Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ուսումնասիրություններն արվել են՝ գաղտնի գրիֆի տակ պահելու համար, շահառուն ո՞վ է». Անդրանիկ Քոչարյանը՝ Սեյրան Օհանյանին

Հունիս 04,2019 18:30

«Կասկածը մեզ բոլորիս թուլացնում է, այդ կասկածամտությունը պետք է հանել»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: Այդ հանձնաժողովը նույնպես գլխավորում է պարոն Քոչարյանը: Նիստի ավարտից հետո նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով:

Հարցին՝ կա՞ պատկերացում, թե ովքե՞ր են լինելու հանձնաժողով հրավիրվող պաշտոնյաները՝ Սեյրան Օհանյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը՝ նա պատասխանեց, որ նախնական պատկերացում կա. «Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Գուցե շատերը օգտվեն իրենց իրավունքից, ասեն՝ կանչում եք՝ չենք գալիս: Բայց բարոյական տեսանկյունից որեւէ մեկը իրավունք չունի, եթե կա հարց, շրջանցի այդ հարցի՝ իր տեղեկատվությունը փոխանցել հանձնաժողովին»:

Նա ասաց, որ այս պահին դեռ չեն որոշել, թե հաջորդ նիստին ում են հրավիրելու: Հարցին՝ Արցախից լինելո՞ւ են՝ նա պատասխանեց. «Բոլոր այն օղակներից, որտեղ պաշտոնատար անձը ասելիք կունենա հանձնաժողովին»:

Aravot.am-ը հարցրեց՝ հանձնաժողովն ունի՞ որեւէ լծակ՝ նախկին պաշտոնյաներին կանչելու նիստի, բացի ձեր ասած բարոյական կողմից, բացի նրանից, որ իրենք բարի կամք կդրսեւորեն ու կգան՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մեր հանձնաժողովի լծակը նաեւ դուք եք: Կարող է հրաժարվեն, դա իրենց իրավունքն է, հանձնաժողովն էլ այդ ժամանակ կգնահատի հրաժարվելու պատճառները: Հրաժարվել կարող են, այսինքն, իրենք չեն ուզում, որ մոտենանք, ինչ-որ բացահայտումներ անենք, թե՞ ի սկզբանե մերժում են, որ ինչ-որ բան այն չի: 100-ից ավելի մենք զոհ ենք ունեցել, մեղավորներ չկա՞ն այդտեղ»:

Քոչարյանն ասաց, որ հանդիպելու եւ խոսելու են նաեւ զոհերի հարազատների հետ. «Բաներ կան, որ իրենց միջոցով էլ պետք է հասկանանք, զոհերի հարազատները, նրանց ծառայակցի ընկերները լինելու են մեր շրջանակի մեջ»:

Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում լինելու են զեկույցներ, նույնիսկ, եթե բացասական լինի. «Փաստերը պետք է լինեն անառարկելի»:

Մեր հարցին՝ Սեյրան Օհանյանն ասել էր, որ ՊՆ-ում ինքն արդեն ուսումնասիրել է այդ հարցերը, հիմա ձեր հանձնաժողովի աշխատանքները չե՞ն հակասելու, ըստ ձեզ, այդ ուսումնասիրությանը՝ Քոչարյանը պատասխանեց. «Իրենք ուսումնասիրություններ են արել, մենք կփորձենք հասկանալ՝ ինչ խորությամբ: Եթե ուսումնասիրությունների արդյունքը նա է, որ մենք ԶՈՒ-ում ունենք ոչ մի պատասխանատվության, ըստ էության, չենթարկված մարդ, ուրեմն այդ ուսումնասիրություններն արվել են՝ գաղտնի գրիֆի տակ պահելու համար: Շահառուն ո՞վ է: Ես անձամբ ուզում եմ պարոն Օհանյանի կատարած աշխատանքին ծանոթանալ, մենք կծանոթանանք մեր հանձնաժողովով»:

Հարցին՝ տարածքային կորուստ եղավ նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ, ձեր օրակարգում այդ հարցը ներառելո՞ւ եք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Չկասկածեք, որ մենք ուսումնասիրելու ենք նաեւ տարածքային կորուստները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930