երկու ամիս պաշտոնավարել էր։ Ըստ երևույթին, ինքն հավակնություն ուներ, որ տնօրենի պաշտոնն ինքը պիտի ստանձնի, բայց պարոն քաղաքապետի որոշմամբ ես նշանակվեցի տնօրենի ժ/պ։ Դրանից հետո մտել եմ դպրոց, ինքը փորձում էր կոնֆլիկտներ ստեղծել, սաբոտաժ անել, բայց ես երբևիցե իր հետ կոնֆլիկտ չեմ ունեցել։ Այստեղ եղել է զուտ աշխատանքային պարտականությունները չկատարելու հարցը, այսինքն` այն ժամանակահատվածում, երբ ես նշանակվել եմ տնօրեն՝ առանց տեղյակ պահելու Սիրանուշ Մելիքյանն օրեր շարունակ չի գալիս աշխատանքի, մայիսի 29-ից աշխատանքի չի գալիս, գալիս է հունիսի 5-ին, երբ արդեն ամեն բան ավարտված է, միայնակ արել եմ ամբողջ աշխատանքը, աշխատել եմ և՛ տնօրեն, և՛ ուսմասվար։ Ու ես կայացրեցի որոշում, ինձ օրենքը թույլ է տալիս, Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 6-րդ, 9-րդ կետերի համաձայն՝ ես իրեն ազատել եմ աշխատանքից։ Անվստահություն 1-ին մասի 6-րդ կետով, և 9-րդ կետով օրեր շարունակ աշխատանքի չներկայանալու համար»,-պարզաբանեց Մանյա Հովհաննիսյանը։
Մեր դիտարկմանը, թե ձեր որոշումը բողոքարկվել է դատական կարգով, ու դատական երկու ատյանները վերականգնել են Սիրանուշ Մելիքյանին իր պաշտոնում, տնօրենի ժ/պ-ն ասաց․ «Առաջին ատյանում ինձ համար անսպասելի ձևով որոշում կայացվեց, որ պիտի վերականգնի իր նախկին աշխատանքում, բայց Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է՝ եթե նույնիսկ մեկ աշխատանքային օր պիտի անհարգելի բացակայի, չկատարի իր աշխատանքային պարտականությունները, գործատուն կարող է ազատել աշխատանքից։ Ես, քանի որ դժգոհ էի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռից և գտնում էի, որ ճիշտ որոշում չի կայացվել, դիմեցի Վերաքննիչ ատյան, այնտեղ ընդհանրապես մեր հարցերին չպատասխանեցին և նույն վճիռը թողեցին։ Հիմա ես բողոքարկել եմ Վճռաբեկ դատարան, դա իմ իրավունքն է ՝ հույս ունենալով, որ գոնե այս ատյանում արդարության կլինի։ Ես եկա աշխատանքի, տեսա ինքն այստեղ է, ես իրեն շատ քաղաքավարի ձևով ասացի, որ դիմել եմ Վճռաբեկ դատարան, ես այդպիսին եմ, ես դպրոցի տնօրեն եմ և իրավունք չունեմ նույնիսկ իմ ձայնը բարձրացնելու, դրանք ուղղակի շանտաժներ են, որ պտտվում են իմ շուրջ, իբրև թե լարված մթնոլորտ է, տնօրենը չգիտեմ․․․ Դուք կարող եք հենց հիմա շրջել դպրոցում, մտնել դասարանները ու տեսնել, թե ինչպիսի համերաշխ մթնոլորտում ենք աշխատում։ Մենք մրցանակներ ենք բերում, եթե մենք անհամերաշխ լինեինք, մենք այդպիսի արդյունք դպրոցում չէինք ցույց տա։ Մենք երգչախմբի փառատոնին առաջին մրցանակ ենք բերել, և տնօրենը աշխատողների հետ միասին տքնաջան աշխատել է։ Ես այդպես եմ աշխատում, բոլորի հետ հավասար աշխատանքի մեջ եմ ու այստեղ տիրում է շատ լավ, առողջ մթնոլորտ»։
Մենք փոխանցեցինք Սիրանուշ Մելիքյանի բողոքն առ այն, որ իրեն անհիմն մեղադրանքներ է հասցեագրել, դպրոցում տիրում է վախի մթնոլորտ, ուսմասվարի հետ խոսել է «այ աղջի» արտահայտությամբ, կոլեկտիվին հանել է իր դեմ, ընդհուպ մինչ աուդիտ է եկել։
Մանյա Հովհաննիսյանը կտրականապես հերքեց ուսմասվարի հետ «այ աղջի» արտահայտությամբ խոսելը։ Նա ասաց․ «Այո, ես աուդիտ եմ պահանջել, դպրոց եմ ընդունում, դա իմ իրավունքն է, ես պահանջել եմ, որպեսզի գան ու ստուգումներ անցկացնեն, այդ բեռը իմ վրա եմ վերցնում։ Ընդունում, հանձնում ենք արել»։
Մեր հարցին՝ աուդիտն ինչ-որ չարաշահումներ բացահայտե՞լ է, տնօրենի ժ/պն ասաց․ «Չեմ կարող ասել, կա որոշակի գումար, որը մինչև հիմա մնացել է, դա ես չգիտեմ, վերադասն ավելի լավ գիտի»։
Մենք խնդրեցինք նաև պարզաբանել Սիրանուշ Մելիքյանի կողմից մեջբերվող խոսակցություններն առ այն, որ Մանյա Հովհաննիսյանին տնօրենի ժ/պ են նշանակել մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանի ու Յուրի Վարդանյանի միջամտությամբ, ավելին՝ քաղաքապետարանում մաղարիչ է արել նշանակվելու համար։
«Արմեն Ամիրյանն է միջնորդե՞լ, ոչ ոք չի միջնորդել․ ես պատահական զանգ եմ ստացել և ինձ հրավիրել են քաղաքապետի մոտ հանդիպման։ Ես մոտենում եմ պարոն Բալասանյանին, ասում է, որ նախկին տնօրենը թոշակի է գնացել և մեզ պետք է լավ, գրագետ երաժիշտ, որը կկարողանա ղեկավարել այս դպրոցը։ Ես առաջարկ եմ ստացել պարոն Բալասանյանից, ես նույնիսկ ասել եմ՝ կմտածեմ, որովհետև շատ պատասխանատու և ծանր աշխատանք է։ Քանի որ ես դպրոցում ունեմ ամենաբարձր կրթական ցենզը, միգուցե դա է եղել պատճառը, որ ինձ են հրավիրել, որովհետև դպրոցում չկա մեկը, որն ունի և՛ երաժշտական ուսումնարանի կրթություն, և՛ կոնսերվատորիայի կրթություն, և՛ ասպիրանտուրայի կրթություն։ Ես մտածել եմ ու ընդունել եմ առաջարկը, որովհետև հասկացել եմ, որ ի վիճակի եմ դպրոցը ղեկավարել և՛ որպես մասնագետ, և՛ որպես մարդ, և՛ որպես վարչական աշխատող։ Պտտվող խոսակցություններին անդրադառնալով՝ ասեմ, այնքան բան կարելի է շրջանառել, ապացույցներ են պետք»։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ առանց նկատողություն տալու միանգամից աշխատանքից ազատել է ուսմասվարին։
«Օրենքը չի պահանջում, որ գործատուն պարտադիր պետք է նկատողություն տա, խիստ նկատողություն տա, կան երեք տույժեր՝ նկատողություն, խիստ նկատողություն և աշխատանքից հեռացում։ Ես աշխատանքից ազատել եմ, որովհետև ձախողվել էր ամբողջ քննաշրջանը, դրանից ծանր բան էլ ի՞նչ կարող էր լինել, երբ նորանշանակ տնօրենը նստած է, ուսմասվարը դիտավորյալ օրերով, ամիսներով աշխատանքի չի գալիս։ Եվ ես միայնակ արել եմ և՛ տնօրենի աշխատանք, և՛ ուսմասվարի աշխատանք, և փառք Աստծո, ես կարողացա պատվով դուրս գալ։ Ես դպրոց մտել եմ շատ լավ նպատակներով, ես դպրոցի մի մասնիկն եմ եղել, ես այստեղ եմ սովորել, իմ լավագույն տարիները՝ որպես աշակերտ, անցել են այս դպրոցում, ես ավարտել եմ, կատարելագործվել եմ որպես երաժիշտ, նախկին տնօրենը ինձ որպես լավ մասնագետի է հրավիրել դպրոցում դասավանդելու։ 4 տարի այս դպրոցում դասավանդել եմ»,-ասաց Մանյա Հովհաննիսյանը։
Նա Սիրանուշ Մելիքյանին պաշտոնում վերականգնելու ՀՀ վերաքննիչ դատարանի բողոքարկել է Վճռաբեկ դատարան։
«Ինքը մտել է իմ կաբինետ բարձր ձայնով, ես իրեն ասել եմ՝ խնդրում եմ ձեր ձայնի տոնը իջեցրեք, դուք հիմա աշխատանքի մեջ չեք, քանի օրինական ուժի մեջ մտած չէ դատական որոշումը, ինքը պետք է աշխատանքի ներկայանար Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած փաստաթղթով, որտեղ դրվում է կնիք, ինքն հենց այնպես եկել է աշխատանքի։Ես իրեն շատ քաղաքավարի ձևով ասել եմ՝ ես բողոքարկելու եմ Վճռաբեկ դատարան, երբ որ դուք Վճռաբեկ դատարանի որոշումն էլ կունենաք ի օգուտ ձեզ և այդ փաստաթղթերով կներկայանք դպրոց, խնդրեմ, անցեք ձեր աշխատանքային պարտականություններին»։
Մենք տնօրենի ժ/պ-ից հետաքրքվեցինք նաև Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող դպրոցի նախկին մեթոդիստ Վարդուհի Լեղլյանի բողոքից։ Նախկին ուսմասվար Սիրանուշ Մելիքյանի ասելով, տնօրենի ժ/պ-ն մեթոդիստին ևս ազատել էր աշխատանքից անհարկի բացակայությունների պատճառով, բայց դրանից հետո հասցրել էր նկատողություն սարքել։ Սիրանուշ Մելիքյանն ասաց, որ 4 տարի աշխատելով այդ դպրոցում՝ չի իմացել, որ մեթոդիստ կա, ավելին, ոչ մեկը չգիտեր։
«Որոշ ժամանակ անց Լեղյլան Վարդուհին եկավ դպրոց, թե գիտես ես մեթոդիստ եմ, մեթոդիստինը շատ ծանր աշխատանք է, ոնց որ դպրոցի ողնաշարը լինի, իր կրթական ցենզով շատ բարձր պետք է լինի, այնքան գիտելիքներ ունենա, որ մտնելով դասարան՝ մեթոդական օգնություն ցույց տա դասատուին։ 2008 թվականից ինքը մեթոդիստ է գրանցած եղել, կարող եք հարցնել դասատուներին, երբևէ որևէ դասատուի մոտ մտե՞լ է, մեթոդական օգնություն ցուցաբերե՞լ է։ Նրան տեսել են ամիսը մեկ անգամ, չգիտեմ ինչ գումար է հավաքել, ես նշանակվեցի, այդ ամենը վերացրեցի։ Ես ուզում էի դպրոցում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ամենքն իր գործառույթով զբաղվեր, մեթոդիստն իր տեղում, ուսմասվարն իր տեղում, տնօրենն իր տեղում։ Այսինքն այդ մեխանիզմը պիտի ճիշտ աշխատի, բայց մեթոդիստը գալիս, ասում է՝ գիտեք ինչ կա, ուսմասվարը տնօրենի հետ թույլ չեն տվել, որ գամ աշխատեմ, ու այդպես տարիներ շարունակ աշխատավարձ է ստացել։ Ընդառաջելով իրեն, ասի կգա, մի բան կանի, չնայած իրավունք էլ չունեի պահելու, եթե մարդը չի կարող աշխատել իր պաշտոնում, պիտի գնա այնտեղ, որտեղ կարող է աշխատել։ Մտածեցի՝ սեպտեմբերից կկարգավորեմ, ժամեր կտամ, կտեսնենք ընթացքը, ես իրեն միանգամից աշխատանքից չեմ հեռացրել, հանձնարարեցի կազմակերպչական հարցերով զբաղվել, մենք ունենք համերգներ, համերգների ցանկ էր գրում», -պատմեց տնօրենի ժ/պ-ն։ Նա ասաց, որ մեթոդիստն այդ ընթացքում էլ չի եկել աշխատանքի, երբ հարցրել է՝ ինչո՞ւ չես եկել, վեճ ու կռվի է վերածվել։ Այդ ընթացքում էլ, ըստ տնօրենի ժ/պ-ի, նկատողություն է տվել մեթոդիստին, բայց քանի որ դիմացինը կոնֆլիկտային անձնավորություն է եղել, գործավարին է խնդրել նկատողությունը նրան փոխանցել, որպեսզի մակագրի, որ ստացել է․ քաղվածքը եղել է երկու օրինակից։ Սակայն մեթոդիստը, տեսնելով, որ նկատողություն է, չի վերցրել, շպրտել է մի կողմ, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել, թե դատի կտամ, կգնամ ոստիկանություն։
Մանյա Հովհաննիսյանի պատմելով, աշխատանքից հեռացված մեթոդիստը դատի է տվել տնօրենին, սակայն դատարանը գտել է, որ տնօրենը ճիշտ է վարվել։
Նախկին ուսմասվարի ասելով, Մանյա Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ 10 հոգի արդեն իսկ աշխատանքից դուրս են եկել իրենց դիմում համաձայն։ Անդրադառնալով այս թեմային՝ տնօրենի ժ/պ-ն ասաց․ « Ես եմ մեղավո՞ր, նախ 10 հոգի չեն, մեկը գնացել է ԱՄՆ աղջկա մոտ, մյուսը համատեղությամբ էր աշխատում, ժամերի քանակն ավել էր սահմանված քանակից, ես անօրեն ոչ մի բան դպրոցում չեմ անում, թույլ չեմ տալիս, որ սխալ բան լինի։ Էդ մարդն ասենք առաջարկ է ստացել մյուս դպրոցում ուսմասվար աշխատելու, այդպես է դուրս եկել։ Ովքե՞ր են 10 հոգին»։
Մենք նաև հարցրեցինք, թե ինչո՞ւ դպրոցում չկա ուսմասվար ու մեթոդիստ, թեև հաստիքներն առկա են, տնօրենի ժ/պ-ն ասաց, որ դատական պրոցեսների մեջ է, պատճառը դա է, որ ինքն է այդ աշխատանքներն անում։
Իսկ առանց ծրագիր, տեսլական ներկայացնելու տնօրենի ժ/պ նշանակվելու հետ կապված Մանյա Հովհաննիսյանն ասաց, որ իր ծրագիրը իր աշխատանքն է , մեկ տարվա ընթացքում արդեն իսկ ցույց է տվել, թե ինչի կարող է հասնել, փառատոն է տարել Երևան․ առաջին, երկրորդ մրցանակներով հետ են եկել, երգչախումբը վերջերս է մրցանակ ստացել, իր աշակերտին պատրաստվում է տանել Առնո Բաբաջյանյանի անվան դաշնակահարների հեղինակավոր մրցույթ-փառատոնի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ