Ազգային ժողովն այսօր քննարկում է ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած օրինագիծը, որը սահմանում է՝ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի դրամական միջոցներից հարկադիր կատարման բռնագանձում կարող է տեղի ունենալ միայն 30%-ի չափով. դրամական միջոցների մնացած հատվածի վրա արգելանք չի կարող դրվել: Սերգեյ Բագրատյանը որպես օրինակ մատնանշեց. «Եթե զինծառայողի քարտային հաշվին կա 200 հազար դրամ, արգելանք կարող է դրվել 60 հազար դրամի վրա միայն:
Այս օրինագիծը ծնվել է այն դեպքից, երբ գյուղերից մեկի զինծառայողի ընտանիքում երեք անչափահաս կար, սակայն զինծառայողի աշխատավարձի վրա արգելանք էր դրված: Ընտանիքն ամիսներ շարունակ «նիսյայով» էր խանութից մթերք գնում»:
Օրինագծի վերաբերյալ կառավարության տեսակետը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ ողջունելով այն:
Պատգամավորները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ բոլոր զինծառայողների վրա չի տարածվում օրինագիծը: Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Պետության հնարավորություններն էլ հաշվի պետք է առնել: Սա առաջին քայլն է: Հետո կաշխատենք այն ուղղությամբ, որ օրենքը բոլոր զինծառայողների համար լինի»: Հավելենք, որ խորհրդարանը դեռ պետք է քվեարկի օրինագիծը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ